Կյանքի գիրքը / The Book of Life
Իննսունականների երկրորդ կեսին ֆրանսիական «Haut et Court» ստուդիան նախաձեռնությամբ հանդես եկավ, ըստ որի՝ 10 տարբեր երկրներ ներկայացնող ռեժիսորներ պետք է նկարեին 10 ֆիլմ, ուր ցույց կտային միլենիումի իրենց տեսլականը: «2000-ը ըստ…» պրոեկտի մասին այսօր շատերը չեն հիշում, բայց դրա շրջանակում բավականին կարևոր ու հետաքրքիր ֆիլմեր նկարահանվեցին: Օրինակ՝ Ցայ Մին-լյանի «Անցքը», Դոն ՄաքՔելարի «Վերջին գիշերը» կամ Իլդիկո Էնյեդիի «Տամաշը ու Յուլին»:
Այդ ֆիլմերի շարքում է նաև Հել Հարթլիի «Կյանքի գիրքը»: 1999-ի դեկտեմբերի 31-ին՝ նոր հազարամյակի նախօրեին Նյու-Յորք է ժամանում Հիսուս Քրիստոսը՝ Մարիա Մագդաղենացու ուղեկցությամբ: Հիսուսի ձեռքերում է Կյանքի գիրքը, ու մեկ օրվա ընթացքում նա պիտի որոշի՝ եկե՞լ է արդյոք Ապոկալիպսիսի ժամանակը, թե՞ ոչ:

Այստեղ շարունակվում է «Հենրի Ֆուլով» սկսված գայթակղության և էթիկական կոնֆլիկտի թեման․ իզուր չի որ Սատանայի դերը խաղում է հենց Ֆուլի դերակատար Թոմաս Ջեյ Ռայանը: Բայց այստեղ ամեն ինչ շատ ավելի բացահայտ է․ կարիք չկա ֆիլմի սյուժեն ու հերոսներին ինչ-որ հայտնի կերպարների ու պատմությունների հետ համեմատել: Գործող անձինք այստեղ հենց իրենք են՝ Հիսուսը, Սատանան, Մարիա Մագդաղենացին (մինչ այս պահը մնում է երգչուհի Փի ջեյ Հարվիի միակ դերը կինոյում): Բայց նույնիսկ այս կերպարներին Հարթլին տակն ու վրա է անում: Հիսուսը, օրինակ, կանգնում է նոր հեղափոխականի, ըմբոստի ճանապարհին, ու նույնիսկ Սատանան որոշակի սկզբունքներ ունի:
Միևնույն հերթին որոշակի ասոցիացիաներ անխուսափելի են: Մեծ կորպորացիաների, կապիտալիզմի ու գլոբալիզմի թեմաներն են բարձրաձայնվում: Եվ իրականում ոչ թե ապոկալիպսիսն է մոտենում, այլ թվային դարը: Հենց այս ֆիլմից սկսած Հարթլին շատ ավելի «քաղաքական» ռեժիսոր դարձավ:

Ամեն մի էպիզոդ իհարկե ծայրահեղ աբսուրդային, սյուրռեալիստական է: Հիսուս-Սատանա հանդիպումն անցնում է Նյու-Յորքի ռուսական բարերից մեկում: Աբսուրդային է ներկայացված նաև թվային աշխարհի ներխուժման թեման, որին արդեն «Հենրի Ֆուլում» մի ամբողջ էպիզոդ էր նվիրել Հարթլին: Բայց այստեղ նա էլ ավելի հեռու գնաց․ նույնիսկ հռչակավոր Կյանքի գիրքը մակբուքում է պահվում։
Թվային տեխնոլոգիաների թեման ֆիլմի սյուժեի կարևոր մաս լինելով չի սահմանափակվում։ Հետաքրքիր է, որ սա Հարթլիի առաջին ֆիլմն է՝ նկարահանված 90-ականների էժան թվային կամերայով, որը նրա կարիերայի նոր փուլի շատ անսպասելի սկիզբը հանդիսացավ: Կարծես հատուկ սիրողական նկարահանում լինի, որտեղ երիտասարդ, անփորձ, բայց շատ եռանդուն ու հետաքրքասեր մի ուսանող-ռեժիսորի ձեռքն է ընկել տեսախցիկ, ու հիմա նա այն փորձարկում է։ Այստեղ տեսնում ենք սև ու սպիտակ տեսարաններ, բլուր, հոլանդական անկյուն — նակլոն, ռասֆոկուս, գունային ֆիլտրեր, ու շատ այլ խաղեր պատկերի հետ։
Սա նաև Հարթլիի առաջին ֆիլմն է, որտեղ ֆանտաստիկայի էլէմենտներ ենք տեսնում: Հետո եղավ նույն ոճով նկարված «Երկուշաբթի օրվա աղջիկը»: Այդ ֆիլմերի արանքում էլ ընկավ ֆորմայի առումով շատ ավելի կոնվենցիոնալ «Անիրական բան չկա» ֆիլմը, որն իրենից ժամանակակից սատիրիկ ֆենթեզի-հեքիաթ է ներկայացնում:
Վերապրելով ցանկությունը / Surviving Desire
1991-ին «Վերապրելով ցանկությունը» ֆիլմի հետ միասին Հարթլին նկարահանեց նաև երկու կարճամետրաժ՝ «Ամբիցիա» և «Հաջողության տեսությունը»: Հարթլիի՝ ֆրանսիական նոր ալիքով ու հատկապես Գոդարով ազդված լինելու մասին միշտ էլ շատ է խոսվում, ու երևի թե հենց այս ֆիլմերում է այդ ազդեցությունն ամենից արտահայտիչ: («Հաջողության տեսությունում» նույնիսկ Գոդարի նմանակ կերպարին կարող ենք հանդիպել։)
«Ցանկությունը» ոչ միայն էսթետիկայով, այլ նաև բարձրացվող թեմաներով, պատմելաոճով ու կերպարների բնույթով է հիշեցնում Նոր ալիքը։ Ինչպես Գոդարի, Ռոմերի ու մյուսների մոտ, այս ֆիլմի հիմքում էլ են ընկած իրար հետ կարծես չփոխկապակցված, երբեմն շատ տարօրինակ, վերացական, երբեմն հակառակը՝ ծայրահեղ կենցաղային դիալոգները:

Առաջին բանը, ինչ մենք տեսնում ենք բացման տեսարանում՝ Կարամազով եղբայրների հատորն է գլխավոր հերոսի ձեռքին։ (Իմիջիայլոց երկու ֆիլմերում էլ գլխավոր հերոսի դերակատարն է Հարթլիի տարբեր ֆիլմերում նկարահանված Մարտին Դոնովանը): Առաջին բանը ինչ լսում ենք՝ հենց այդ գրքից մեջբերում: Հետո էլ գործողությունները ծավալվում են գրքերի ու գրականության շուրջ: Խոսվում է արվեստի ու կյանքի փոխազդեցության մասին: Հնարավո՞ր է արդյոք կյանքը հասկանալ գրքեր կարդալով միայն: Կարո՞ղ է արդյոք մարդն անկեղծ մնալ, երբ ամեն ինչի վերաբերվում է որպես փորձառության, գրի է առնում ամեն ինչ, անգամ սեփական զգացմունքները փորձում է օգտագործել գրականության մեջ հմտանալու համար:
Կապը գրականության (ու թատրոնի) հետ մեկ այլ մակարդակով էլ է գործում․ կարծես պիեսի էկրանավորում լինի. կրկնվող լոկացիաներ, կրկնվող իրավիճակներ, կրկնվող պաթոսային լրջությամբ լի դիալոգներ: Այստեղ ամեն ինչ իհարկե խաբուսիկ է, իրականում ֆիլմի ամեն այդպիսի տեսարանում թաքնվում է Հարթլիի ֆիրմային հումորը, իրոնիան:

Սա երևի թե Հարթլիի ամենից ոչ կոմերցիոն կամ նույնիսկ պրինցիպյալ հակակոմերցիոն գործն է, դրանով մոտ է նրա հետհենրիֆուլյան շրջանի գործերին։ Իրական «ֆորմատից դուրս ֆիլմ է» արդեն խրոնոմետրաժի առումով էլ․ չես կարող կողմնորոշվել լիամետրաժ է, թե կարճամետրաժ: Եթե այն համեմատենք Հարթլիի վաղ շրջանի մյուս գործերի հետ, ֆիլմը կարող է թվալ ինչ-որ տեղ հում․ կարծես մի փոքր անտաշ, չավարտված գործ լինի: Բայց եթե մի քիչ ուշադիր նայենք, կհասանանք, որ այն ամենը, ինչի շնորհիվ սիրում ենք Հարթլիի վաղ շրջանի աշխատանքները կա նաև այստեղ։ Ուղղակի ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է ու պարզ: «Վերապրելով ցանկությունը» կարևոր ֆիլմ է, հատկապես երբ ուզում ես հասկանալ Հարթլիի կինոյի մեխանիկան:
