Ռեժիսոր Դեյվիդ Ռոբերտ Միտչելը լայն ճանաչում ստացավ դեռ իր նախորդ աշխատանքից՝ «Այն հետապնդում է» սարսափից հետո։ Նրա վերջին ֆիլմն էլ՝ «Սիլվեր Լեյքի տակ», նույնիսկ մտավ Կաննի հիմնական մրցութային ծրագիր։
Ֆիլմի գլխավոր հերոս Սեմը՝ առանձնապես ոչ մի բանով չզբաղող մի երիտասարդ, ծանոթանում է մի աղջկա հետ, որը հաջորդ օրն անհասկանալի ձևով անհետանում է։ Փորձելով գտնել աղջկան՝ Սեմը բավականին արագ հայտնվում է դավադրության տեսությունների աշխարհում։
Հիմնական դետեկտիվային այս սյուժեին զուգահեռ ֆիլմում տարբեր խորհրդավոր իրադարձություններ ու պատահարներ են տեղի ունենում․ տարօրինակ ավտովթարում մահանում է հոլիվուդյան միլիարդատերը, անընդհատ խոսվում է քաղաքի շներին սպանող մանյակի մասին։

Ֆիլմի սյուժեն որոշ առումով ծաղրում է ամերիկյան մտածելակերպը՝ պտտվելով դավադրությունների տեսությունների շուրջ, որոնք շատ տարածված են ԱՄՆ-ում (բոլորը գիտեն Լուսնի վրա վայրէջքի կամ Քենեդիի սպանության հետ կապված տարբեր վարկածների մասին)։ Այստեղ էլ դավադրությունների հիմնական գործիքը հոլիվուդյան փոփ-մշակույթն է․ Սեմը գտնում է թաքնված կոդեր տարբեր երգերում, հին ֆիլմերում, կոմիքսներում, նույնիսկ քաղցրավենիքի տուփի վրա նկարված պատկերներում։
Գործողությունների զարգացմանը զուգահեռ մենք աննկատելիորեն հայտնվում ենք «գիկ»-ի երևակայական աշխարհում։ Եթե սկզբում աբսուրդային տեսարանները մեզ դոզավորված են մատուցվում, ու մենք դեռ կարողանում ենք երազն ու իրականությունը տարբերել (օրինակ՝ պարզ է, որ ֆիլմի սկզբում հաչող աղջկա տեսարանը Սեմի մղձավանջն է), ապա վերջաբանին ավելի մոտ սկսվում է իրական ֆանտասմագորիա։

Ֆիլմը հաճախ անվանում են Լինչյան ու համեմատում են «Mulholland Drive»-ի և «Blue Velvet»-ի հետ։ Իրականում այստեղ կապվածությունները այլ կինոնկարների հետ շատ ավելի բազմազան են ու բազմաշերտ՝ թե հղումների և թե ընդհանուր մթնոլորտի առումով։ Ամենավառ օրինակներից մեկը երևի թե Կուբրիկի «Աչքերը լայն փակ» ֆիլմն է, որտեղ նույնպես մթնոլորտը լիովին կլանում է հանդիսատեսին. կարծես գլխավոր հերոսի հետ քվեսթի ես դուրս գալիս։
«Սիլվեր Լեյքը» շատ ամբիցիոզ և խոստումնալից պռոեկտ էր, սակայն այդքան էլ մեծ ուշադրության չարժանացավ ու նաև որոշակի քննադատության ենթարկվեց։ Բայց միևնույնն է՝ կա տպավորություն, որ ժամանակի ընթացքում այն կարող է պոստմոդեռնիստական կլասիկա դառնալ։ Չէ՞ որ նույն «Աչքերը լայն փակից» էլ բավականին ժամանակ պահանջվեց՝ կուլտային ստատուս ձեռք բերելու համար։
