Այս շաբաթվա ընթացքում դիտել ենք «Ոսկե Ծիրանի» գլխավոր մրցույթի բոլոր 12 ֆիլմերը։ Ահա մեր կարծիքով լավագույն 5-ը։

Ռեյ և Լիզ

Ray & Liz (Richard Billingham)

Ռիչարդ Բիլիգնհեմը տարիներ շարունակ տեսանկարահանել է իր ընտանիքի առօրյան և 1998-ին միավորել է այդ կադրերը «Ակվարիում» վավերագրական ֆիլմում։ Իսկ արդեն 2018-ին դուրս եկավ նրա առաջին խաղարկային ֆիլմը, որը նույն թեման է շոշափում և որոշ չափով վերարտադրում է «Ակվարիումը»։

«Ռեյ և Լիզում» նա ավելացնում է նաև տխուր նոստալգիայով լի դրվագներ, որոնք հիշեցնում են բրիտանացի ռեժիսոր Թերենս Դեյվիսի ֆիլմերը։ Ինչպես և Դեյվիսը, Բիլինգհեմն էլ կենտրոնանում է անցյալում մնացած պատկերների վրա, որոնք տեսնելիս հանդիսատեսը ինտուիտիվ մակարդակում հասկանում է, որ այս մարդկանցից շատերն այլևս չկան։ 

«Ռեյ և Լիզը» միանշանակ մրցույթի լավագույն ֆիլմն է և ակնհայտորեն առանձնանում է մնացած բոլոր մասնակիցներից։
  

Ձմռան վրա ձմեռ

Winter After Winter (Xing Jian)

Չինական ռեժիսորներին ընդունված է բաժանել 6 սերնդի։ Բայց վերջին տարիներին այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ երիտասարդ կինոգործիչների (Բի Գան, Հու Բո, Ցայ Չենզե) արդեն կարելի է առաձնանցնել 7-րդ սերնդի մեջ, քանի որ վերջին մի քանի տարում նկարված նրանց ֆիլմերում ինչ-որ ընդհանուր բան կա ոճային առումով՝ երկար տևող կադրեր, մոգական ռեալիզմի տարրեր։ Այս ֆիլմի ռեժիսոր Ծյան Սինին էլ նույնպես կարելի է այդ շարքի մեջ ներառել։ «Ձմռան վրա ձմեռը» լի է շատ հետաքրքիր վիզուալ որոշումներով։ Այն սկսվում է մեկ կադրով նկարված համարյա 20 րոպեանոց տեսարանով։ Իսկ ֆիլմի վերնագիրը միայն վերջում է էկրանին հայտնվում։ 
  

Կեսգիշերային ճանապարհորդը

Midnight traveler (Hassan Fazili)

Թալիբանի կողմից հետապնդվող ռեժիսորը իր ընտանիքի հետ միասին փորձում է փախչել Եվրոպա։ Երեք տարի տևած ամբողջ ճանապարհը նրանք վավերագրում են երեք հեռախոսների կամերաներով։

Գաղթականների կյանքի խրոնիկային զուգահեռ, ֆիլմում նաև կարևոր տեղ է տրվում հենց կինոյին։ Ռեժիսորը ժամանակ առ ժամանակ խոսում է կինոյի, վավերագրության մասին, մտածում է՝ կարելի է արդյոք վավերագրել ամեն ինչ, նույնիսկ ամենաանձնականը, մանավանդ երբ դա քեզ և քո ընտանիքին է վերաբերում։ Եվ մինչև վերջ էլ պարզ չէ, որն է շարժիչ ուժը ռեժիսորի համար՝ Եվրոպայում հանգիստ կյանք ստեղծելը, թե իր փորձառության մասին ֆիլմ նկարահանելը։ 

Խոսելով ծառերի մասին

Talking About Trees (Suhaib Gasmelbari)

Երկար տարիներ Սուդանում ոչ մի կինոթատրոն չի գործում։ Չկա նաև կինոարտադրություն։ Չորս տարեց կինոգործիչներ մտադրվում են վերաբացել գոնե մեկ կինոթատրոն՝ փորձելով հաղթահարել պետական խոչընդոտները։

Չնայած նրան, որ վավերագրական ֆիլմի հիմքում ընկած է լուրջ սոցիալ-քաղաքական խնդիր, դրա վրա կենտրոնացում ընդհանրապես չկա, ավելի առաջնային պլանում է կինոն, դրա նկատմամբ սերը, այս մարդկանց ուսանողական կյանքի մասին հիշողությունները, նույնիսկ աղոթքի ժամերի մասին կատակները։ 

Կապվածություն

Belonging (Burak Cevik)

Ֆիլմի սյուժեն պտտվում է նոր ծանոթացած զույգի զբոսանքի ու խոսակցությունների շուրջ, ինչպես օրինակ Ռիչարդ Լինքլեյթերի «Մինչև լուսաբացը» կինոնկարում։ «Կապվածության»  ընդհանուր մթնոլորտն այնքան լիրիկական է, որ ուշացած հանդիսատեսը մինչև տիտրերի հայտնվելը չի էլ կարողանա պատկերացնել, որ ֆիլմն իրականում մի քրեական գործի մասին է։

Join the Conversation

  1. Անհայտ's avatar

1 Comment

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started