Արդեն շուրջ մեկ շաբաթ աշխարհի բոլոր կինոէկրաններին, այդ թվում՝ Երևանում, ցուցադրվում է Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որը պատմում է 1969 թ․-ին Հոլիվուդում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների մասին: Հայտնի դերասան Ռիք Դալթոնը (ԴիԿապրիո) ու նրա դուբլյոր Քլիֆ Բութը (Փիթ) փորձում են գտնել իրենց տեղն արագ տրանսֆորմացվող կինոինդուստրիայի աշխարհում:

Տարանտինոյի 9-րդ ֆիլմը ձոն է հոլիվուդյան ոսկե դարաշրջանին ու հին կինոյի մահվան փաստի տխուր կոնստատացիա։ Սա նաև սիրո խոստովանություն է Նոր Հոլիվուդին, և նույնիսկ օմաժ 60-ականների հեռուստատեսային էնթերթեյնմենթին։ 

Նոստալգիա 

Այս անգամ Տարանտինոն նկարել է մաքուր նոստալգիկ ֆիլմ իր մանկության կինոէպոխայի մասին: Ստեղծել մի աշխարհ՝ բնակեցված տարբեր կերպարներով՝ ինչպես իրական, այնպես էլ հորինված։ Բայց նույնիսկ հորինված կերպարները մեծ հաշվով հիմնվում են ռեալ գոյություն ունեցող մարդկանց վրա։ Օրինակ՝ երկու գլխավոր հերոսները՝ Ռիքն ու Քլիֆը, ամենայն հավանականությամբ հոլիվուդյան 60-70-ականների աստղ Բերթ Ռեյնոլդսից ու նրա մոտ ընկեր՝ կասկադյոր Հել Նիդեմից են արտանկարված։

Եթե փորձենք մանկության միֆերի մասին հիշողությունից ու նոստալգիայից այն կողմ գնալ ու ֆիլմին մի փոքր ավելի լուրջ վերաբերվել՝ խոսելով դրա մասին ինչպես փորձ էպոխայի ոգին որսալու, ամերիկյան կինոյի պատմության կարևոր շրջանների հատման կետի մասին պատմելու, որոշակի խնդիրներ կարող ենք տեսնել։ Այո, հրաշալի է փոխանցված անտուրաժը, գույները, դեկորացիաները, կոստյումները, պատկերվում են ֆիլմեր, սերիալներ, կինոպաստառներ և այդ ժամանակի բազմաթիվ այլ արտեֆակտեր, բայց իդեալական կազմի, վիզուալ մասի ետևում դժվար է ինչ-որ գաղափար գտնել. եթե սպասում ես ստանալ Տարանտինոյից ավելին, քան գեղեցիկ «բացիկային ֆիլմ», հայտնաբերում ես, որ այս անգամ ռեժիսորի մոտեցումը մի փոքր մակերեսային է։

Մեծ քանակությամբ հիշատակվող շոուները, ֆիլմերն ու ռեժիսորները ինչ-որ կոմպիլյատիվ բնույթ են փոխանցում Հոլիվուդին, քանի որ Տարանտինոն ոչ մի բանի վրա ուշադրությունը չի բևեռում։ Նա կարելի է ասել նեյմդրոփինգով է զբաղվում։ Չի խորանում, չի փորձում բազմաշերտ հետաքրքիր կերպարներ ստեղծել և նրանց էությունը հասկանալ: Դրանք բոլորը միայն անուններ են կարծես։ Միգուցե այդպես էլ մտածված է․ Հոլիվուդյան կարամելային ֆասադի ետևում թաքնվում է բացարձակ դատարկություն: Կամ, ինչն ավելի հավանական է, Տարանտինոյին ավելի կարևոր է անցյալի աստղերի էկրանային իմիջը, ոչ թե նրանց իրական բնավորությունները, անձնական ապրումներն ու խնդիրները:

«Թույլ կերպարներ Տարանտինոյի ֆիլմում»՝ այլևս նոնսենս չի

Անգամ գլխավոր հերոսներն են միաշերտ։ Փիթն ու ԴիԿապրիոն իրական դերասանական մաստեր-կլասս են մատուցում. իրենց կարիերաների լավագույն պերֆորմանսներից են կատարել այստեղ։ Միայն թե այդ կերպարները Տարանտինոյի մոտ հանդիպողներից ամենից հասարակ և ձանձրալիներն են։

Մյուս կերպարների մասին խոսելու իմաստ էլ չկա։ Մեծ մասամբ՝ փոքր, չհիշվող կամեոներ են կամ «բացիկային» տեսարաններ կուլտային կերպարների մասին՝ Բրյուս Լիի կամ Սթիվ ՄաքՔուինի նման։ Նույնիսկ մի փոքր ափսոս, որ իրականում տաղանդավոր դերասանուհի Մարգո Ռոբբին կարծես բավականին մեծ, բայց իրականում նույնպես երրորդ պլանի դեր ստացավ։

Պոլանսկու տուն և «Հիչքոքյան ժամացույց»

Պոլանսկու տան ու Շերոն Թեյթի գիծն իհարկե պատմությանն ավելացնում է որոշակի աուտենտիկություն։ Այն պիտի օգնի հանդիսատեսին ֆիլմը կապել իրական դեպքերին, ընդհանուր պատմությանը պիտի խորություն տա ու դրամատիզմ։

Ֆիլմի սյուժեն ինքնին համարյա չի հուշում հնարավոր տրագեդիայի մասին։ Կա միայն գիտելիք, որն ունի հանդիսատեսը։ Այս գիծը, կարելի է ասել, հիչքոքյան բոմբի ու պատից կախված ժամացույցի պրինցիպով է գործում։ Կարծես ոչ մի բան չի էլ կատարվում, բայց հանդիսատեսը, որը տեղյակ է Պոլանսկու տան «մասակրի» մասին, ամբողջ ֆիլմի ընթացքում, նույնիսկ ուրախ զվարճալի էպիզոդների ժամանակ, պիտի զգա որոշակի դիսկոմֆորտ, անհանգստություն։ Պիտի սպասի, որ ինչ որ սարսափելի բան է տեղի ունենալու։ 

Մյուս կողմից այդ գիծը դուրս է ընկնում ընդհանուր սյուժետային կանվայից: Այն մյուս իրադարձություններից առանձին է կարծես։ Եթե հանենք սասփենսն ապահովելու միտումը, ապա պատմության այս մասը նույնիսկ անտեղի է, լիովին անիմաստ։ Մի գուցե ավելի լավ կլիներ, որ Թեյթի գիծն է՛լ ավելի փոքր լիներ, և միայն վերջում առաջին պլան դուրս գար:

Օմաժը որպես ֆիլմի առանցք կամ հանդիսատեսի իրազեկվածության կարևորությունը

Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ քննադատների մոտ դեռևս Կաննի փառատոնի շրջանակներում։ Ճիշտ է՝ Կաննում մրցանակ չստացավ, եթե չհաշվենք «Palm Dog award-ը», որին ֆիլմն արժանացավ Բրենդիի պերֆորմանսի համար (ի դեպ նրա դերը միանգամից երեք շուն էր կատարել):

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա այստեղ կարող են տարբեր արձագանքներ լինել։ ԱՄՆ-ում ֆիլմը պետք է որ ավելի լավ ընդհունվի, չէ որ հենց ամերիկյան փոփ մշակույթի, նրանց միֆերի ու լեգենդների մասին է։ Թեև բազմաթիվ հղումներ կմնան անհասկանալի նույնիսկ իրազեկ հանդիսատեսի համար։ Առաջ բոլորովին պարտադիր չէր իմանալ, թե որտեղից ինչ է վերցնում Տարանտինոն, որպեսզի հաճույք ստանայիր նրա ֆիլմերից, նա միշտ կարողանում էր շատ հաջող ներդնել հղումները սեփական ֆանտազիաների ու սյուժեների մեջ։ Նախկինում պատմությունները երբեք (բացի «Անփառունակ սրիկաներից») չէին հիմնվում իրական իրադարձությունների վրա, իրական կերպարներ չէին ներառում: Առաջնայինը ոճն էր ու պատմությունը մատուցելու ձևը:

Այս անգամ Տարանտինոն ոչ թե ուղղակի նկարում է 60-ականների հոլիվուդյան կինոյի ոճով, այլ նկարում է ֆիլմ այդ ժամանակաշրջանի մասին:Հիմա ակնհայտ կենտրոնական դեր են գրավում հենց հղումները. դիտողի համար էլ շատ կարևոր է դրանք ըմբռնել, հասկանալ: Կոպիտ ասած՝ հանդիսատեսը ամենաքիչը պարտավոր է իմանալ, թե ով է Չարլզ Մենսոնը, ու ինչ է իրականում պատահել Պոլանսկու տանը 1969 թվականին։ Նաև շատ ցանկալի է, որ որոշ չափով ծանոթ լինի Հին ու Նոր Հոլիվուդների առանձնահատկություններին։ 

«Տարանտինոն» քիչ է

Տարանտինոյի երկրպագուները մի փոքր զարմացած կլինեն նաև տարանտինոյական «ֆիշկաների» սակավությունից։ Որոշ չափով ֆիլմը բավականին կոնվենցիոնալ է, կարելի է ասել, որ սա դասական նոստալգիկ կինոնկար է։ Տարանտինոյին բնորոշ «գժությունները» եթե և հանդիպում են, ապա շատ դոզավորված կերպով են մատուցվում։ Իսկ ամենատարանտինոյական տեսարանին հանդիսատեը պետք է սպասի շուրջ երկու ժամ։

Inglorious Bastards. Vol II

Իսկ եթե փորձենք «Հոլիվուդի» տեղը գտնել Տարանտինոյի ֆիլմոգրաֆիայում, այն միանշանակ կկանգնի «Անփառունակ սրիկաների» կողքին։ Իր իններորդ ֆիլմում ռեժիսորը կրկին փոփոխում է պատմական իրողությունները, հորինում է սեփական ալտերանտիվ իրականություն (ի դեպ, ամենացավալին երևի այն է, որ նույնիսկ ոչ տրիվիալ վերջնամասը «կարդացվում է» ֆիլմի ամենասկզբից)։ 

«Սրիկաներն» է հիշեցնում նաև կտրտվող տեմպն ու ռիթմը․ սասփենսով լի տեսարանը հաջորդում է ինչ որ հանգիստ դրվագի, ուր առանձնապես բան չի կատարվում։ Օրինակ՝ մենսոնյան «ընտանիքի» տեսարանը լքված ռանչոյի անտուրաժում։ Այս նյարդային ու սասփենսով լի, որոշ առումով հորոր հիշեցնող դրվագին զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչպես է Շերոն Թեյթը կինոթատրոնում իր ֆիլմերից մեկը դիտում, իսկ Ռիք Դալթոնը նկարահանման հրապարակում շփվում փոքրիկ դերասանուհու հետ։ Բայց եթե «Սրիկաներում» այդպիսի մեթոդը շատ լավ աշխատում էր որպես մի ամբողջական մեխանիզմ (հիմնականում կոլորիտային հետաքրքիր կերպարների շնորհիվ), ապա այստեղ առանձին տեսարանները կարծես թե շատ լավ են արված, բայց միասին մի ամբողջական ստեղծագործություն չեն կազմում։

«Սրիկաների» հետ կապը միայն իրականության հետ խաղով կամ նմանատիպ ռեժիսորական հնարքներով չի պայմանավորվում։ «Հոլիվուդի» սկզբնամասում կա «The 14 Fists of McCluskey» ֆեյք ֆիլմից մի տեսարան, ուր ԴիԿապրիոն հրանետով ոչնչացնում է չարագործ նացիստներին։ Սյուժեի համար անսպասելիորեն կարևոր այս դրվագն իհարկե հիշեցնում է «Սրիկաների» մասին։ Նույնիսկ կարծիք գոյություն ունի, ըստ որի՝ «Անփառունակ Սրիկաները» ու «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմերը մեկ կինոաշխարհի մաս են կազմում, ու երկու ֆիլմի գործողությունները կատարվում են նույն ալտերնատիվ իրականությունում։

Կարճ վերջաբանի նման մի բան

Ակնհայտ է՝ կհնչեն ենթադրություններ, որ ԴիԿապրիոյի կերպարը հենց Տարանտինոյի ալտեր էգոն է՝ որպես կարիերայի մայրամուտին հասած արտիստ։ Բայց չի կարելի ասել, որ այս ֆիլմը հոգնած հեղինակի անհաջող աշխատանք է (ի տարբերություն, օրինակ՝ Ջիմ Ջարմուշի վերջին գործին)։ Ընդհանուր առմամբ սա լավ, որակյալ կինոնկար է, որտեղ առանձին տեսարաններում միանշանակ կա եռանդ ու ոգի: Ֆիլմը դիտում ես հաճույքով, ափսոս միայն, որ հետո այն առանձնապես ոչ մի հետք չի թողնում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started