1980-ականների սկզբի Գոթեմ։ Արթուր Ֆլեքն իր հիվանդ մոր հետ ապրում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նա աշխատում է որպես ծաղրածու։ Հարկ եղած դեպքում մանկական տոներին է մասնակցում կամ փողոցներով շրջում՝ գովազդային պաստառը ձեռքին։
Ֆլեքը նախկինում բուժում է անցել հոգեբուժարանում, հիմա էլ օրեկան 7 տարբեր դեղ է ընդունում։ Նա փորձում է բարի լինել մարդկանց հանդեպ, ժպտալ բոլորին, ինչպես իր մայրն է իրեն սովորեցրել։ Սակայն կյանքի ամեն հաջորդ հարվածից ավելի ու ավելի են արտահայտվում նրա հոգեկան աշխարհի մութ կողմերը։
Ֆենիքսն ու ֆիզիոլոգիզմը
Այս ֆիլմի կապակցությամբ շատ է խոսվում «ուլտրավայըլենսի» մասին, շատերն այն մեղադրում են բռնության գեղապատկերման մեջ, ոմանք նույնիսկ տոքսիկ մասկուլինության պրոպագանդա են նկատում ֆիլմում։ Բայց իրականում շատ ավելի զարմանալին՝ հոլիվուդյան մեծաբյուջե ֆիլմում մարմնականի վրա սևեռումն է․ էսթետիզացվում են նույնիսկ վնասվածքներն ու կապտուկները։

Հիմնականում դերասանական խաղն այդքան էլ ճիշտ չի առանձին վերլուծել, բայց սա հենց այն հազվագյուտ դեպքերից է, երբ դերասանն իրապես դառնում է ֆիլմի հենասյունը։ Ամեն ինչ պտտվում է Հոաքին Ֆենիքսի հրաշալի խաղի շուրջ։ Առավել հետաքրքիրն այն է, որ Ֆենիքսի խաղը մեծ հաշվով ոչ թե միմիկայի վրա է հիմնվում, այլ անհավատալի մարմնական պլաստիկայի․ առաջին հերթին ոչ թե դեմքով է խաղում, այլ՝ մարմնով։ Ֆիզիոլոգիզմը կենտրոնական դերում է։ Դերասանի կեցվածքն ու շարժուձևն իրենք իրենցով բովանդակություն են ստեղծում․ արտաքինը պատմում է ներքինի մասին։
Ջոկերներ
Իհարկե, սխալ է համեմատել Ֆենիքսին ու Լեջերին։ Ինչպես և անտեղի էին Նիքոլսոնի ու Լեջերի միջև համեմատությունները։ Այո՛, երեք դերասանները նույն կերպարն են մարմնավորել։ Իրականում, սակայն, Նիքոլսոնի Ջոկերն էքսցենտրիկ գանգստեր էր կամ, ավելի ճիշտ, դասական գանգստեր-մուվիների կերպարի պարոդիա։ Լեջերինը՝ քաոսի սիմվոլ։ Հատկանշական է, որ մենք նրա մասին այդպես էլ ոչինչ չենք իմանում․ նրա կերպարը չուներ անցյալ կամ ապագա ու գործում էր տարերային աղետի նման։

Ինչ վերաբերում է Ֆենիքսին, ապա իր նպատակը լրիվ այլ էր։ Նա այստեղ խնդիր ուներ ցույց տալու փոքր մարդու տրագեդիան։ Նրա Ջոկերը շատ մարդկային է։ Այստեղ մենք տեսնում ենք ոչ թե կոմիքսային Ջոկերին, այլ կյանքից ծեծված, խելագար Արթուր Ֆլեքին, որին եթե նույնիսկ չես ապրումակցի, ապա հաստատ կխղճաս։ Մանավանդ հաշվի առնելով այն, որ սյուժեն պատմվում է հերոսի սուբյեկտիվ պրիզմայով։ Ամբողջ ֆիլմի ընթացքում այն, ինչը տեսնում է հանդիսատեսը, Ֆլեքի տեսիլքների ու իրականության խառնուրդն է։
Հղումներ ու փոխառություններ
Երևի թե բոլորը նկատեցին, որ գլխավոր հերոսը «Տաքսու վարորդ» Թրեվիս Բիքլի հերթական ինկառնացիան կարծես լինի։ Շատերը հիշատակեցին Սկորսեզեի մեկ այլ ֆիլմ՝ «Կոմեդիայի արքան», որը թեմատիկորեն ու անգամ բովանդակային առումով նույնպես շատ է կապված «Ջոկերի» հետ։

Բացի առաջին իսկ հայացքից ճանաչելի անալոգիաներից՝ Սկորսեզեյան կինոյից (որի հետ կապն է՛լ ավելի արտահայտիչ է դառնում Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցության շնորհիվ), Գոթեմի մասին այլ պատմությունների էկրանավորումներից (վիզուալ առումով շատ բան վերցված է մասնավորապես Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետից») ու խեղկատակների թեմային անդրադարձող կինոնկարներից (օր՝ «Մարդը, որը ծիծաղում է», 1928) «Ջոկերում» տեղ են գտել բազմաթիվ այլ՝ դասական դարձած ֆիլմերի տարրեր։ Գնացքի կարևոր տեսարանը, որտեղ և «ծնվում է» Ջոկերը, հղում է «Ինցիդենտ» ֆիլմին։ Մետրոյում տեղի ունեցող մեկ այլ տեսարանը, ինչպես և ողջ հետապնդման էպիզոդը՝ «Ֆրանսիական կապավորին»։ Հեռուստատեսությամբ մոլագարված գլխավոր հերոսի ինքնակործանման ձգտումները հիշեցնում են Սիդնի Լյումետի «Ցանցը» և դրա նախատիպ՝ Քրիստին Չաբբակի դեպքի մասին։
Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն ակնհայտորեն հիմնվել է նաև Փոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը» ու Լին Ռեմսիի «Դու այստեղ իրականում երբեք չես եղել» ֆիլմերում Հոաքին Ֆենիքսի փերֆորմանսների վրա։ Տեղին կլինի հիշատակել նաև նեոկլասիկ կինոն՝ Հանեքեի «Զվարճալի խաղերը», Ֆինչերի «Մարտական ակումբը» կամ Արանոֆսկու «Ռեքվիեմը երազանքի համար»։ Իմիջիայլոց հենց Արանոֆսկին դեռ 2000-ականներին պատրաստվում էր յուրօրինակ դրամա նկարել Բեթմենի մասին։ Ըստ սյուժեի՝ Բեթմենն ու իր հերոսությունները հոգեբուժարանի հիվանդ Բրյուս Ուեյնի ֆանտազիաների արդյունք էին։ Այն ժամանակ մտահղացումն իրագործել այդպես էլ չհաջողվեց։ Փոխարենը՝ մենք այսօր ունենք շատ նման գաղափարով ֆիլմ Ջոկերի մասին։
Թոդ Ֆիլիպսի մասին
Գիլյերմո Դել Տորոյի «Ջրի ձևը»՝ 2017-ին, Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»՝ 2018-ին․ 2 տարի անընդմեջ Վենետիկի փառատոնում հաղթում էին ամերիկյան մեծ ստուդիաների պռոեկտները։ Այնպես որ՝ այս տարի Ջոկերի հաղթանակն այդքան էլ անհավանական ու անսպասելի չէր, ընդհակառակը՝ մտնում էր օրինաչափության մեջ։ Տպավորություն կարող է ստեղծվել, որ, սովորական հանդիսատեսին հասանելի ֆիլմեր պարգևելով, Վենետիկում «վճարում են» 2016-ին ֆիլիպինյան 4 ժամ տևացող սև/սպիտակ «Կինը, որը հեռացել էր» ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհելու համար։

«Ջոկերի» վենետիկյան տրիումֆի մեջ զարմացնում էր միայն այն, որ եթե Դել Տորոն ու Կուարոնը մեծ հեղինակություն վայելող ռեժիսորներ էին, ապա «Ջոկերը» ստեղծած Թոդ Ֆիլիպսը հայտնի է միայն որպես հաջողակ ամերիկյան կոմեդիոգրաֆ՝ «Հենգովեր» եռապատման ռեժիսոր, որը որևէ կապ չի ունեցել հեղինակային կինոյի հետ։
Նույնիսկ այսպիսի հաջողությունից հետո Ֆիլիպսին դժվար թե սկսեն վերաբերվել որպես մեծ հեղինակի։ Բայց այն, որ նա նրբանկատ և բարձր ճաշակի տեր ռեժիսոր է, այլևս հնարավոր չէ հերքել։ Տիպիկ հոլիվուդյան կլիշեներ «Ջոկերում» իհարկե կան, երբեմն պատմությունը չափից դուրս պարզեցված ձևով է մատուցվում։ Սակայն այդպիսի էպիզոդները մեծ հաշվով ոչ մի հակակրանք չեն կարողանում ստեղծել այս միանշանակ ստացված ֆիլմի հանդեպ, միայն հասկացնել են տալիս, որ Ֆիլիպսը դեռ աճելու տեղ ունի։
