Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական պաստառի վրա պատկերված էր երիտասարդ Անյես Վարդայի լուսանկարը, որն արվել էր դեռ հիսունականներին՝ իր առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում: Այդ ֆիլմը՝ «Պուենտ Կուրտը» որոշ առումով կանխորոշեց ֆրանսիական նոր ալիքի ձևավորումը։ Ֆրանսիական կինեմատոգրաֆի սահմանված կանոններին հեևելու փոխարեն՝ այն նոր կինոլեզվի սկիզբ դրեց։ 

«Նոր ալիքն» ինքնին ռեժիսորների պայմանական խմբավորում էր, քանի որ այդ շարժմանը մասնակից բոլոր հեղինակները չէ, որ ի սկզբանե գաղափարապես կապված են եղել և նպատակադրված համագործակցության մեջ են մտել։ Նրանց ոչ այնքան միավորում էր ընդհանուր ոճը կամ գաղափարը, այլ ընդհակառակը ոճային բացարձակ ազատությունը և սյուժետային սահմանափակումների բացակայությունը, ինչը և նրանք հակադրում էին հին մեծ գեղարվեստական կինոյին։ Ցանկության դեպքում՝ նոր ալիքի ռեժիսորներին  կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջինը «Կայե դյու սինեմա» ամսագրի կինոքննադատներն են (Գոդար, Տրյուֆո, Ռիվետ), երկորդը՝ «Զախ ափի խումբը» (Վարդա, Դեմի, Ռենե), հեղինակներ, որոնք արդեն որոշակի ռեժիսորական փորձ ունեին։

Չնայած Վադայի կարևոր մասնակցությանը «նոր ալիքին»՝ չի կարելի ասել, որ այդ ժամանակաշրջանը կենտրոնական տեղ է զբաղեցնում նրա կինոգործունեության մեջ։ Ժամանակի ընթացքում նա, ինչպես և «նոր ալիքի» մյուս բոլոր ռեժիսորները, գտավ իր սեփական կինոուղին։ Եվ այստեղ առաջին պլան դուրս եկավ վավերագրական կինոն․ հատկապես վերջին տարիներին նա խաղարկային ֆիլմեր գրեթե չի նկարահանել։ Նրա վավերագրական ֆիլմերը սերտորեն կապված են իր անձնականի հետ․ համարյա թե բոլոր ֆիլմերում նա անձամբ ներկա է։ Պարզ ասած՝ նա ֆիլմեր է նկարահանում իր մասին և իր պրիզմայով է ամեն ինչ ներկայացնում։ Այնուհանդերձ նա իր անձին խիստ կարևորություն չի տալիս և միշտ ինքն իրեն թեթև հեգնանքով է վերաբերվում։ 

Կաննի պաստառը յուրօրինակ հարգանքի տուրք էր մեծ ռեժիսորին։ Անյես Վարդան մահացավ 2019-ի մարտի 29-ին՝ իր վերջին աշխատանքի՝ «Վարդան Անյեսի աչքերով» ֆիլմի պրեմյերայից մոտ մեկ ամիս անց: Շուրջ 65 տարվա կինոգործունեության ընթացքում նկարահանված բազմաթիվ փայլուն ֆիլմերից փորձենք առանձնացնել 5 ամենակարևորները։

Կլեո 5-ից մինչև 7

Cléo de 5 à 7 (1962)

Վարդայի երևի թե միակ ֆիլմը, որը կարելի է համարել լիովին «նոր ալիքի» ոգով նկարահանված։ «Կլեո 5-ից մինչև 7-ը» պատկերում է մի կնոջ կյանքի 2 ժամը, երբ նա սպասում է քաղցկեղի վերաբերյալ անալիզի պատասխաններին։ Այս ֆիլմն արդեն իսկ նոր ու զարմանալի մի երևույթ էր, քանի որ ամեն ինչ ցույց էր տալիս իրական ժամանակի ռեժիմով․ սա իրոք փոքր հատված է մի մարդու կյանքից։ «Կլեոն» հետաքրքիր է նաև նրանով, որ դրվագներից մեկում հանդիսատեսը գլխավոր հերոսուհու հետ միասին մի կարճամետրաժ է դիտում, որտեղ Ժան-Լյուկ Գոդարը փոքրիկ կատակերգական դեր է կատարում։ Այդ համր կարճամետրաժը՝ «Նորապսակները Մակդոնալդ կամուրջին կամ մի վստահեք սև ակնոցներին», նույնպես Վարդան է նկարել։ Ստացվում է յուրօրինակ մատրյոշկա՝ ֆիլմ ֆիլմի մեջ։

Երջանկություն

Le Bonheur (1965)

Այստեղ Վարդան պատկերում է երջանիկ ընտանիք, որում ամուսնուն որոշ ժամանակ հաջողվում է համատեղել սերը՝ կնոջ, երեխաների և սիրուհու նկատմամբ։ Իսկ երբ կինը նրանից իմանում է արտաամուսնական հարաբերությունների մասին և ինքնասպանություն է գործում, նա հեշտությամբ իր ընտանիք է բերում սիրուհուն։ 

Թեև ընդամենը երեք տարի էր անցել «Կլեոյից», այս երկու ֆիլմերը կտրուկ տարբերվում են միմյանցից թե ոճով և թե նարատիվով։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ գեղանկարչական երանգներով և լիրիկական երաժշտության ուղեկցությամբ նկարված այս ֆիլմն ընտանեկան անսահման երջանկություն է արտացոլում, բայց միևնույնն է՝ դիտման ընթացքում առաջանում է զգացում, որ ինչ-որ բան ճիշտ չէ։ Եվ ֆիլմը հանգստության և անդորրի փոխարեն թողնում է տագնապի զգացողություն։ Պատահական չէ, որ ռեժիսորն այս ֆիլմի մասին խոսելիս նշել է. «սա գեղեցիկ պտուղ է՝ դառը համով»։

Անտուն, օրենքից դուրս

Sans toit ni loi / Vagabond (1985)

1985թ. ֆիլմում թափառական մի կնոջ կյանքի իրատեսական կինոպատումները զուգակցված են  կեղծ վավերագրական դրվագների հետ: Հերոսուհու կյանքի վերջին օրերին իրեն ճանաչած մարդիկ, անմիջականորեն դիմելով տեսախցիկին, պատմում են նրա մասին:

Վենետիկի «Ոսկե առյուծի» դափնեկիր այս ֆիլմում արդեն չենք տեսնում «Երջանկությանը» հատուկ եթերայնությունը և նկատում ենք, որ ամեն ինչ ավելի ռեալիստական կերպով է պատկերված։ Չնայած գլխավոր հերոսուհու մշտական անհաջողություններին՝ Վարդան ռեժիսորական և սցենարային հատուկ մեթոդների չի դիմում նրա նկատմամբ հանդիսատեսի մոտ կարեկցանք առաջացնելու համար։ Նա ուղղակի փաստագրում է հերոսուհու կյանքը՝ նրան մոտենալով ավելի շուտ սոլիդարության և ոչ թե խղճահարության դիրքից։

Հավաքողները և ես

Les glaneurs et la glaneuse (2000) / La Glaneuse (Jules Breton, 1877)

Նոր հազարամյակի շեմին Վարդան վավերագրական ֆիլմ է նկարահանում չափավորության և շռայլության, խնայողության և գերծախսի մասին, իրերի մասին, որոնք դեն են նետված, որովհետև շուկայում հայտնվել են ավելի նոր, կատարելագործված իրեր, իսկ հները չեն համապատասխանում նոր չափանիշներին։ Որոշակի չափից մեծ կարտոֆիլը դեն է նետվում։ Որպեսզի գինին համարվի էլիտար, արտադրանքը պիտի հստակ ծավալի լինի. ավելացած խաղողը փտում է հողի վրա: Աղբամաններում կարող ենք գտնել  ապրանքներ, որոնց պիտանելիության ժամկետը դեռ չի լրացել։ Աշխարհում ամեն վայրկյան սովից մահանում է երեք մարդ, բայց նույն պահին խանութում մեկ օր ավել մնացած, ավելորդ տեղ զբաղեցնող սննդամթերքը նետվում է աղբամանի մեջ։

Ֆիլմում տեղ են գտնում թե նետված իրերը, թե դրանք հավաքող և օգտագործող մարդիկ: Վարդային հաջողվում է տեսնել այդ մարդկանց մեջ ինչ֊որ ջերմություն, եղբայրության զգացում և կյանքի դժվարություններին հակառակ՝ երջանիկ ապրելու ունակություն: Տեսախցիկի օգնությամբ նա մեզ է հասցնում այդ մարդկանց դիրքորոշումը, ըստ որի՝ պետք է պահել և հոգատարությամբ օգտագործել ցանկացած պիտանի իր։ Թափոններում  նաև պոեզիա է գտնվում. Վարդան ցույց է տալիս արտիստների և նրանց՝ աղբից պատրաստված ստեղծագործությունները:

«Հավաքողներին» կարելի է ընկալել որպես ֆիլմ-էսսե։ Մի սպեցիֆիկ թեմայով հետազոտությունը վերածվում է գլոբալ հիմնախնդրի մասին մտորումների։

Տեղեր, դեմքեր

Visages, villages (2017)

Ֆիլմը պատմում է Վարդայի և սթրիթարտ ստեղծող լուսանկարիչ Ջեյ Արի՝ Ֆրանսիայով ճամփորդության մասին։ Երկու տարբեր սերունդներ ներկայացնող այս մարդկանց միջև ընկերությունը լավագույնս պատկերում է Վարդայի լայն մտահորիզոնն ու նրա` ժամանակին միշտ համահունչ քայլելու ունակությունը («նոր ալիքի տատիկը» նույնիսկ Ինստագրամում էր ակտիվ):

Ինչպես և 2008-ի «Անյեսի ափերը» ինքնակենսագրական ֆիլմում, այստեղ էլ Վարդան մեծ դեր է տալիս սեփական կյանքի մասին մտորումներին և իր երիտասարդ տարիների մասին հիշողություններին: Սկզբում «Դեմքերը» շատ պարզ ու բարի են թվում, սակայն իրականում լի են նաև սուր և սոցիալ-քաղաքական առումով կարևոր էպիզոդներով։ Իսկ ֆիլմի վերջնամասը դարձավ ժամանակակից կինոյի ամենից հուզիչ դրվագներից մեկը:

Կինոնկարը նոմինացված էր Օսկարի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Իմիջայլոց, նույն տարի Վարդան վերջապես արժանացավ Կինոակադեմիայի պատվավոր մրցանակին։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started