Շատ դեպքերում անհնար է առաջին ֆիլմով դատել հեղինակի տաղանդի կամ դրա բացակայության մասին։ Հիշենք, օրինակ, Ինգմար Բերգմանի կամ Սթենլի Կուբրիկի ֆիասկոյի ենթարկված դեբյուտների մասին։ Բայց լինում է նաև այնպես, որ նույնիսկ ընդամենը մեկ ֆիլմով ռեժիսորը մնում է կինոյի պատմության մեջ՝ Դալթոն Թրամբոյի «Ջոննին վերցրեց հրացանը» կամ Բարբարա Լոդենի «Վանդան»։
Այստեղ փորձեցինք հավաքել նոր հազարամյակի ամենից հետաքրքիր դեբյուտները։ Ցուցակը կազմելիս շատ դժվար էր ընդամենը 10 ֆիլմով սահմանափակվել․ բազմաթիվ այլ հիանալի աշխատանքներ չկարողացանք ընդգրկել։
Նշված տասը հեղինակներից որոշները դարձել են ժամանակակից կինոյի գլխավոր գործող անձանցից, ոմանք դեռևս չեն հասցրել անուն վաստակել, ոմանք էլ մեծ հաջողությունից հետո արդեն իսկ մոռացության են մատնվել։ Իսկ մեկը՝ բոլորից երիտասարդը, այլևս չկա։
Համաչափության դասեր

Էմիր Բայգազին, 2013
Բուժզննման ընթացքում 13 տարեկան Ասլանը բոլորի առջև ստորացվում է «դասարանի նայողի» կողմից։ Այդ ինցիդենտը բերում է Ասլանի թաքնված խանգարումների զարգացմանը։
Այս ֆիլմում, որն անդրադառնում է մանկական ագրեսիայի ու դպրոցական բուլինգի խնդիրներին, ռեժիսոր Էմիր Բայգազինը գտնում է կարևոր թեմայի ու հեղինակային էսթետիկայի համաչափությունը։ Չէ՞ որ այս խնդիրների վերաբերյալ ֆիլմ նկարահանելիս չափազանց դժվար է բովանդակությունից դիստանցիա պահել և չստեղծել հերթական «չեռնուխա»:
Ղազախստանում ֆիլմը սուր քննադատության ենթարկվեց։ Ցուցադրությունները նույնիսկ պատրաստ էին արգելել․ պաշտոնյաները ժխտում են, որ տեղի դպրոցներում կարող են փողոցային բարքերով առաջնորդվող կիսաքրեական խմբավորումներ գործել։
«Դասերից» հետո Բայգազինն արդեն երկու ֆիլմ է հասցրել նկարել։ Երկուսն էլ՝ դեռահասների միջև հարաբերությունների մասին։ Ինչպես երևում է, ռեժիսորը դեռևս չի սպառել իր հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ։
Ննջարանում

Թոդ Ֆիլդ, 2001
Երիտասարդ մի տղա՝ քոլեջի ուսանող, ամառային արձակուրդներին վերադառնում է հարազատ քաղաք։ Այնտեղ նա սիրահարվում է Նատալիին՝ իրենից տարիքով մեծ մի կնոջ։ Ամեն ինչ սկսվում է որպես ամառային մի սիրավեպ, որը կարծես կավարտվի արձակուրդների հետ միասին․․․
Եթե չիմանաս, որ սա դեբյուտային աշխատանք է, կարող ես կարծել, որ «Ննջարանում» ֆիլմն արդեն վաղուց կայացած փորձառու վարպետի գործ է։ Դժվար է անվանել վերջին տարիներին նկարահանված մի ֆիլմ, որը «ամերիկյան տրագեդիայի» ավանդույթներին այսպիսի նրբանկատ մոտեցում է ցուցաբերում։
Ֆիլմի հեղինակ Թոդ Ֆիլդը դեռևս իննսունականներին տարբեր նախագծերում հանդես է եկել որպես սցենարիստ, պրոդյուսեր ու նույնիսկ կոմպոզիտոր։ Իսկ սկսել է իր կինոուղին որպես դերասան (առաջին ֆիլմը՝ Վուդի Ալենի «Ռադիոյի դարաշրջանն» էր)։ Նա, օրինակ, կատարել է դաշնակահարի դերը Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմում։
«Ննջարանից» հետո Ֆիլդն ընդամենը մեկ ֆիլմ նկարեց՝ «Մանուկ երեխաներ» դրաման։ Ինչին հետևեց մինչ այժմ տևող լռությունը, չնայած նրան, որ այս տարիների ընթացքում Ֆիլդի անունը կապում էին բազմաթիվ պռոեկտների հետ։
Ներքին անվտանգություն

Քրիստիան Պետցոլդ, 2000
Հանսն ու Կլարան անցյալում կապեր են ունեցել տեռորիստական խմբավորումների հետ։ Իրենց դստեր հետ միասին նրանք անընդհատ փոխում են բնակության վայրը՝ ոչ մեկին չվստահելով ու նոր ծանոթություններ չհաստատելով։
Գերմանական կինոն հաճախ է անդրադարձել ձախ ռադիկալ տեռորիզմի խնդրին։ Բավական է հիշել բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը՝ Մարգարետ ֆոն Տրոտայի «Կապարե ժամանակները»։ Բայց այս ֆիլմում Քրիստիան Պետցոլդը չի կենտրոնանում քաղաքական ենթատեքսի վրա: Նրան այստեղ ավելի հետաքրքրում են մարդկային կերպարները, նրանց ապրելակերպը, այն, թե ինչպես են նրանք գործում ստեղծված իրավիճակում։
Պետցոլդը 21-րդ դարի ամենահետաքրքիր ալիքներից մեկի՝ Բեռլինյան դպրոցի առաջնորդներից է։ Նա շարունակում է ինտենսիվ ստեղծագործել։ Օրինակ՝ նրա վերջին ֆիլմը՝ «Տրանզիտը», ըստ մեզ, 2018-ի լավագույն հինգ ֆիլմերից մեկն է։
Կարմիր ուղի

Անդրեա Արնոլդ, 2006
Ջեկին երեսունն անց մի կին է, ով աշխատում է որպես Գլազգոյի հսկողության տեսախցիկների օպերատոր։ Ամեն օր նա կարծես հսկում է աշխարհի մի փոքր մաս, պաշտպանում է մարդկանց, որոնք ապրում են իր ուշադիր հայացքի տակ։ Բայց մի օր էկրանին հայտնվում է մի տղամարդ, որին նա երբեք չէր ուզենա տեսնել։
Ֆիլմը պատմում է կորստի ու վրեժի մասին՝ կենտրոնանալով Բրիտանիայի աղքատ շրջանների բնակիչների մռայլ կյանքի վրա։
Նախքան «Կարմիր ուղին» ռեժիսոր Անդրեա Արնոլդն արդեն հասցրել էր որոշակի հռչակի արժանանալ։ Նրա կարճամետրաժ «Կրետը» 2003-ին ստացել էր Օսկար։ Իսկ արդեն իր լիամետրաժ դեբյուտից ու հաջորդ՝ «Ակվարիում» ֆիլմից հետո նրան վերագրվեց ժամանակակից բրիտանական գլխավոր հեղինակներից մեկի ստատուսը։
Մուսանյան նոթեր

Պակ Չոն-բոմ, 2011
Ֆիլմը պատմում է Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած երիտասարդ տղամարդու մասին, որը փորձում է կյանք հաստատել կապիտալիստական Հարավային Կորեայում։ Պատմությունը որոշ չափով հիմնված է ռեժիսորի համալսարանական տարիների ընկերոջ կյանքի վրա։
Կորեական կինեմատոգրաֆիան աշխարհում ամենաուժեղներից մեկն է, բայց Պակ Չոն-բոմի անունը նույնիսկ ասիական կինոյի սիրահարների համար մնում է անհայտ։
«Մուսանյան նոթերում», ի դեպ, ռեժիսորն ինքն է կատարում գլխավոր հերոսի դերը։
Ամենամեծ ուշադրությունն այստեղ կերպարի զարգացման, նրա ներքին աշխարհի բացահայտման ու հասարակության հետ հարաբերվելու դժվարությունների վրա է։ Դա, իհարկե, զարմանալի չէ. Պակ Չոն-բոմը ժամանակակից հոգեբանական դրամայի մեծ վարպետ Լի Չան-դոնի («Պոեզիա», «Հրդեհիչը») աշակերտն է։
Ճահիճ

Լուկրեսիա Մարտել, 2001
Քաղաքի շոգ եղանակից խուսափելու համար Մեչան իր ամուսնու և երեխաների հետ ամառն անց է կացնում հնամաշ առանձնատանը: Այնտեղ հյուրընկալվում է նաև Մեչայի քրոջ ընտանիքը՝ իրենց փոքրիկ տնից դուրս պրծնելու համար: Մարդաշատ առանձնատան լարված մթնոլորտը բերում է ընտանեկան գաղտնիքների բացահայտմանը և կոնֆլիկտների առաջացմանը:
Այստեղ համարյա բան չի կատարվում, հերոսները խոսում են, խոսում են ու խոսում։ Բայց ինչ-որ պահից սկսած հասկանում ես, որ սա հասարակ կենցաղագրություն չէ։ Ֆիլմն ինքը, կարծես ճահիճ, սկսում է դանդաղորեն կլանել հանդիսատեսին։
Այս ֆիլմը մեծագույն ազդեցություն ունեցավ ոչ միայն արգենտինական, այլև ողջ լատինաամերիկյան կինեմատոգրաֆի վրա։
Հետագայում ռեժիսոր Լուկրեսիա Մարտելը շարունակեց կոփել իր ոճը, սակայն չի կարելի ասել, որ նա միատեսակ ֆիլմեր է նկարահանում և չի փորձում ինքնարտահայտման նոր ուղիներ գտնել։ Օրինակ՝ իր վերջին ֆիլմի՝ «Զամայի» գործողություններն ընդհանրապես կատարվում են 17-րդ դարում։
Ճապոնիա

Կառլոս Ռեյգադաս, 2002
Կյանքից հոգնած նկարիչը լքում է Մեխիկոն ու մեկնում դեպի սարեր, որտեղ պատրաստվում է հեռանալ կյանքից։ Սարերի մեջ կորած մի գյուղում՝ տարեց այրի կնոջ տանը, նա գտնում է իր վերջին ապաստանը։
Հետաքրքիր է, որ Կառլոս Ռեյգադասի առաջին լիամետրաժը կոչվում է «Ճապոնիա», բայց ֆիլմում այդ երկրի մասին նույնիսկ խոսք չկա: Ռեժիսորը պնդում է, որ անվանումը պետք է միայն որոշակի տրամադրություն փոխանցելու համար:
Կառլոս Ռեյգադասը դարձել է ժամանակից արթ-կինոյի դրոշակակիրներից մեկը։ նրա ամեն հաջորդ ֆիլմն էլ մեծ իրադարձություն է սինեֆիլների համար։
Անմեղություն

Լյուսիլ Հաձիհալիլովիչ, 2004
Խուլ անտառի խորքում գտնվում է մի խորհրդավոր ուսումնական հաստատություն աղջիկների համար։ Աղջիկներն այստեղ հայտնվում են դագաղների մեջ․ անցյալի, ծնողների մասին հիշողությունները ջնջված են։
Լյուսիլ Հաձիհալիլովիչի այս ֆիլմը կարելի է ընկալել ինչպես սյուրռեալիստական հորոր-հեքիաթ, այնպես էլ որպես կնոջ հասունացման պրոցեսի մետաֆորա: 11 տարի անց ռեժիսորն իր երկրորդ լիամետրաժը նկարեց, որը շատ մոտ էր դեբյուտային աշխատանքի կոնցեպտին։ Միայն թե այս անգան անդրադառնում էր մայրերի ու որդիների հարաբերություններին փակ հասարակության մեջ։
Ի դեպ, Լյուսիլ Հաձիհալիլովիչի ամուսինը «Էքստազի» ու «Անշրջելիության» հեղինակ Գասպար Նոեն է՝ մեր ժամանակի էքստրիմալ արթհաուսի ամենահայտնի ներկայացուցիչը։ Հաձիհալիլովիչն էլ է էքստրիմալ կինոյի սիրահար։ Դեռևս 90-ականներին նա նկարահանել էր մաքուր պոռնոգրաֆիկ կարճամետրաժ ֆիլմ։
Դոննի Դարկո

Ռիչարդ Քելի, 2001
Տարօրինակ վթարից փրկվելուց հետո դեռահաս տղային սկսում են հետապնդել ճագարի կոստյումով մարդու մասին տեսիլքները, որոնք նրան դրդում են մի շարք հանցագործությունների կատարման:
Հետաքրքիր փաստ է, որ կուլտային այս ֆիլմի դիստրիբուցիայի հետ իրականում մեծ դժվարություններ են եղել։ Ստուդիայում չգիտեին, թե ինչպես գովազդել «Դոննի Դարկոն»՝ որպես երիտասարդական հորո՞ր, ֆանտաստիկ դետեկտի՞վ, թե՞ ընտանեկան դրամա։ Այս ֆիլմն անհնար է կոնկրետ մեկ կամ երկու ժանրի վերագրել։
«Դոննի Դարկոն» ցուցակի երևի ամենից հայտնի ֆիլմն է։ Կարծիք կա, որ հենց դրա կուլտային ստատուսը խանգարեց ռեժիսոր Ռիչարդ Քելիին դառնալ նոր դարի գլխավոր հեղինակներից մեկը։ Քելին իր հաջորդ ֆիլմում՝ «Հարավի երգերում», փորձեց hնարավորինս շատ տարբեր թեմաներ միավորել, ինչի պատճառով ֆիլմը համարյա անընթեռնելի դարձավ։ 2009-ին դուրս եկած «Տուփը» մի փոքր ավելի հաջող ստացվեց ու հավաքեց որոշակի ֆանբազա։ Սակայն մեծ հաշվով` շատերի համար Քելին մինչ օրս էլ մնում է մեկ հանրահայտ ֆիլմի ռեժիսոր։
Անշարժ նստող փիղը

Հու Բո, 2018
Ֆիլմի սյուժեն հիմնված է ռեժիսոր Հու Բոի «Ոսկե գեղմ» պիեսի վրա։ Այն իրենից ներկայացնում է չորս գլխավոր հերոսների պատմությունների շարունակական զարգացում։
Ֆիլմը 29-ամյա ռեժիսորի համար դարձավ միևնույն պահին առաջինն ու վերջինը։ Վերջնական տարբերակը Հու Բոն այդպես էլ չտեսավ. 2017-ի դեկտեմբերին նա ինքնասպանություն գործեց։
Դեռ Բեռլինալեին՝ միանգամից պրեմյերայից հետո, շատերը շտապեցին ֆիլմն անվանել փառատոնի գլխավոր իրադարձություն։ Համեմատում էին Բելա Տարրի ու Ցզյա Չժանկեի գործերի հետ։ Հունգարացուն հիշում էին մեծ խրոնոմետրաժի ու մոնտաժային մկրատի օգտագործման ծայրահեղ սակավության համար․ մեկ կադրով նկարահանված որոշ տեսարաններ տասնյակ րոպեներ են տևում։ Ցզյա Չժանկեի մասին խոսում էին բովանդակային և գաղափարական զուգահեռների պատճառով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական քաղաքականության անուղղակի, բայց սուր քնննադատություն։
Չորս ժամ տևացող ֆիլմը շատերին կարող է վանել։ Բայց ամեն դեպքում վախենալու բան չկա։ «Փիղը» չի դառնում հայեցողական առակ կամ ֆորմալիստական էքսպերիմենտ։ Ընդհակառակը՝ լարվածության մեջ է պահում առաջին րոպեից մինչև վերջինը։
