Այս համարյա երեք ժամ տևող, սակայն ոչ մի վայրկյան չձանձրացնող հետաքրքրաշարժ ֆիլմ-լաբիրինթոսը բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված պատմություններից, որոնք, կարծես մատրյոշկաներ, անընդհատ ելնում են մեկը մյուսի միջից:
Ահա մենք հետևում ենք մի հերոսի, որն ունի իր պատմությունը և իր նպատակները: Բայց ինչ-որ պահի նա կհանդիպի մի նոր կերպարի, նրանց միջև զրույց կբացվի, և մեր նոր ծանոթն անպայման կսկսի իր սեփական պատմությունը պատմել: Հիմնական սյուժետային գիծը կանգ է առնում և ահա մենք արդեն այդ նոր պատմության ականատեսն ենք դառնում: Եվ այդպես շարունակ, իրար հաջորդելով նոր ու նոր հերոսները մեզ են հասցնում իրենց անհավանական պատմությունները: Վերջում դու էլ արդեն ի վիճակի չէս այս լաբիրինթոսից ելք գտնել: Ինչպես հերոսներից մեկն է ասում՝ պարզ չէ թե ուր է վերջանում իրականությունը և սկսվում հորինվածքը:

Բավական հետաքրքիր է, որ նույն տարում (թեև աշխարհի լրիվ այլ հատվածում) ինչ-որ առումով շատ մոտ ֆիլմ էր նկարահանվել՝ Մասակի Կոբոյաշիի «Քվայդանը»: Սա ևս անլուծելի երեք ժամանոց միստիկ կինոռեբուս է, կրկին բազմաթիվ զարմանալի, երբեմն սարսափելի պատմվածքներից բաղկացած: Արդեն անվանումից էլ պարզ է, որ Կոբայաշիի ֆիլմը միջնադարյան ճապոնական քվայդան ժանրն է ներկայացնում, այսինքն՝ ոգիների և այլ գերբնական երևույթների մասին է: Եթե ճապոնական դասական ժանրերի թեման շարունակենք, ապա կարելի է նշել, որ «Սարագոսայում գտնված ձեռագիրը» իր բնույթով մոտ է կոանին: Կոանը, եթե շատ պարզեցնել, առակի արևելյան անալոգն է՝ փոքրիկ պատմություն, որի բանալին ոչ թե տրամաբանական, այլ ինտուիտիվ մակարդակի վրա է:

«Սարագոսայում գտնված ձեռագիրը» լեհ գրող Յան Պոտոցկու նույնանուն անավարտ վեպի էկրանավորումն է: Վեպը գրված է ֆրանսերեն լեզվով, գործողությունները կատարվում են Իսպանիայում նապոլեոնյան պատերազմների տարիներին:
Վոյցեխ Հասն ընդհանրապես այսպիսի մոզաիկ, կալեյդոսկոպ-ֆիլմերի մեծ վարպետ էր: Տարիներ անց նա էկրանավորեց Բռունո Շուլցի «Կլեպսիդրա առողջարանը» վիպակների ժողովածուն: «Սարագոսայի ձեռագրին» ոգով ու ոճով մոտ է նաև նրա շատ ավելի ուշ շրջանի ստեղծագործություններից մեկը՝ «Բալտազար Կոբերի տարօրինակ ճամպորդությունը»:
