2010-ականները դարձան կինոյում մեծ փոփոխությունների ժամանակաշրջան։ Դա վերաբերում է թե՛ մեծ ինդուստրիայի ոլորտին՝ նոր տեխնոլոգիաներ, բոքս-օֆիսային ռեկորդներ, օնլայն հարթակների հզորացում, թե՛ հեղինակային կինոյին․ թվային նկարահանող սարքերի հասանելիությունը հնարավորություն տվեց անկախ ռեժիսորներին նույնիսկ հեռախոսով որակյալ պատկեր ստեղծել (Շոն Բեյքերի «Մանդարինը» որպես վառ օրինակ)։
Դեռևս դժվար է ասել, թե արդյունքում ինչի կբերի այդ ամենը։ Բայց հենց այս փոփոխությունների ու կինոյի բազմազանության կոնտեքստում շատ հետաքրքիր է ուսումնասիրել տասականներին նկարված լավագույն ֆիլմերը։
50․ Խելագար Մաքս. Զայրույթի ճանապարհը

Ռեժիսոր՝ Ջորջ Միլլեր, 2015
Mad Max: Fury Road, IMDb
Մաքսը համոզված է, որ պոստապոկալիպտիկ անապատում ողջ մնալու միակ միջոցը միայնակ թափառելն է։ Չնայած դրան՝ նա միանում է մի խումբ ապստամբների, որոնք փախչում են Անմահ Ջոյի բռնապետության տակ գտնվող Ցիտադելից։ Զայրացած բռնակալն իր բոլոր ուժերն ուղղում է փախստականների հետապնդմանը։
Ռեժիսոր Ջորջ Միլլերը վերադարձավ այն ֆրանշիզին, որը նրան փառք էր բերել դեռևս 70-80-ականներին, ու ցույց տվեց, թե ինչպես է պետք մարտաֆիլմ նկարել։
Երկու ժամ տևող անդադար էքշնը պետք է որ հոգնեցնի ու ձանձրացնի, սակայն «Մաքսը» չի ենթարկվում ընդունված կանոններին: Անվերջ կրակոցների ու պայթյունների պայմաններում հանդիսատեսը հասցնում է էմոցիոնալ կապ հաստատել կերպարների հետ։
49. Լուսնի լույսը

Ռեժիսոր՝ Բարի Ջենկինս, 2016
Moonlight, IMDb
Ֆիլմը պատկերում է գլխավոր հերոսի կյանքի երեք փուլերը՝ մանկություն, դեռահասություն և չափահասություն, ուսումնասիրում է նրա ունեցած դժվարությունները՝ կապված սեռականության և ինքնության, ինչպես նաև՝ ֆիզիկական և հոգեբանական բռնության հետ։
«Լուսնի լույսը» վերջին տասնամյակի ընթացքում գլխավոր Օսկարի արժանացած ամենից անսպասելի ֆիլմն է։ Այդ հաջողությանը ինչ-որ տեղ նպաստեց նաև նախորդող մրցանակաբաշխության հետ կապված ռասայական սկանդալը։ Բայց սա այն դեպքն է, երբ պետք է շնորհակալություն հայտնել Ակադեմիային պոլիտկոռեկտության համար․ դրա շնորհիվ տասնամյակի լավագույն ֆիլմերից մեկը հանդիսատեսների լայն շրջանների կողմից էլ գնահատվեց։
48․ Բրավո

Ռեժիսոր՝ Ռադու Ժուդե, 2015
Aferim! IMDb
Վալախիա, 19-րդ դարի սկիզբ։ Ռումինական իշխանները կամաց-կամաց շարժվում են մոդերնիզացիայի ճանապարհով։ Սակայն երբեմն նրանք վերադառնում են հին ժամանակներին հատուկ դաժան մեթոդներին։
Սև/սպիտակ վեսթերն/ռոուդմուվի՝ լի սուր դիալոգներով։ Էսթետիկապես այս ֆիլմը շատ է տարբերվում ռումինական նոր ալիքի մյուս բոլոր գործերից։ Ռումինական նոր կինո ասելիս մտքին առաջին հերթին գալիս են սոցիալ-քաղաքական ուղղություն ունեցող ֆիլմերը՝ «4 ամիս, 3 շաբաթ, 2 օր», «Պարոն Լազարեսկուի մահը», «Ոստիկան որպես ածական»։ Զարմանալի է, բայց ինչ-որ առումով այս շարքին կարելի է դասել նաև «Բրավոն»։ Չնայած Ռադու Ժուդեի ֆիլմը պատկերում է աշխարհը, ինչպիսին այն եղել է 200 տարի առաջ, այն շատ ակտուալ է նաև 21-րդ դարում։
47․ Անժելիկայի տարօրինակ դեպքը

Ռեժիսոր՝ Մանուել դի Օլիվեյրա, 2010
The Strange Case of Angelica, IMDb
Մի օր` ուշ գիշերով, երիտասարդ լուսանկարիչ Իսահակին շտապ կանչում են հարուստ մի ընտանիքի տուն՝ նրանց դուստր Անժելիկայի վերջին դիմանկարն անելու համար։ Անժելիկան մահացել էր անմիջապես հարսանիքից հետո։
Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ Մանուել դի Օլիվեյրան 101 տարեկան էր։ Բայց, չնայած ռեժիսորի անհավանական թվացող տարիքին, ֆիլմը լի է երիտասարդական էներգետիկայով, երազային մագնետիզմով, աբսուրդիստական հումորով ու իրոնիայով։
46․ Պատկերների գիրքը

Ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Գոդար, 2018
The Image Book IMDb
Սա իսկական կալեյդոսկոպ է՝ բաղկացած հարյուրավոր այլ ֆիլմերի դրվագներից։ Բայց այստեղ սկզբնաղբյուրները կորցնում են իրենց իմաստը։ Արժեք ունի միայն ինքը ցիտատը։
Ֆիլմի էությունն անգամ էկրանին հայտնվող կադրերի մեջ չէ, այլ այն պատկերների, որոնք կստեղծվեն գլխի մեջ, երևակայությունում․ յուրաքանչյուր հանդիսատես կունենա իր սեփական ֆիլմը։
45. Հույսից այն կողմ

Ռեժիսոր՝ Ակի Կաուրիսմյակի, 2017
The Other Side of Hope IMDb
Հելսինկիի ծայրամասերից մեկում հայրենիքն ու հարազատներին կորցրած Քալեդը հանդիպում է նախկին վաճառական Վիքսթրյոմին, որն իր ամբողջ ռեսուրսները ներդրել է շահույթ չբերող սրճարանի մեջ: Մելանխոլիկ Վիքսթրյոմը և իր էքսցենտրիկ աշխատակիցներն իրենց խնամքի տակ են վերցնում Քալեդին: Մինչ վերջինս փորձում է գտնել կորած քրոջը, նրա նոր ընկերները սրճարանը ձևափոխելու և ավելի գրավիչ դարձնելու տարբերակներ են փնտրում:
Ակի Կաուրիսմյակին մեկ ֆիլմում միավորում է բազմաթիվ այն մոտիվները, որոնց նա անդրադառնում էր տասնամյակներ շարունակ։ Թվում է՝ ռեժիսորն այս ֆիլմով ամփոփում է իր ստեղծագործական կյանքը։ Ինչ որ տեղ այդպես էլ կա։ Բեռլինի փառատոնի ժամանակ, որտեղ «Հույսից այն կողմի» համար նա արծաթե արջ ստացավ լավագույն ռեժուսուրայի համար, Կաուրիսմյակին խոստովանեց, որ հեռանում է կինոյից։
44․ Մուսանյան նոթեր

Ռեժիսոր՝ Պակ Չոն-բոմ, 2012
The Journals of Musan, IMDb
Ֆիլմը պատմում է Հյուսիսային Կորեայից փախուստի դիմած երիտասարդ տղամարդու մասին, որը փորձում է կյանք հաստատել կապիտալիստական Հարավային Կորեայում։ Պատմությունը որոշ չափով հիմնված է ռեժիսորի համալսարանական տարիների ընկերոջ կյանքի վրա։
Կորեական կինեմատոգրաֆիան աշխարհում ամենաուժեղներից մեկն է, բայց Պակ Չոն-բոմի անունը նույնիսկ ասիական կինոյի սիրահարների համար մնում է անհայտ։
«Մուսանյան նոթերում», ի դեպ, ռեժիսորն ինքն է կատարում գլխավոր հերոսի դերը։
Ամենամեծ ուշադրությունն այստեղ կերպարի զարգացման, նրա ներքին աշխարհի բացահայտման ու հասարակության հետ հարաբերվելու դժվարությունների վրա է։ Դա, իհարկե, զարմանալի չէ. Պակ Չոն-բոմը ժամանակակից հոգեբանական դրամայի մեծ վարպետ Լի Չան-դոնի («Պոեզիա», «Հրդեհիչը») աշակերտն է։
43․ Սև ածուխ, բարակ սառույց

Ռեժիսոր՝ Դյաո Ինան, 2014
Black Coal, Thin Ice, IMDb
Հյուսիսային Չինաստան, 1999թ․։ Փոքրիկ քաղաքում մի քանի դիակ են հայտնաբերում։ Ենթադրյալ մարդասպանին գտնելու փորձերն ավարտվում են 2 ոստիկանների մահվամբ։ Եվս մեկ ոստիկան վիրավորվում է և արդյունքում հեռացվում աշխատանքից։ 5 տարի անց սպանությունները կրկնվում են։
Դյաո Ինանը բոլոր ֆիլմերում էլ անդրադառնում է քրեական աշխարհի ներկայացուցիչների ու իրավապահների բախման թեմային։ Պատկերում է ժամանակակից Չինաստանն այնպես, ինչպես կա, չմոռանալով, սակայն, կինոյի էսթետիկ կողմի մասին։ «Սև ածուխը» կարելի է բնորոշել որպես գունավոր նեո-նուար՝ արդյունաբերական քաղաքի լոկացիաներում։
42. Դրայլեբեն

Ռեժիսորներ՝ Քրիստիան Պետցոլդ, Դոմինիկ Գրաֆ, Քրիստիան Հոխհոյսլեր, 2011
Dreileben, IMDb
Այս պրոեկտը կարելի է անվանել տասնամյակի ամենաօրիգինալ կոլեկտիվ կինոէքսպերիմենտը։ Այն բաղկացած է երեք ֆիլմերից՝ «Մահվանից լավ բան», «Ինձ մի հետևիր» և «Խավարի մեկ րոպե»։
Առաջինը պատկերում է հասարակության տարբեր խավերին պատկանող երիտասարդների սիրային եռանկյունի, երկրորդը պատմում է ոստիկանական հետաքննությանն օգնող կին հոգեբանի կյանքի մասին, իսկ երրորդը կենտրոնանում է բանտից փախած մարդասպանի վրա։
Եռապատման վրա աշխատել են երեք ռեժիսորներ․ յուրաքանչյուրը մեկ ֆիլմ է նկարել։ Նրանք գործել են իրարից անկախ ու քննարկել են միայն պատմության ելման կետերը։ Դրայլեբենում ընդհանուր է գործողությունների վայրն ու ժամանակահատվածը, սյուժետային գծերը երբեմն խաչվում են, բայց ֆիլմերն իրարից որևէ կերպ կախյալ չեն։
41. Մոխիրն ամենապարզ սպիտակն է

Ռեժիսոր՝ Ցզյա Չժանկե, 2018
Ash is Purest White, IMDb
2001 թ․, ինդուստրիալ մի թաղամաս Չինաստանում։ Երիտասարդ պարուհին սիրահարվում է տեղացի գանգսթեր Բինյին։ Թշնամի բանդայի հարձակման ժամանակ Բինյին պաշտպանելու համար՝ նա ստիպված է լինում ատրճանակից կրակել, ինչի համար դատապարտվում է 5 տարի ազատազրկման։
Ցզյան խոսում է 21-րդ դարում չինական տնտեսությունում մասշտաբային փոփոխությունների մասին, ու թե ինչպես են դրանք ազդում սովորական մարդկանց ճակատագրերի վրա։ Ռեժիսորը միավորում է իր նախորդ ֆիլմերի գաղափարները՝ վարպետորեն թաքցնելով դրանք գանգստերական մելոդրամայի կազմի տակ։
