2018-ին բազմաթիվ ֆիլմեր հայտնվեցին հայկական կինոէկրաններին։ Հիմնականում դրանք զուտ ժամանցային բնույթ էին կրում, բայց հնարավոր է առանձնացնել նաև մի շարք հեղինակային ֆիլմեր։ Ահա հայկական կինովարձույթում ցուցադրված ֆիլմերի մեր թոփ տասնյակը։

Ստալինի մահը
The Death of Stalin

Ռեժիսոր՝ Արմանդո Իանուչի

Մոսկվա, 1953: Համարյա 30 տարի ղեկավարելուց հետո հիվանդության պատճառով մահանում է սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինը։ Այժմ գնդակահարությունից խուսափած քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար։

Հայաստանաբնակ հանդիսատեսին բախտ վիճակվեց կինոթատրոնում դիտելու Ռուստաստանում արգելված այս սատիրիկ ֆիլմը, որն անդրադառնում է խորհրդային ծանրագույն ժամանակաշրջաններից մեկին: Ֆիլմում ժամանակի բոլոր քաղաքական գործիչները ներկայացված են գռոտեսկային ձևով՝ կարծես խոշորացույցի տակ դիտարկվելով, ինչը զարմանալի չէ, քանի որ ֆիլմը հիմնվում է նույնանուն կոմիքսի վրա, իսկ ռեժիսորը նախկինում արդեն ունեցել է քաղաքական սատիրա նկարելու փորձ («Օղակի մեջ», 2009)։

Ամառ
Leto

Ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով

Այս ֆիլմը միանշանակ արձագանք չստացավ հանրահայտ «Կինո» խմբի և Վիկտոր Ցոյի երկրպագուների կողմից: Գլխավոր դժգոհությունը վերաբերում էր այն փաստին, որ Ցոյի կերպարը ամբողջովին չէր արտացոլում իրական երաժշտի բնավորությունը և հատկանիշները: Սակայն այս ֆիլմը չարժի ընկալել որպես մի անձի կենսագրական պատմություն, սա ավելի շուտ յուրօրինակ փորձ է պատկերելու սովետական անդերգրաունդի ձևավորման ժամանակաշրջանը:

Կլանի սև անդամ
BlacKkKlansman

Ռեժիսոր՝ Սփայք Լի

Կու-կլուքս-կլան ներթափանցելը հեշտ բան չէ, նամանավանդ երբ դու սևամորթ ես։ Բայց նպատակասլաց ոստիկանին նման մանրունքները չեն հուզում։ Հրեա գործընկերոջ հետ միասին նա մտնում է անահավասար պայքարի մեջ ամենավտանգավոր հակառակորդի դեմ։

Չնայած նրան, որ գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 70-ականներին, ֆիլմն ակնհայտորեն հղում է կատարում մերօրյա թրամփյան Ամերիկայի քաղաքական գործընթացներին, ինչն առավել ակնհայտ է դառնում ֆիլմի էպիլոգում:

Ռասիզմի թեման առհասարակ գլխավոր տեղ է զբաղեցնում ռեժիսոր Սփաքյ Լիի ֆիլմոգրաֆիայում: Դեռևս 1989-ին նա նկարահանել է այս թեմայով կարևորագույն ֆիլմերից մեկը՝ «Ճիշտ վարվիր» կինոնկարը։

Էքստազ
Climax

Ռեժիսոր՝ Գասպար Նոե

Ժամանակակից պարարվեստի ակադեմիայի շրջանավարտները որոշում են հրաժեշտի երեկո կազմակերպել։ Տարօրինակ կերպով երաժշտության արագացող ռիթմի տակ նրանք ընկնում են էյֆորիայի մեջ, որին անհնար է դիմադրել։

Այս ֆիլմի հայկական վարձույթում հայտնվելու փաստն արդեն իսկ զարմանք է առաջացնում, քանի որ «Էքստազը» լի է հակասական թեմաներ շոշափող էպիզոդներով, ինչն ընդհանուր առմամբ բնորոշ է Գասպար Նոեի ֆիլմերին: Հատուկ հիշատկման է արժանի ֆիլմի խորեոգրաֆիան, որը երևի թե լավագույններից է վերջին տարիներում նկարահանված կինոնկարներից, չնայած նրան, որ սա դասական պարային ֆիլմ չէ։

Շների կղզին
Isle of Dogs

Ռեժիսոր՝ Ուես Անդերսոն

Ֆիլմը պատմում է ճապոնացի տղայի մասին, որը փնտրում է իր կորած շանը։

«Շների կղզին» Ուես Անդերսոնի երկրորդ անիմացիոն ֆիլմն է: Կարծիք կա, որ մուլտիպլիկացիան նույնիսկ ավելի հաջող է ստացվում ռեժիսորի մոտ, քան խաղարկային ֆիլմերը: «Շների կղզու» թիրախային լսարանը թե երեխաներն են և թե մեծահասակները: Հավատարիմ ընկերության գաղափարին նվիրված այս ֆիլմն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Այն շոշափում է լուրջ բնապահպանական խնդիրներ և կարևորում է քաղաքացիական դիմադրությունը:

Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի
Three Billboards Outside Ebbing, Missouri

 Ռեժիսոր՝ Մարտին ՄաքԴոնահ 

Մի կին պայքարում է տեղի իշխանությունների հետ՝ իր դստեր սպանության հանգամաքները պարզելու նպատակով։

Ռեժիսորի՝ նախկինում նկարահանած «Բրյուգեում» և «Յոթ պսիխոփաթները» ֆիլմերում կոմեդիան շատ ավելի մեծ տեղ էր գրավում, մինչդեռ այստեղ նա փորձել է դուրս գալ ժանրային սահմաններից և նկարահանել դրամա՝ ակտուալ թեմաները շոշափող, ինչն էլ երևի թե գրավեց Կինոակադեմիայի ուշադրությունը և հանգեցրեց Օսկարի յոթ նոմինացիայի։ Ֆիլմը յուրօրինակ ազդեցություն ունեցավ նաև հասարական կյանքի վրա: Պրեմիերայից հետո աշխարհի տարբեր կետերում երեք իրար հաջորդող կարմիր բիլբորդները սկսեցին օգտագործվել թե գովազդային և թե պրոտեստային նպատակներով:

Սիստերզ եղբայրներ
The Sisters Brothers

Ռեժիսոր՝ Ժակ Օդիար 

1850-ականների Օրեգոնում վարձու մարդասպանների տխրահռչակ դուետը՝ Էլի և Չարլի Սիսթերզները, հետապնդում են ոսկու հայթայթման նոր մեթոդի հեղինակին։

Այս Ֆիլմի հեղինակ Ժակ Օդիարին կարելի է համարել ժամանակակից կինոյի նշանավոր ներկայացուցիչներց մեկը, ով արդեն հասցրել է արժանանալ Կաննի փառատոնի Ոսկե արմավենուն իր նախորդ ֆիլմի համար: «Սիստերզները» նրա առաջին անգլալեզու ֆիլմն է, որը, խախտելով ստանդարտ վեսթերնի կանոնները, փորձ է անում կոտրել ժանրի շուրջ ձևավորված կարծրատիպերը։

Որոնում
The Searching

Ռեժիսոր՝ Անիշ Չագանտի 
Հայկական կինովարձույթում ՝ «Փնտրվում է» 

Հուսահատ հայրը որոնում է անհայտ կորած տասնվեցամյա դստերը։

Վերջին տարիներին ձևավորվել է կինոյի նոր ուղղություն՝ այսպես կոչված դեսքթոփ ֆիլմերը, որոնց վառ օրինակ է «Որոնում» ֆիլմը: Այստեղ բոլոր գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոսի համակարգչի էկրանին: Նմանատիպ սահմանափակումը սակայն չի խանգարում ռեժիսորին ստեղծել իրական լարվածություն, սասպենս և նկարահանել 2018-ի երևի թե լավագույն թրիլլերը:

Առաջին մարդը
First Man

Ռեժիսոր՝ Դեմիեն Շազել
Հայկական կինովարձույթում՝ «Մարդը լուսնի վրա»

Հակառակ բազմաթիվ հանդիսատեսների ակնկալիքներին՝ ֆիլմը չի կենտրոնանում ամերիկացի տիեզերագնացների հերոսության գովաբանման վրա, այլ խոշոր պլանով դիտարկում է Նիլ Արմսթրոնգի անձնական դրաման․ լուսնի վրա վայրէջքն այստեղ պատկերվում է բացառապես Նիլի տեսանկյունից։ Հենց այդ էր երևի թե պատճառը, որ ամերիկյան հանդիսատեսը, ինչպես նաև Ակադեմիան պատշաճ ուշադրություն չտրամադրեցին այս ֆիլմին, մինչ թվում էր, թե մեծ թվով նոմինացիաներն ապահովված են արդեն իսկ ռեժիսորի ստատուսի (Շազելը մեծ հաջողության հասած “Լա-լա Լենդի” հեղինակն է), ֆիլմի թեմատիկայի և տեխնիկական անթերիության շնորհիվ։

Սառը պատերազմ
Zimna wojna

Ռեժիսոր՝ Պավել Պավլիկոսկի

1950-ականներին երաժշտական բեմադրողը սիրահարվում է խմբի երգչուհիներից մեկին և փորձում է նրան համոզել սոցիալիստական Լեհաստանից փախչել Ֆրանսիա:

Լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին երկար փնտրտուքներից հետո կարծես թե գտավ  իրեն առավել հարազատ ոճը։ Արդեն երկրորդ անգամ անընդմեջ նա հղում է կատարում 50-60ականների եվրոպական կինոյին՝ վերարտադրելով այդ ժամանակաշրջանի կինեմատոգրաֆի բոլոր տարրերը՝ սկսած օպերատորական ռակուրսներից, վերջացրած մոնտաժային որոշումներով։


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started