2000-ականներին կինոքնննադատների թերևս ամենասիրելի ռեժիսորի՝ ֆրանսուհի Քլեր Դենիի ֆիլմերը բազմաթիվ հանդիսատեսների կողմից կարող են «սումբուրային», «ծանրակշիռ» կամ «ձանձրալի» պիտակավորվել: Քլեր Դենին միշտ էլ զարմանալի ու անհասկանալի ֆիլմեր է ստեղծում:

Նրան հետաքրքրում են ինչպես գլոբալ, վերացական խնդիրները, այնպես էլ խորապես անձնական պատմություններ: Ֆիլմերից մեկում՝ «Լավ աշխատանքում», նա դիմում է  զինվորական կյանքի ու կույր թշնամանքի թեմային: Գաղափարը, որը կարող էր մարտաֆիլմի հիմք դառնալ, Դենին իրականացնում է փիլիսոփա-հայեցողական կենցաղագրության տեսքով: Նրա մեկ այլ գործը՝ «Սպիտակ նյութը», Աֆրիկայում գաղութարարների մայրամուտի և ապստամբ ստրուկներից սպիտակ մարդու վախի պատկերումն է: Իսկ այ օրինակ «Ուրբաթ երեկոն» խորապես զգացմունքային, Վոնգ Քար-Վայի կինոյի նոտաներով լի ֆիլմ է: «35 բաժակ ռոմը» հոր ու դստեր հարաբերությունների մասին օձույական գեղեցիկ ու մելանխոլիկ մի մտորում է:

Հենց որպես «35 բաժակի» վերապատում կարելի է ընկալել և Դենիի վերջին ֆիլմը՝ «Բարձրաշխարհիկ կյանքը» (High Life): Այստեղ էլ են ուսումնասիրվում հոր և դստեր հարաբերությունները: Սակայն ժամանակակից Ֆրանսիայի փոխարեն՝ որպես գործողությունների կատարման վայր է հանդես գալիս ֆուտուրիստական մի տիեզերանավ: Սա Դենիի առաջին ժանրային փորձը չէ: Դեռևս 2001-ին նա նկարեց «Անախորժություն՝ ամեն օր» սարսափը, որի անվանումը ցիտում է Ֆռենկ Զապայի հայտնի երգը: Ստացվեց վամպիրների մասին ամենազարմանալի ու էքստրեմալ ֆիլմերից մեկը. Դենին չէր էլ կարողանա ստանդարտ ֆիլմ նկարահանել: Մոտավորապես այդ ժամանակ՝ 2002-ին, «Բարձրաշխարհիկ կյանքի» գաղափարն առաջացավ, սակայն իրագործել այն Դենիի մոտ ստացվեց միայն անցյալ տարի: 

Այս ֆիլմը սայ-ֆայ թեմայի ու Ռոբերտ Փաթինսոնի մասնակցության շնորհիվ կարողացավ գրավել բազմաթիվ հանդիսատեսների ուշադրությունը: Նրանցից շատերը Քլեր Դենի ռեժիսորի մասին երբեք չէին էլ լսել: Բայց սխալ կլիներ ենթադրել, որ Դենիի անգլալեզու դեբյուտը ոճային առումով էականորեն տարբերվելու է նրա նախորդ ֆիլմերից. այն ևս չի խնայում հանդիսատեսին ու բոլորովին հեշտ չէ ընկալման համար:

Սակայն չմոռանանք, որ տիեզերական կինոն բազմաթիվ հեղինակային մոտեցումների օրինակներ է ճանաչում: Կուբրիկի «2001-ը» կամ Տարկովսկու «Սոլյարիսը» նույնպես թեթև ֆիլմեր չեն, բայց մտնում են ցանկացած կինոմանի պարտադիր ծրագրի մեջ: Այնպես որ, տարիներ անց Դենիի ֆիլմն էլ կարող է սայ-ֆայի դասականների շարքի մեջ մտնել:

Եվ առանձին պետք է խոսել Փաթինսոնի մասին, որն այստեղ ևս մեկ հրաշալի դերակատարում ունեցավ: Հեռու անցյալում են այն ժամանակները, երբ նա մի կողմից միլիոնավոր դեռահասների կուռք էր, մյուս կողմից՝ միլիոնավոր մարդկանց ծաղրանքի առարկան: Մի քանի տարվա ընթացքում Փաթինսոնը դարձավ ժամանակակից ամենալուրջ երիտասարդ դերասաններից մեկը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started