Նոր հազարամյակի ամենահետաքրքիր սարսափ ֆիլմերը չեն ճանաչում ժանրային սահմանափակումներ։ Դրանք ավելի շատ կարծրատիպեր կոտրող ֆիլմեր են, որոնք չեն տեղավորվում դասական «հորոր» հասկացության մեջ։ 

Այս ցանկը կազմելիս փորձել ենք հիմնականում ներառել ամենաօրիգինալ մոտեցումներով և ժանրի զարգացման տեսանկյունից կարևոր ֆիլմերը՝ թե հայտնի, թե երբեմն անտեսված։

Բաբադուկ

Babadook
Ջենիֆեր Քենթ, 2014

Մի անգամ միայնակ մայր Ամելիան իր յոթ տարեկան որդու համար գիրք է կարդում՝ տարօրինակ հրեշ Բաբադուկի մասին։ Դրանից հետո մայրն ու որդին սկսում են ամենուր այդ հրեշին տեսնել և այլևս չեն կարողանում իրենց ֆանտազիաները տարբերել  իրականությունից։

Այս ֆիլմի պարագայում հանդիսատեսի ակնկալիքները և իրականությունը հաճախ չեն համընկնում։ Օրինակ՝ ռուսական Կինոպոիսկ կայքում ֆիլմի ռեյտինգը բավականին ցածր է, քանի որ ռուսական վարձույթում ֆիլմը ներկայացվում էր որպես դասական սարսափ՝ վախենալու հրեշով, որը հետապնդում է դժբախտ մորը և երեխային։ Բայց իրականում սա ավելի շատ հոգեբանական դրամա է ցնորվող և իրականության հետ կապը կորցնող մարդու, անցյալի տրավմաների ազդեցության մասին։

Սատանայի տուն

The House of the Devil
Թայ Վեսթ, 2008

Ուսանող Սամանթա Հյուզը որպես դայակ աշխատանքի է անցնում շատ տարօրինակ մարդկանց տանը։

Ֆիլմի սյուժեն շատ դանդաղ է զարգանում․ համարյա մինչև վերջ պարզ էլ չի՝ արդյոք սա իրականում սարսափ է, թե ուղղակի հանդիսատեսի հետ խաղ։ Կան ինչ-որ ակնարկներ՝ տարօրինակ, վախեցնող տուն, փակ սենյակ, որտեղ մուտքն արգելվում է, բայց համարյա ոչ մի արտասովոր բան չի կատարվում, միայն մեկ կամ երկու տեսարան է մատնանշում ֆիլմի ժանրային պատկանելությունը։ Այստեղ շատ կարևոր են ընդհանուր մթնոլորտն ու 80-ականների անտուրաժը․ նույնիսկ տիտրերն են այդ ժաանակաշրջանի սարսափների ոճի մեջ։  

Երկու քույրերի պատմություն

The Tale of Two Sisters
Քիմ Ջի-վուն, 2003

Հոգեբուժարանում  երկար ժամանակ անցկացնելուց հետո երկու քույրերը վերադառնում են տուն։ Շուտով քույրերին սկսում է թվալ, որ տանը իրենցից ու ծնողներից բացի ուրիշ մեկն էլ կա։

Ֆիլմի ռեժիսորն է Քիմ Ջի-վունը, որը տարբեր ժանրերում մեծ հաջողությունների է հասել։ Այս անգամ իր մոտ ստացվեց էտալոնային սարսափ ֆիլմ՝ հարավկորեական կինոյին բնորոշ վիզուալ էսթետիկայով։ Սյուժեի առումով էլ ֆիլմը հետաքրքիր է։ Անսովոր փլոթ թվիսթերի միջոցով ռեժիսորը կարողանում է ուրվականների մասին հերթական պատմությունը վերածել օրիգինալ գործի։

Մշուշ

The Mist
Ֆրենք Դարաբոնտ, 2007

Փոթորկի արդյունքում փոքրիկ քաղաքի վրա տարօրինակ արարածներ են հարձակվում։ Բնակիչների մի փոքր խումբ փորձում է փրկվել՝ թաքնվելով տեղի սուպերմարկետում։

Ֆիլմը հիմնված է Սթիվեն Քինգի համանուն գրքի վրա։ Ռեժիսոր Ֆրենք Դարաբոնտը Քինգի մեծ մասնագետ է․ նախկինում նկարահանել է «Կանաչ մղոն», «Փախուստ Շոուշենքից» ֆիլմերը։ Այստեղ էլ նա առաջին անգամ լիամետրաժ ֆիլմով անդրադառնում է Քինգի «հիմնական»՝ սարսափ ժանրին։ Բայց Դարաբոնտի մոտ թե սյուժետային, թե իմաստային էական փոփոխություններ կան։ Եվ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ էկրանավորումը միանշանակ ավելի լավն է, քան գրական սկզբնաղբյուրը:

Փոնթիփուլ

Pontypool
Բրյուս Մաքդոնալդ, 2008

Ռադիոհաղորդավարը լուսաբանում է անհասկանալի իրադարձությունները․ Օնթարիոյի փոքր քաղաքներից մեկում մահացու վիրուս է տարածվում։

Վերջին տասնամյակներին բազմաթիվ զոմբի մուվիներ են դուրս եկել, և այս ենթաժանրը տարբեր դրսևորումներ է ստանցել՝ ընդհուպ մինչև պարոդիաներ․ վերջերս նույնիսկ Ջիմ Ջարմուշն անդրադարձավ տվյալ թեմային։ Այսպիսի տարածվածությունը հասկանալի է, քանի որ անխուսափելի սպառնալիքը, որից չես կարող ազատվել, սարսափի կարևոր բաղկացուցիչն է։ Զոմբի մուվիներն էլ բնականաբար հենց դրա մասին են։ Բայց նույնիսկ նման բազմազանության ֆոնին կամերային այս ֆիլմը շատ օրիգինալ ու հետաքրքիր ձևով է թեման մատուցում։ «Փոնթիփուլում» ամենահետաքրքիր որոշումը վիրուսի փոխանցման միջոցի ընտրությունն է, որը ուրիշ ոչ մի տեղ դեռևս չի օգտագործվել։

Զարկերակ

Kairo
Կիեսի Կուրոսավա, 2001

Մի խումբ մարդիկ տվյալներ են հայտնաբերում, ըստ որոնց՝ հնարավոր է՝ համացանի միջոցով տարբեր ոգիներ են փորձում ներխուժել մարդկային աշխարհ:

Ֆիլմի ռեժիսոր Կիեսի Կուրոսավան ճապոնական հորորի ու թրիլլերի մեծ վարպետ է։ Զարկերակն էլ նրա երևի թե ամենահայտնի ֆիլմն է (նույնիսկ ամերիկյան ռիմեյք է նկարվել, ճիշտ է՝ շատ անհաջող)։ Այստեղ ռեժիսորը նոր տեխնոլոգիաների թեմային է անդրադարձել, բայց ի տարբերություն «Սև հայելու» նման պրոեկտների, Զարկերակը սոցիալական պամֆլետ չի դառնում. Կուրոսավան կենտրոնանում է հենց սարսափելիի վրա ու պատկերում է մռայլ ու անհասկանալի մի աշխարհ։

Դեպի հարավ

Southbound
Ռադիո Սայլենս, Ռոկսան Բենջամին, Դեյվիդ Բրյուկներ, Պատրիկ Հորվաթ, 2015

Հինգ փոխկապակցված պատմություններ պատկերում են մի երկար գիշեր, որի ընթացքում հոգնած ճանապարհորդները դեմ առ դեմ են դուրս գալիս իրենց ամենավատ մղձավանջներին և ամենամութ գաղտնիքներին։

Այս ֆիլմը սարսափների երևի թե լավագույն անթոլոգիան է։ Այն բաղկացած է տարբեր ռեժիսորների կողմից նկարահանված մի քանի կարճ պատմությունից։ Իրարից ամեն ինչով տարբերվող սյուժեները մեզ անընդհատ լարվածության մեջ են պահում ու շատ հետաքրքիր ձևով են հերթափոխում միմյանց։ Հենց այս անցումներն են ֆիլմը դարձնում ամբողջական։ Արդյունքում՝ նույնիսկ մոռանում ես, որ սա մեկ հեղինակի աշխատանք չէ։ 

«Բերբերյան» ձայնագրման ստուդիա

Berberian Sound Studio
Փիթեր Սթրիկլենդ, 2012

1970-ականներին բրիտանացի ձայնային ինժեներ Գիլդերոյին հրավիրում են Իտալիա՝ նոր սարսափ ֆիլմի աուդիո էֆֆեկտների ձայնագրման համար։ Համեստ ու ամաչկոտ մասնագետը սկսում է աշխատանքը, որին, պարզվում է, հոգեպես պատրաստ չէր։

Ի տարբերություն ռեժիսորի վերջին ֆիլմի («Կտորի մեջ»)՝ «Բերբերյան ստուդիան» բնույթով ավելի շատ էքսպերիմենտալ է, քան ժամանցային։ Բացի սարսափ լինելուց՝ սա նաև ֆիլմ է ֆիլմի ստեղծման և արվեստի ազդեցության մասին։ Այստեղ գլխավոր հերոսն աշխատում է իտալական սարսափ ենթաժանրի՝ ջալոյի վրա, բայց գործողությունների զարգացմանը զուգահեռ հենց «Բերբերյան ստուդիան» է ձեռք բերում ջալոյին բնորոշ տարրեր։

Խրճիթը անտառում

The Cabin in the Woods
Դրյու Գոդարդ, 2012

5 ընկերներ որոշում են ազատ օրերն անցկացնել բնության գրկում․․․

Ֆիլմը սկսվում է շատ հասարակ երիտասարդական սարսափի նման, բայց հետո տրանսֆորմացվում է լրիվ անսպասելի ժանրային ռեբուսի։ Ուես Քրեյվենի «Ճիչի» լավագույն ավանդույթները շարունակող այս «մետասարսափը» միաժամանակ բացահայատում է ժանրի կլիշեները ու ծաղրում դրանք։

Որոշում

Resolution
Աարոն Մուրհեդ, Ջասթին Բենսոն, 2012

Ընկերոջը թմրանյութերի կախվածությունից փրկելու փորձերը բերում են անսպասելի և սարսռեցնող հետևանքների։

Բենսոնն ու Մուրհեդը մեր ժամանակի ամենախոստումնալից հորորմեյքերներից են: Ռեժիսորական այս դուետն ընդամենը երեք ֆիլմ է նկարել՝ «Որոշում», «Գարուն», «Անվերջը», բայց արդեն հասցրել է ստեղծել մի նոր սարսափելի աշխարհ՝ Լավքրաֆթի լավագույն ավանդույթներով: 

Սեքսուալ Դուրգա

Sexy Durga
Սանալ Կումար Սասիդհարան, 2017

Հնդկաստանի հյուսիսից գաղթած Դուրգան և կերալացի Քաբիրը կեսգիշերին փախուստի են դիմում: Զենք տեղափոխող երկու մանր գանգստեր իրենց օգնությունն են առաջարկում զույգին: Դուրգայի ուղևորությանը զուգահեռ մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում: Կերալայի մի գյուղում հավատացլալները զբաղված են Դուրգա աստվածուհուն նվիրված ծիսական արարողությամբ։

Այս կլանող «հակասարսափ» ֆիլմը շատ հասարակ և օրիգինալ ձևով պատկերում է մի փակ ցիկլ, որտեղ հերոսներն ամեն անգամ կարծես թե վերադառնում են նույն տեղը։ Դաժան ծիսակատարության դոկումենտալ կադրերն էլ շատ համահունչ են սյուժեի հետ։ Ինչպես հենց ռեժիսորն է նշում, սեփական մարմինը երկաթյա ձողերով ծակելով՝ բռնության ես ենթարկում ինքդ քեզ, հետևաբար ուրիշին ցավ պատճառելն էլ ավելի հեշտ է դառնում։

Գորտի ուղին

Toad Road
Ջեյսոն Բենքեր, 2012

Թմրանյութերի ազդեցության տակ գտնվող Սառան սկսում է անընդհատ խոսել Գորտի ուղու մասին։ Լեգենդը պատմում է, որ Փենսիլվանիա նահանգում գտնվող այդ ճանապարհը տանում է ուղիղ դեպի դժոխք։ Անցնելով այդ ուղու 7 դարպասներից յուրաքանչյուրը՝ մարդն աստիճանաբար կորցնում է ինքն իրեն։ 

Պարզ չէ՝ դժոխք տանող ճանապարհի մասի՞ն է ֆիլմը, թե՞ խոսքը ծանր թմրանյութերին է վերաբերում, որոնք այնպես են ազդում ուղեղի վրա, որ իրականության հետ կապը կորցնում ես։ «Գորտի ուղին» ցուցակի երևի թե ամենատարօրինակ ֆիլմն է: Սա ավելի շատ աուդիովիզուալ էքսպիրիենս է. ռեժիսոր Ջեյսոն Բենքերն այստեղ իր համար ծայրահեղ անձնական թեմային է անդրադառնում: 

Այն հետապնդում է

It Follows
Դեյվիդ Ռոբերտ Միտչել, 2014

Սեռական հարաբերությունից հետո երիտասարդ կնոջը հետապնդում է մի անբացատրելի գերբնական ուժ։

Սարսափ ֆիլմերում շատ է հանդիպում մեկ անձից մեկ այլ անձի ինչ-որ ձևով փոխանցվող անեծքների կոնցեպտը (հիշենք օրինակ Սեմ Ռեյմիի «Քաշի ինձ դժոխքը»)։ Հետաքրքիր է, որ այստեղ անեծքը՝ հետապնդվելու զգացողությունը, փոխանցվում է հենց սեռական ճանապարհով։ Այսինքն՝ ֆիլմը նաև սոցիալական հարցերի է անդրադառնում՝ քննարկելով սեքսի շուրջ ձևավորված տաբուները, վախերը, մեղքի զգացումը։


Ցանկում իհարկե բազմաթիվ լավ ֆիլմեր տեղ չեն գտել։ Այստեղ կարող էր լինել նույնիսկ Դեյվիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվը», որը մեծ հաշվով չի համարվում սարսափ ֆիլմ, բայց հենց այնտեղ կարելի է տեսնել բոլոր ժամանակների ամենավախենալի տեսարաններից մեկը։

Join the Conversation

  1. лиза степанян's avatar
  2. Ալեքսանդր Մելյան's avatar
  3. Անհայտ's avatar

3 Comments

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started