«Ոսկե ծիրանի» թեման ավարտենք ամփոփիչ գրառմամբ՝ փորձելով անդրադառնալ թե մրցութային և թե արտամրցութային ծրագրերին։ Ընդհանուր առմամբ` նախորդ տարիներին փառատոնին հաջողվել էր ավելի մեծ քանակությամբ հետաքրքիր ֆիլմեր ու ռեժիսորներ բերել Հայաստան։ Այս տարի հատկապես հիմնական մրցութային ծրագիրը բավական թույլ էր։ Բայց միևնույն ժամանակ շատ հետաքրիր նորամուծություն էլ եղավ. իր պատմության մեջ առաջին անգամ փառատոնը մեծ տեղ տվեց ժանրային կինոյին՝ մի ամբողջ ծրագիր դրան նվիրելով։ Խոսքն իհարկե «Ծուռ ծիրանի» մասին է։ Տարօրինակ և ինչ-որ չափով էքստրեմալ կինոյին անդրադարձը դրանով չսահմանափկվեց։ Եղան Ռեյգադասի և Արիստակեսյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ։ Որոշ չափով այս կոնտեքստի մեջ է մտնում նույնիսկ լեհական կինոյի ծրագիրը։  

Հիմնական մրցույթում, ինչպես և ակնկալում էինք, հաղթեց «Ռեյը և Լիզը»։ Երրորդ տարի անըդնմեջ հաղթում է մրցույթի իրապես լավագույն ֆիլմը։ Հատուկ մրցանակի արժանացավ «Կեսգիշերային ճանապարհորդը»։ Երկու ֆիլմին էլ արդեն անդրադարձել ենք:

«Ռեյ և Լիզ»

Իսկ «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ «Լողլողը»։ Դա իհարկե սպասելի էր։ Չնայած ծայրահեղ ֆորմալիզմի, պատմության ու այն մատուցելու ձևի անհամաչափությանը, այս կինոնկարը կարողանում է ազդել հանդիսատեսի վրա: Ռեժիսոր Բալագովը կարծես գտել է նրան գերելու բաղադրատոմսը: Ցավոք, ֆիլմն ընդամենը խաբկանք է, որն ունի շատ գեղեցիկ կազմ, սակայն դատարկ է ներսից: Քառասունականների Լենինգրադն այստեղ ուղղակի պայմանական լոկացիա չէ․ ակնհայտ է, որ ռեժիսորը ցանկացել է պատմական ճշգրտություն ապահովել և երկար ժամանակ է ծախսել տարբեր մանրուքների վրա, բայց միևնույն հերթին անհամատեղելի գունային և կոստյումային որոշումներ է ներառել։ Վիզուալ շքեղությունը, գունային խաղերն այստեղ տեղին չեն, քանզի միայն էսթետիզացնում են բլոկադայի ու պոստբլոկադայի ժամանակաշրջանը, ինչն ուղղակի անընդունելի է: 

Մրցութային ծրագրից կարելի է առանձնացնել նաև մակեդոնացի կին ռեժիսոր Տեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ Պետրունյա» ֆիլմը, որն այս տարի Բեռլինում հենց լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացավ: Ֆիլմը շատ վաղուց հայտնի սցենարական հնարքի միջոցով է աշխատում՝ «իսկ ինչ կլինի»։ Իսկ ինչ կլինի, եթե եկեղեցական արարողության ժամանակ խաչը բռնի ոչ թե տղամարդ, այլ կին (ինչն ըստ կրոնական կանոնների անթույլատրելի է)։ Խաչն էլ որպես մակգաֆին է հանդես գալիս։ Այստեղից էլ սյուժե է սկսվում կառուցվել, որը բերում է մեզ շատ կարևոր ու ակտուալ խնդիրների՝ կնոջ ու տղամարդու անհավասության, խտրականության, եկեղեցու և պետության հարաբերությունների։ Ռեժիսորը փորձում է դա անել հետաքրքիր ու օրիգինալ ձևով: Նա չի պատկերում իրավիճակը լուրջ ու մռայլ։ Միշտ կարծես փորձում է հեգնող դիտորդի դերն ընդունել: Բայց միշտ չէ որ ստացվում է․ մի քանի դրվագում նա ամեն դեպքում կորցնում է բալանսը։ Գլխավոր գործող անձն ընդհանրապես բացված չէ, միայն մեկ էպիզոդ կա, երբ նա փորձում է ինչ որ քաղաքական մանիֆեստի նման բան ասել, բայց ինչպես քննիչը թույլ չի տալիս Պետրունյային շարունակել իր խոսքը, այդպես էլ ռեժիսորը չի թողնում նրան իր ներքին աշխարհը բացահայտել:

«Աստված գոյություն ունի, անունն էլ Պետրունյա»

Արտամրցութային ծրագրում մի շարք ֆիլմերի պրեմիերաներ եղան։ 

Փառատոնի բացման ֆիլմն էր «Մակաբույծը»: Բոնը վերադարձավ Կորեա ու նկարեց իր լավագույն ֆիլմը (չնայած «Հիշողությունները սպանության մասին» դեռ կպայքարեն այդ կոչման համար): Ռեժիսորը խնդրում էր չբացահայտել սյուժեի մանրամասները, ասում էր՝ ինչքան քիչ իմանաք ֆիլմի մասին նայելուց առաջ, այդքան շատ հաճույք կստանաք դիտելու ընթացքում: Նշենք միայն, որ ֆիլմը չի գնում այն ճանապարհով, որը հանդիսատեսն է ակնկալում, նույնիսկ փորձառու հանդիսատեսը: Մի քանի րոպեի ընթացքում այստեղ ամեն ինչ կարող է փոխվել․ սոցիալական դրաման վերափոխվում է կոմեդիայի, կոմդեիան՝ լարված թրիլլերի և այդպես շարունակ:

Եվս մեկ ֆիլմ Կաննի դափնեկիրներից՝ «Այրվող աղջկա դիմանկարը»: Ֆիլմը որոշակիորեն վերարտադրում է դասական գրականությանը հատուկ պատմություն՝ փոխելով միայն մի տարր՝ կերպարներից մեկի սեռը։ Բայց հենց այս փոփոխությունը լրիվ նոր իմաստային շերտ է հաղորդում ֆիլմին և այն դարձնում հատկապես ակտուալ։ Գործողությունները ծավալվում են դանդաղ ու աստիճանաբար՝ կարծես հերոսների ժամանակն ու անձնական տարածքը կարևորելով։ 

«Այրվող աղջկա դիմանկարը»

Իսկ ահա Բեռլինում «Ոսկե արջին» արժանացած «Հոմանիշներից» ստացված տպավորությունները միանշանակ չեն։ Կարծես ֆիլմն այդքան էլ համաչափ չէ։ Այն չի ընկալվում որպես ամբողջական պատկեր, այլ որպես առանձին իրարից անջատ դրվագներ։ Որոշները կհիշվեն դեռ երկար ժամանակ, իսկ մյուները դիտումից անմիջապես հետո կմոռացվեն։ Ոճային ու թեմատիկ առումով կարելի է զուգահեռներ տանել «Քառակուսու» և «Ֆոքստրոտի» հետ։ Այդ ֆիլմերում էլ էր զգացվում որոշակի անբնականություն ու միտումնավոր դատարկություն՝ թե միջավայրի և թե հենց հերոսների մեջ։ 

Վամպիրների մասին ֆիլմ նկարելուց մի քանի տարի անց Ջիմ Ջարմուշը որոշեց զոմբիներին անդրադառնալ ու ստեղծեց «Մեռյալները չեն մեռնում» կինոնկարը։ Զոմբիներն այստեղ համեմատվում են մեր ժամանակի սպառողներին։ Այդ համեմատությունն իհարկե իրենից ոչ մի նոր բան չի ներկայացնում, ու նույնիսկ զարմանալի է, որ Ջարմուշը որոշել է դա իր ֆիլմում ներառել։ Ընթացքում նա փորձում է ինչ-որ օրիգինալ լուծումներ գտնել, օրինակ՝ կերպարները ժամանակ առ ժամանակ խոսում են սցենարի ու հենց Ջարմուշի մասին, բայց չորրորդ պատի քանդումը նույնիսկ «Շատ վախենալու կինոյում» ավելի տեղին էր արված։ «Մեռյալները» Ջարմուշի ամենաանհաջող ֆիլմն է: Հույս ունենանք, որ նա ընդամենը փոքրիկ դադար է վերցրել։

«Գետը»

Ղազախստանցի ռեժիսոր Էմիր Բայգազինը հետխորհրդային երկրների երևի թե ամենահետաքրքիր երիտասարդ հեղինակներից է։ Փառատոնի շրջանակներում ցուցադրված «Գետը» նրա առաջին ֆիլմի՝ «Հարմոնիայի դասերի» հետ համեմատ շատ ավելի կոնցեպտուալ է․ աշխարհը, որտեղ ապրում են նրա հերոսները պայմանական է, իրականությունից կտրված։ 

Ցուցադրվեց նաև Վարդայի վերջին՝ «Վարդան Անյեսի աչքերով» ֆիլմը, որն ավելի շատ կինոլեկցիա է հիշեցնում։ Այստեղ Վարդան պատմում է, թե ինչպես է նկարել այս կամ այն ֆիլմը, ինչ մեթոդներ է օգտագործել։ Ֆիլմը հետաքրքիր կլինի թե Վարդայի հին երկրպագուների, թե նրա ստեղծագործություններին դեռևս անծանոթ հանդիսատեսի համար:

«Կտորի մեջ»

«Կտորի մեջ»՝ Փիթեր Սթրիկլենդի հերթական վարժանքը հորրորում: Սա նրա ամենապարզ, սովորական հանդիսատեսին մոտ ու հասանելի ֆիլմն է: Թեև նույնպես ֆիլմ-օմաժ է միանգամից մի քանի դասական ֆիլմերի ու ամբողջ ենթաժանրերի՝ Ժակ Թուրնյորի «Կատվամարդկանցից» մինչև իտալական ջալլո ու բրիտանական 60-70-ականների սարսափ ֆիլմեր: Մյուս կողմից սա շատ հաջող սարկաստիկ կոմեդիա է, որը հեգնում է մեր օրերի սպառողական հասարակությունը: Ու հետաքրքիր է, որ այդպես էլ չես կարողանում կողմնորոշվել, թե որ ժամանակաշրջանում են կատարվում գործողությունները․ Սթրիկլենդի աշխարհը կարծես 1970-ականների ու 2010-ականների տարօրինակ խառնուրդ լինի:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started