Ամերիկյան «ինդիփենդենթը» իր պիկին հասավ 1980-90-ական թվականներին. Ջարմուշ, Լինչ, Տարանտինո, Քոեն եղբայրներ: Այս ռեժիսորների ֆիլմերը ոչ միայն քննադատների սերն էին վայելում, այլ նաև հանդիսատեսների շրջանում էին կուլտային ստատուս ձեռք բերում: Հատկանշական է, որ Կաննի փառատոնում մի քանի տարի անընդմեջ հենց ամերիկացի անկախների ֆիլմերն էին ստանում «Ոսկե արմավենին»:
Հենց այդ շրջանում էլ՝ ութսունականների-իննսունականների սահմանին, Հել Հարթլին նկարեց իր առաջին ֆիլմերը՝ «Անհավատալի ճշմարտություն», «Վստահիր», «Պարզ մարդիկ»: Չնայած անսովոր կառուցվածքին և սպեցիֆիկ ինտոնացիային, նրա ֆիլմերը բավականին լավ էին ընդունվում հանդիսատեսների կողմից․ Հարթլիի վաղ շրջանի աշխատանքները գնահատելու համար ընդհանրապես պարտադիր չի նկատել ֆիլմերում տեղ գտած բազմաթիվ պոստմոդեռնիստական հղումները։

Նրա ֆիլմերում հատկապես զգացվում է Ժան Լյուկ Գոդարի ազդեցությունը. հաճախ նա ֆրանսիացի ռեժիսորի ֆիլմերին ակնհայտ հղումներ է անում: Հարթլիին նույնիսկ անվանում էին «Գոդար Լոնգ Այլենդից», որն էլ հենց նրա ծննդավայրն է: Նա Լոնգ Այլենդը և տեղի բնակիչներին պատկերում էր համարյա թե իր յուրաքանչյուր ֆիլմում: Երբ խոսքը գնում է աշխատավորների միջև սոլիդարության, աղքատ բոհեմի մասին, ինչն էլ հենց բնորոշ էր Լոնգ Այլենդին, կարելի է զուգահեռներ տանել Հարթլիի և Ակի Կաուրիսմյակիի ֆիլմերի միջև: Այս նմանությունը վերաբերում է թեմատիկային և ինչ-որ չափով մթնոլորտին:

«Կողմնակի անձինք» 1964, Ժան Լյուկ Գոդար 
«Պարզ մարդիկ» 1992, Հել Հարթլի
Չնայած տարբեր ռեժիսորների ազդեցությանը, Հարթլիին հաջողվում է միայն իրեն բնորոշ ոճ ստեղծել: Իր յուրօրինակ ֆիլմերում նա խաղում է տարբեր ժանրերի հետ՝ ռոմանտիկ կոմեդիայից մինչև ամնեզիական դետեկտիվ, և անհավանական կերպով բալանսավորում է իրոնիան և սենտիմենտալիզմը, սարկազմն ու անկեղծությունը:
90-ականներին Հարթլին Ամերիկայի ամենաստատուսային երիտասարդ ռեժիսորների շարքում էր։ Սակայն նա չմտավ դասականների մեջ, ինչպիսիք են, օրինակ, Քոենները, Ջարմուշը և Անդերսոնը (Ուես կամ Փոլ Թոմաս, որն ուզեք)։ 1998թ․-ին Կաննի կինոփառատոնում «Հենրի Ֆուլ» ֆիլմը ստացավ լավագույն սցենար մրցանակը, որից հետո, կարծես թե ռեժիսորի կարիերայի այս շրջադարձային պահին, նա անսպասելիորեն որոշեց խորանալ Էքսպերիմենտալ կինոյի մեջ և սկսեց նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնք նույնիսկ փառատոնային հանդիսատեսին չէին գրավում:

Ժամանակի ընթացքում շատերը նույնիսկ մոռացան այս ռեժիսորի գոյության մասին։ Բայց հավատարիմ հանդիսատեսների ու ինտերնետ քրաուդֆանդինգի շնորհիվ, Հարթլին մինչ օրս նկարում է հիանալի սակավաբյուջե ֆիլմեր և մնում է իրապես անկախ ռեժիսոր:
