Սայմոն Գրիմը երիտասարդ աղբահան է, որն ապրում է հիվանդ մոր ու միայն սեքսի մասին մտածող քրոջ հետ: Սայմոնի կենցաղը տխուր է ու ձանձրալի։ Հենց այն պահին, երբ կյանքը կարծես վերջնականապես կորցնում է իմաստը, հորիզոնին հայտնվում է խորհրդավոր մի անծանոթ՝ Հենրի Ֆուլը:

Ֆիլմը Գրիմ ընտանիքի սագայի առաջին մասն է․ 2006-ին Հել Հարթլին նկարահանեց «Ֆեյ Գրիմը», իսկ 2014-ին՝ «Նեդ Ռայֆլը»։ Բայց Հենրի Ֆուլն ինքնաբավ ու ամբողջական ստեղծագործություն է, որը կարելի է, և նույնիսկ պետք է, մյուս մասերից առաձին դիտարկել՝ հատկապես հաշվի առնելով ֆիլմերի ոճային տարբերությունները։ 

Հատկանշական է, որ Նեդ Ռայֆլը ոչ միայն 3-րդ ֆիլմի գլխավոր հերոսի անունն է, այլև Հարթլիի պսեվդոնիմը, երբ նա հանդես է գալիս որպես կոմպոզիտոր․ իր բոլոր ֆիլմերի երաժշտությունը նա անձամբ է գրում։

«Հենրի Ֆուլը» բավականին երկար ստեղծագործություն է, ինչն այդքան էլ բնորոշ չէ Հարթլիին: Նրա մյուս ֆիլմերից ոչ մեկի խրոնոմետրաժը չի գերազանցում երկու ժամը: Ֆիլմը մի ընտանիքի կյանքի մեծ հատված է ուսումնասիրում՝ ցույց տալով կերպարների զարգացումներ, տրանսֆորմացիաներ, ինչն էլ բավականին ժամանակ է պահանջում թե հերոսներից, թե հանդիսատեսից։ Ռեժիսորն այս ֆիլմը նույնիսկ անվանում էր էպիկական։

Պարզ-բարդ կերպարներ

Հենրի Ֆուլը բարոյական նորմերի վրա թքած ունեցող խրոնիկական խաբեբա է, որն իրեն ներկայացնում է որպես իմաստուն։ Ընթացքում մենք իմանում ենք մի այնպիսի արատի մասին, որը կարծես աններելի պիտի լինի։ Բայց ոչ մի բան չի կարող խանգարել հանդիսատեսին շարունակել համակրել Հենրի Ֆուլին։ 

Անհնար է պարզել՝ արդյոք Ֆուլը ճիշտն է ասում թե ուղղակի հորինում է պատմություններ իր անցյալի մասին, երբ նա խոսում է Փարիզում կամ Կենտրոնական Ամերիկայում իր արկածների մասին: Չէ՞ որ նույնիսկ իրապես ճշմարիտ թվացող բանտարկության մասին պատմությունը մինչև վերջ պարզաբանված չի, և երբեմն թվում է, որ այդքան ճշմարտացի էլ չի:

Մարդիկ այստեղ ընդհանրապես կլիշեներից դուրս են․ «թերզարգացած» աղբահանը կարող է իրականում հանճարեղ գրող լինել, նրա էգոիստ քույրը՝ նրբանկատ ու հոգատար անձնավորություն։

Իրականում ոչ մի բան էլ պարզ չէ

Ստացվում է՝ ցանկացածի մեջ կարող է հանճար թաքնվել, ու մեկ-մեկ ընդամենը պետք է, որ դրսից մի ուժ լինի, որն այն բացահայտի։ Թե՞ Հարթլին ուղղակի ծաղրում է ժամանակակից աշխարհը, որտեղ հանճար կարող են հռչակել ցանկացածին՝ «նոբելյան մրցանակն այսօր ում ասես չեն տալիս»:

Դա այդպես էլ գաղտնիք է մնում մեզ համար նաև այն պատճառով, որ մենք չենք տեսնում, չգիտենք թե ինչ է իրենից ներկայացնում Սայմոն Գրիմի ստեղծագործությունը: Չենք կարող միանշանակ ասել, թե ինչի մասին են իր տեքստերը, ինչ լեզվով են գրված, նույնիսկ ոչ մի բառ չենք լսում այնտեղից: Դրա շնորհիվ էլ հանդիսատեսը չի ձևավորի իր կարծիքը  և չի կարողանա ընտրել, թե հակամարտողներից ում կողմնակիցն է՝ Սայմոնին հանճար անվանողների, թե նրա ստեղծագործությունները այրել ցանկացողների:  

Այդ հակամարտողներն էլ իրականում իրար շատ նման են: Էպիզոդներից մեկում հեռուստանորություններ ենք տեսնում: Սկզբում հեռուստացույցից ճառում է ծաղրանկարային ծայրահեղ աջական քաղաքական գործիչ, որը կատաղաբար քննադատում է ավանդական նորմերից դուրս եկող ստեղծագործությունը: Նա, ինչպես ճշմարիտ պոպուլիստ, խոսում է հավերժ արժեքների, երեխաների և բարոյականության մասին: Դրանից հետո մենք տեսնում ենք մի կին քննադատի, որն արդեն խոսում է այդպիսի գրականության կարևորության մասին: Ու նրա հատվածը նույնքան ծիծաղելի է: Ինչպես նախագահի թեկնածուն է շտամպեր օգտագործում, այդպես էլ քննադատը: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսն ընդհանրապես ծանոթ չեն Սայմոնի պոեզիային: Նրանք կարծես արտասանում են նախապատրաստած արտահայտություններ, ոչ թե իրենց իրական մտքերն արտահայտում:

Մենք ոչ միայն չունենք պատկերացում Սայմոնի գործի մասին, այլև ոչինչ չենք իմանում հենց Հենրի Ֆուլի գրքի՝ «Խոստովանության» մասին: Հենրին այն բնորոշում է, որպես մի ստեղծագործություն, որը մի օր կփոխի ամբողջ գրականությունը, բայց մենք այն այդպես էլ չենք տեսնում: Իսկ մեր հնարավոր բացասական վերաբերմունքը հիմնվում է այն հերոսների կարծիքը վրա, որոնք այդ գիրքը կարդացել են: Բայց չէ՞ որ «ճաշակը սուբյեկտիվ կատեգորիա է»: 

Չենք կարող դատել Հենրի գրողի տաղանդի մասին, բայց ամեն ինչից դուրս է գալիս, որ նա իդեալական մենթոր է։ Կարելի է հիշել մեկ այլ կլիշե՝ անհաջողակ ստեղծագործները հաճախ դառնում են շատ լավ և յուրօրինակ ուսուցիչներ։ 

Մի քիչ հոգեբանություն ու պաթոս

Եթե փորձենք էլ ավելի խորանալ մետաֆորիկ նշանների ու սիմվոլների մեջ, ապա կարող ենք Հենրի Ֆուլին վերաբերվել որպես Սայմոնի կողմից կամ նույնիսկ միանգամից բոլոր կերպարների կողմից հորինված հակահերոսի: Հենրի ֆուլը՝ կարծես կատակասեր մի չար ոգի, ներխուժում է քաղաքի արվարձանի բնակիչների տխրությամբ ու ձանձրույթով լի համաչափ կյանքը, ու ընդմիշտ փոխում է այն: Նրանց բոլորին պետք է Հենրի Ֆուլը, որպեսզի կարողանան բացահայտել ու ազատել հոգու խորքում թաքնված բնազդային ցանկությունները, կարիքներն ու կարողությունները: Իզուր չի Հենրին բնակվում հենց նկուղում: Այստեղ կարելի է Ժիժեկին հիշել ու նրա հիչքոքյան «Փսիխոյի» անալիզի այն մասը, երբ նա խոսում էր մարդասպան Նորման Բեյթսի տան կառուցվածքի մասին՝ երկու հարկանի առանձնատուն նկուղով։ Որտեղ առաջին և երկրորդ հարկերը Եսը (Ego) ու Գեր-եսն են (Super Ego) խորհրդանշում, իսկ նկուղը՝ Այն (Id):

Կոնտրաստներ

Բարդ, նուրբ ու էմոցիոնալ դերասանական խաղով էպիզոդներին կարող է հաջորդել մի տեսարան, ուր նույն դերասանի խաղը հատուկ չափազանցվում է, խոսքերն էլ ծայրահեղ պաթոսով են արտասանվում։ Հարթլիի նախորդ ֆիլմերն էլ էին այդպիսին։ Բայց այստեղ նա իրեն հատուկ այդ հնարքը ավելի հաճախ ու ավելի բազմազան ձևով է օգտագործում․ փիլիսոփայական մոնոլոգները, վերաբերվեն դրանք կյանքի իմաստի, թե դասական գրականությանը, կարող են ընդհատվել լկտի դիտարկումով կամ անամոթ կատակով։

Հետաքրքիր է, որ Հարթլին այստեղ առաջին անգամ նաև կոպիտ ֆիզիոլոգիականն է ցույց տալիս, օրինակ՝ տարբեր արտաթորումներ պատկերելով։ Այստեղ, իմիջայլոց, կարելի է տեսնել «ամուսնական առաջարկության»՝ կինոյի պատմության մեջ ամենաօրիգինալ ու ցինիկ տեսարանը։

Միզանսցեններ, մոնտաժ, թեք անկյուն, հղումներ

Հարթլիի միզանսցեններ կառուցելու հմտությունն այս ֆիլմում հասնում է իր գագաթնակետին․ կամերան անշարժ է մնում, իսկ կերպարները մտնում են կադրի մեջ, դուրս գալիս տեսադաշտից, հետո էլի են մտնում, բայց արդեն այլ կողմից։
Հենրի Ֆուլում կարելի է նկատել նաև «թեք անկյան» տակ նկարահանված մի քանի կադր։ Հենց թեք անկյունն էլ հետագայում դառնում է իր ֆիլմերի հիմնական ռակուրսը․ «Ֆեյ Գրիմը» ամբողջովին այդպես է նկարված։
Զուգահեռ մոնտաժ հազվադեպ է օգտագործվում, բայց միշտ տեղին։ Ֆիլմի կուլմինացիոն հատվածներից մեկը հենց այդ ձևով է մատուցված։ Մի քանի տեսարանում օգտագործվում է նաև գոդարյան «կտրտվող» մոնտաժը, իսկ այ բովանդակային առումով կինոհղումներին այստեղ շատ տեղ չմնաց, փոխարենը շատ բան հիմնվում է գրականության վրա՝ Բեքեթի ու Ջոյսի հարաբերությունների, Ֆաուստի լեգենդի կամ Կասպար Հաուզերի պատմության։

Անկախների դարի վերջը

Սայմոն Գրիմի ստեղծագործություններից ոգեշնչված Նյու Յորքյան երիտասարդությունը սկսում է պոեզիայով հետաքրքրվել, իսկ տեղի խանութ-կաֆեի տերն էլ նույնիսկ որոշում է հարմարվել շուկայի պահանջարկին ու ձևափոխում է իր սրճարանը՝ դարձնելով այն գրական ու պոետիկ խմբակների ակումբ։ Հենրին զգուշացնում է նրան, որ դա ընդամենը ժամանակավոր երևույթ է, ու շուտով պոեզիան կրկին մոռացության ու անուշադրության կմատնվի։

Այստեղ կարելի է զուգահեռներ տանել ամերիկյան անկախ կինոյի ոսկե դարաշրջանի՝ 90-ականների հետ, որի թաքնված պիկ ու արդյունք, սահմանագիծ կարելի է համարել հենց Հենրի Ֆուլ ֆիլմը։ Իհարկե, անկախ կինո նկարել են և 2000-ականներին և տասականներին, բայց մեծ հաշվով 21-րդ դարում անկախ կինոն կորցնում է իր հմայքը, ձեռք է բերում իրեն հատուկ կլիշեները։ Նոր հայտնվող օրիգինալ հեղինակներն էլ այժմ շատ արագ պայմանագրեր են կնքում մեծ ստուդիաների հետ ու նկարում Աստղային պատերազմներ կամ Մարվելի կոմիքսների վրա հիմնված ֆիլմեր։ Կան նաև այնպիսինները, որոնք նկարում են փոքր սակավաբյուջե կինո, որը համարյա թե չի հասնում հանդիսատեսին։

Հարթլին ինքն էլ այդպիսի երկընտրանքի մեջ ընկավ Ֆուլի հաջողությունից հետո (1998թ․ Կաննի փառատոնին ֆիլմն արժանացավ լավագույն սցենար մրցանակին) և ընտրեց թվային կինոխցիկը՝ փոքր, էժան ֆիլմեր նկարելու համար։ Դժվար է ասել՝ արդյոք ճիշտ ընտրություն էր դա, թե չէ։ Բայց միանշանակ դա որոշում էր, որն արժանի է հարգանքի։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started