Հուլիսի յոթին մեկնարկում է «Ոսկե ծիրան» 16-րդ Երևանի միջազգային կինոփառատոնը: Փառատոնին ընդառաջ կփորձենք հնարավորինս շատ անդրադառնալ մասնակից ֆիլմերին ու հեղինակներին:
Բայց սկզբի համար հիշենք վերջին հինգ տարիներին գլխավոր մրցանակը ստացած կինոնկարները:
Հրաբուխ
Vօlkanօ

Ռեժիսոր՝ Ռոման Բանդարչուկ , Ուկրաինա «Ոսկե ծիրան» 2018
Թարգմանիչ Լուկասը ԵԱՀԿ առաքելության հետ մեկնում է օկուպացված Ղրիմի սահման և հայտնվում է տեղի բնակիչներից մեկի տանը։ Այս տարօրինակ վայրերում, որտեղ ամեն օրը կարող է դառնալ վերջինը, Լուկասը կյանքի նկատմամբ իր վերաբերմունքը փոխելու հնարավորություն է ստանում։
Սա ռեժիսորի առաջին խաղարկային կինոնկարն է։ Նախկինում նա նկարահանել է վավերագրական ֆիլմ երկու ուկրաինացի տղամարդկանց մասին, որոնք իրենց վրա են վերցնում ոստիկանների լիազորությունները օրենքից դուրս գտնվող մի տարածքում։ Որոշ առումով «Հրաբուխը» շարունակում է լքված վայրերի թեման, բայց այս անգամ մետաֆիզիկական կողմից է մոտենում հարցին։ Սյուժեի զարգացմանը զուգահեռ տեղանքը անիրական, սյուռեալիստական հատկանիշներ է ձեռք բերում։ Գլխավոր հերոսը չի կարողանում հեռանալ այդ գավառական քաղաքից, ինչպես մարդիկ երբեմն չեն կարողանում երազից արթնանալ։ Եվ մինչև վերջ էլ պարզ չէ՝ արդյո՞ք սա քաղցր անուրջ է, թե՞ սարսափելի մղձավանջ։
Սեքսուալ Դուրգա
Sexy Durga

Ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան, Հնդկաստան «Ոսկե ծիրան» 2017
Հնդկաստանի հյուսիսից գաղթած Դուրգան և կերալացի Քաբիրը կեսգիշերին փախուստի են դիմում: Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք փորձում են հասնել կայարան, որպեսզի հեռու տանող գնացք նստեն: Զենք տեղափոխող երկու մանր գանգստեր իրենց օգնությունն են առաջարկում զույգին: Դուրգայի ուղևորությանը զուգահեռ մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում: Կերալայի մի գյուղում հավատացլալները զբաղված են Դուրգա աստվածուհուն նվիրված ծիսական արարողությամբ։
«Հնդկական կինո» արտահայտությունը երկու տարբեր ասոցիացիա կարող է առաջացնել։ Առաջինն իհարկե բոլիվուդյան երաժշտական ժանրային ֆիլմերն են, իսկ երկրորդն ավելի փորձառու հանդիսատեսին ծանոթ հեղինակային կինոն է (Սաթյաջիտ Ռայ, Դիպա Մեհթա, Միրա Նաիր)։ Մինչդեռ Դուրգան ամբողջովին նոր փորձառություն է երկու կատեգորիայի հանդիսատեսների համար էլ։ Այս կլանող «հակասարսափ» ֆիլմը շատ հասարակ և օրիգինալ ձևով պատկերում է մի փակ ցիկլ, որտեղ հերոսները ամեն անգամ կարծես թե վերադառնում են նույն տեղը։ Դաժան ծիսակատարության դոկումենտալ կադրերն էլ շատ համահունչ են սյուժեի հետ։ Ինչպես հենց ռեժիսորն է նշում, սեփական մարմինը երկաթյա ձողերով ծակելով, բռնության ես ենթարկում ինքդ քեզ, հետևաբար ուրիշին ցավ պատճառելն էլ ավելի հեշտ է դառնում։
Բալերի անունները
Ungiven

Ռեժիսոր՝ Բրանկո Շմիդտ, Խորվաթիա «Ոսկե ծիրան» 2016
Մենք հետևում ենք տարեց զույգի առօրյային տարվա չորս եղանակների ընթացքում: Կինն օրեցօր դառնում է ֆիզիկապես ավելի ու ավելի թույլ և իրեն կորցրած: Օգնելու փոխարեն ամուսինը նրա հետ կոպիտ և երբեմն էլ դաժան է վարվում: Սակայն այն գիտակցումը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները:
Վերջին տարիների հաղթողներից «Բալերի անունները» ֆիլմը երևի թե ամեաանսպասելի ընտրությունն է, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 2016-ին մրցութային ծրագրում ընգրկված էր Մարեն Ադեի՝ համաշխարհային կինոքննադատների կողմից շատ բարձ գնահատված «Թոնի Էրդմանը»։ «Բալերի անունները» առաջին հայացքից ոչնչով չառանձնացող լուռ դրամա է տարեց ամուսինների հետպատերազմյան կյանքի մասին։ Ֆիլմը ռիթմով և թեմատիկայով ինչ-որ տեղ հիշեցնում է Լեո Մակքերիի և Յասուձիրո Օձուի գործերը, սակայն որակական առումով դրանց իհարկե շատ է զիջում։
Օձի գրկում
Embrace Of The Serpent

Ռեժիսոր՝ Սիռո Գեռա, Կոլումբիա «Ոսկե ծիրան» 2015
Ֆիլմը ներկայացնում է ամազոնյան շաման Կարամակատեի և նախնիների գիտելիքները գտնելու համար հյուսիս-արևելյան Ամազոնիա մեկնած երկու գիտնականների առաջին շփման, հանդիպման, մերձեցման, դավաճանության և մինչև մահ ձգված ընկերության պատմությունը:
Սիռո Գեռայի այս գործը զուտ գեղարվեստական ֆիլմ չէ, այլ ամազոնյան ապրելակերպի ուսումնասիրմանը նվիրված մի ամբողջ հետազոտություն։ Անխուսափելի կլինեն համեմատությունները Վեռներ Հերցոգի «Ագիրեի» հետ։ Գեռայի ֆիլմն էլ երկու մշակույթների բախման և որոնումների մասին է։
Ցեղը
The Tribe

Ռեժիսոր՝ Միրոսլավ Սլաբոշպիցկի , Ուկրաինա «Ոսկե ծիրան» 2014
Խուլ ու համր Սերգեյն ընդունվում է մասնագիտացված գիշերօթիկ դպրոց, որտեղ գործում է հանցագործների ցանց՝ այսպես կոչված «Ցեղը»։ Նա փորձում է իր տեղը գտնել կրիմինալ հիերարխիայում և մասնակցում է մի քանի գողության: Բայց երբ հանդիպում է շեֆին պատկանող աղջիկներից մեկին, ստիպված է լինում խախտել «Ցեղի» չգրված կանոնները:
Հատկանշական է, որ ֆիլմում նկարահանվել են լսողական խնդիրներ ունեցող շուրջ քսան ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ «Ցեղը» ֆորմալիստական առումով ունիկալ է, քանի որ ամբողջությամբ ժեստերի լեզվով է նկարահանված և նույնիսկ ենթագրեր չի պարունակում։ Չկա նաև սաունդթրեք․ ֆիլմի հեղինակները կարծում են, որ մարդկային փոխհարաբերությունները և զգացմունքները փոխանցելու համար երաժշտությունն ու խոսքը պարտադիր չեն։
