2019թ․-ին Բեռլինի կինոփառատոնին ժյուրիի Գրան-պրիին արժանացավ վերջին տասնամյակների ֆրանսիացի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Ֆրանսուա Օզոնը, իր «Աստծու ողորմությամբ» (Grâce à Dieu) ֆիլմի համար։ Հանդիսատեսներից շատերի մոտ զարմանք առաջացրեց այն փաստը, որ ֆիլմը հնարավորինս դասական ոճով է նկարված և համարյա չի ներառում Օզոնին հատուկ պրովոկատիվ և էպոտաժային ինտոնացիան։

«Աստծու ողորմությամբ» ֆիլմը թեմատիկորեն կարելի է համեմատել Թոմ ՄաքՔարտնիի «Ուշադրության կենտրոնում» օսկարակիր ֆիլմի հետ։ Երկուսն էլ եկեղեցականների կողմից մանկապղծության իրականացման խնդիրն են բարձրաձայնում։ Սակայն, եթե ամերիկյան ֆիլմը լրագրողական հետաքննության ֆորմատով է նկարահանված, և հանդիսատեսը դիտելիս իրեն ասոցացնում է ճշմարտությունը բացահայտել փորձող լրագրողի հետ, ապա Օզոնի մոտ գլխավոր գործող անձինք հենց տուժողներն են՝ տղամարդիկ, որոնք մանուկ հասակում նույն քահանայի կողմից ոտնձգությունների են ենթարկվել։ Այդ պատճառով ֆիլմն ավելի անձնավորված է, և հանդիսատեսի մոտ չի առաջացնում իրադարձություններին կողքից հետևելու զգացողություն։

Ֆիլմը պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել։ Խոսքը գնում է ոչ թե թեմայի կամ սյուժեի զարգացման, այլ գլխավոր հերոսների մասին․ ամեն հատվածում մենք սկսում ենք նոր կերպարի հետևել և համոզվում ենք, որ այդ երեք հերոսները միմյանցից շատ տարբերվում  են՝ չնայած սարսափելի ընդհանուր փորձառությանը։ Եթե առաջինը մնացել է քրիստոնեությանը և եկեղեցուն հավատարիմ և փորձում է ներսից պայքարել այդ երևույթի դեմ, ապա երկրորդն ավելի շատ փորձում է հենց եկեղեցու ինստիտուտի դեմ պայքարել աթեիստական մոտեցմամբ։ Մինչդեռ երրորդը մինչև այժմ կրում է իր հետ պատահածի ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական հետևանքները։

Ֆիլմում կարևոր դեր է խաղում հասարակական անտարբերությունը։ Առաջին մակարդակով դա հենց եկեղեցու անգործությունն է։ Համակարգի մեջ համարյա բոլորն էլ գիտեն այս խնդրի մասայականության մասին, բայց հարցի լռեցմամբ միայն նպաստում են դրա շարունակականությանը։ Երկրորդ շերտն արդեն հասարակության լուռ համաձայնությունն է, որը հատկապես դրսևորվում է հին արժեքներին հետևելով և նման խնդիրների վրա աչք փակելով։ Տուժողներից զատ մենք տեսնում ենք նաև նրանց ծնողներին, և յուրաքանչյուր դեպքում ականատես ենք լինում իրարից լիովին տարբերվող արձագանքի։ 

Ֆիլմը նամակագրական ոճով է նկարահանված, այսինքն՝ շատ մեծ տեղ է տրված նամակների ետկադրային ընթերցմանը։ Որոշ առումով սա օմաժ է հին կինոյին, մասնավորապես՝ հիսունականների ֆրանսիական ֆիլմերին (օր․՝ Ռոբեր Բրեսոնի «Գլուղական քահանայի օրագիրը»)։ Այստեղ նաև շատ են փաստավավերագրական կինոյին բնորոշ վիզուալ որոշումները՝ միզանսցենները, գործողությունների կատարման վայրերը, ֆիլմի մեծամասամբ գունային սառը երանգները ։

Եթե իր կինոգործունեության սկզբում Օզոնը առաջին հերթին ցանկանում էր իր ֆիլմերով հանդիսատեսին հունից հանել և շոկի ենթարկել, ապա այս կինոնկարը դիտելուց հետո կարելի է եզրակացնել, որ հիմա նրա գլխավոր նպատակն է հանդիսատեսին որոշակի մտորումների հանգեցնելը։ 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started