Կանն 2019-ում «Մակաբույծը» (Parasite) ֆիլմի համար «Ոսկե արմավենու» արժանացած Ջուն-հո Բոնը* հարավկորեական նոր ալիքի կամ, ինչպես այն այլ կերպ անվանում են, կորեական հրաշքի գլխավոր ներկայացուցիչներից է: Ինչպես իր այլ հայտնի հայրենակիցները, նա նույնպես սկսել է իր ռեժիսորական գործունեությունը դեռևս 90-ականներին:
Բոնի առաջին՝ «Հաչող շները երբեք չեն կծում» (Barking Dogs Never Bite) ֆիլմը նրան մեծ հռչակ չբերեց: Այդ ֆիլմը պատմում էր երիտասարդ մի դասախոսի մասին, որն առևանգում է հարևանի շանը, քանի որ այլևս չի դիմանում դրա մշտական հաչոցին: Բավականին օրիգինալ սև հումորով լի այս կատակերգությունը դեռևս շատ բան չէր կարող ասել իր հեղինակի տաղանդի մասին: Սակայն արդեն այստեղ Բոնը փորձեց անել իր սիրելի հնարքը՝ միաձուլել մի ֆիլմում մի քանի տարբեր ժանրեր:

2003-ին Սան Սեբաստիանի կինոփառատոնում տեղի ունեցավ «Սպանության մասին հիշողություններ» (Memories of Murder) ֆիլմի պրեմիերան, որի համար Բոնն արժանացավ լավագույն նոր ռեժիսոր մրցանակին: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և պատկերում է կորեական մարզերից մեկում տարիներ շարունակ կատարվող սարսափելի սպանություններ: Բոնն այստեղ oգտագործում է ամերիկյան կինոյի էլեմենտներ: Հղում է անում ինչպես սերիական մարդասպանի մասին պատմող կինոյին (օր.՝ «Գառների լռությանը»), այնպես էլ 80-ականների հոլիվուդյան բադդի-մուվիներին՝ երկու իրարից շատ հեռու կենսակերպ վարող ու տարբեր մտածելակերպ ունեցող ոստիկանների մրցակցության ու համագործակցության մասին ֆիլմերին՝ «Մահացու զենք», «48 ժամ»: Այդ ամենը Բոնը համադրում է Անտոնիոնիի «հակադետեկտիվի» հետ և համեմում է կորեական կոլորիտով: Արդյունքում ստացվում է անալոգներ չունեցող լրիվ նոր կինո:
Երեք տարի անց էկրաններ բարձրացավ «Տիրակալը» (The Host): Ֆիլմում մի թեթևամիտ ընտանիք է պատկերվում, որը պայքարի մեջ է մտնում ծովային հսկա հրեշի դեմ: Եթե «Հիշողություններ սպանության մասին» ֆիլմը ոստիկանական դետեկտիվն է վերաիմաստավորում, ապա «Տիրակալը»՝ «Գոձիլայի» և «Քինգ Քոնգի» նման մեծամասշտաբ ֆանտաստիկ մարտաֆիլմերը: Սենտիմենտալիզմն, ընտանեկան արժեքների կարևումը, սև հումորը, երբեմն առանձնակի դաժանությունն այստեղ կողք կողքի են: Իմիջայլոց այս ֆիլմը կորեական բոքս-օֆիսի ռեկորդ սահմանեց, որը շուրջ վեց տարի անգերազանցելի մնաց:

Ընտանեկան արժեքների թեման այնքան էր հետաքրքրել ռեժիսորին, որ նա որոշեց մի ամբողջ ֆիլմ նվիրել դրան: 2009-ին դուրս եկած «Մայրը» (Mother) երևի թե Բոնի ամենից լուրջ, սակավահումոր գործն է: Սա պատմություն է տարեց մի կնոջ մասին, որն ապրում է իր 28-ամյա որդու հետ միասին: Երբ որդուն մեղադրում են սպանության մեջ, մայրը ստիպված է լինում դիմել ծայրահեղ միջոցների, որպեսզի ապացուցի նրա անմեղությունը: Կարելի է համեմատականներ տանել այս ֆիլմի և այն կինոնկարների միջև, որտեղ տարեց մարդիկ արդարություն կամ վրեժ փնտրելիս կանգնում են պատերազմի ուղու վրա, ինչպես օրինակ ռուսական «Վորոշիլովյան հրաձիգում», բրիտանական «Հարի Բրաունում» կամ ամերիկյան «Գրան Տորինոյում»: Սակայն եթե արևմտյան կինոյում դա միշտ լինում է զինվորական անցյալ ունեցող մի տղամարդ, ապա այստեղ պատկերվում է սովորական մի կին, որն ուղղակի պատրաստ է ամեն ինչի գնալ իր նպատակին հասնելու համար:
Այս ֆիլմերի հաջողությունը թույլ տվեց Բոնին ուժերը փործել իր համար լրիվ նոր պայմաններում: Նրա հաջորդ ֆիլմը՝ «Ձյան միջով սլացողը» (Snowpiercer) միջազգային մեծ պրոյեկտ էր հիմնված ֆրանսիական կոմիքսի վրա: Կլիմայական փոփոխությունների պատճառով ամբողջ երկրագունդը սառցե հաստ շերտով է պատված: Մարդկային կյանք պահպանվել է միայն հսկա մի գնացքում, որն անդադար ընթանում է պտույտներ կատարելով երկրագնդի շուրջը: Պոստապոկալիպսիսը ռեժիսորը որպես անտուրաժ է օգտագործում, գնացքն այստեղ կարելի է ընկալել որպես կապիտալիստական աշխարհի մոդել. ամեն վագոն հասարակության մի շերտ է ներկայացնում. առաջնամասում ապրում են հարուստները, վերջին վագոններում՝ աղքատները: Եվ գալիս է մի պահ, երբ աղքատների զայրույթը հանգեցնում է հեղափոխության: Երկու տարի անց շատ նման կոնցեպտ առաջարկեց բրիտանացի ռեժիսոր Բեն Ուիթլին իր «Երկնաքերը» ֆիլմում, որն իհարկե բոլոր առումներով զիջեց Բոնի ֆիլմին:

Ջուն-հո Բոնի հաջորդ ֆիլմը՝ «Օկչան» (Okja), Նեթֆլիքսի դեռևս կարճ պատմության մեջ ամենախոշոր բյուջե ունեցող ֆիլմերից մեկն է, որտեղ երիտասարդ աղջիկն ամեն կերպ փորձում է թուլյ չտալ մի մեծ կորպարացիայի առևանգել իր ամենալավ ընկերոջը՝ Օկչա անունով խոզին: Այս անգամ Բոնը դիմում է հեքիաթի ֆորմատին, որպես ֆոն էլ օգտագործում է գրոտեսկային կորպորատիվ աշխարհը՝ մեծ կորպորացիաները դարձնելով իր հեքիաթի բացարձակ չարիքը: Իմիջիայլոց Կաննում Ֆիլմի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացավ. ցուցադրություններից մեկն ընդհատվեց, երբ հայտնի դարձավ, որ Նեթֆլիքսը հրաժարվել է թույլատրել ֆիլմի կինովարձույթը Ֆրանսիայում և ցանկանում է այն տարածել միայն իր առցանց հարթակի միջոցով: Մինչդեռ ըստ փառատոնի կանոնակարգի՝ մրցութային ծրագրում տեղ գտած բոլոր ֆիլմերը տարվա ընթացքում պետք է մտնեն ֆրանսիական կինովարձույթ:

Հատկանշական է, որ Բոնի ֆիլմերը թեմատիկայի և սյուժեի առումով շատ բազմազան են․ ամեն անգամ ռեժիսորը տարբեր ժանրերի է հղում կատարում, լինի դա ոստիկանական դետեկտիվ, պոստապոկալիպտիկ կոմիքսի էկրանավորում, թե ֆանտաստիկ ֆիլմ-աղետ: Չնայած դրան՝ բոլոր ֆիլմերում էլ կարելի է հեշտությամբ նկատել Բոնին հատուկ ոճն ու ձեռագիրը։
*Ընդհանրապես կորեերենում սկզբում նշվում է անձի ազգանունը (Բոն), հետո՝ անունը (Ջուն-հո): Բայց քանի որ հայերենում հոլովման խնդիր է առաջանում, շփոթությունից խուսափելու համար երբեմն ազգանունը անվանից հետո ենք օգտագործել:
