40. Պոեզիա

Ռեժիսոր՝ Չան-դոն Լի, 2010
Poetry, IMDb
Ֆիլմը պատմում է թոռան հետ ապրող վաթսունն անց մի կնոջ մասին, որը սկսում է հաճախել մարզային քաղաքի պոեզիայի խմբակը։ Դրան զուգահեռ նրա մոտ ի հայտ է գալիս Ալցհայմերի հիվանդությունը։
Չան-դոն Լին մի քանի իմաստային շերտից բաղկացած ֆիլմերի մեծագույն վարպետ է։ Այս ֆիլմում Լին ընտրում է գեղեցկության ու արվեստի էության մասին մտորումներն արտահայտելու ամենաանսպասելի տարբերակներից մեկը. պատմում է դանդաղ քայքայվող ուղեղով կնոջ մասին։
39. Կինը, որը հեռացավ

Ռեժիսոր՝ Լավ Դիաս, 2016
The Woman Who Left, IMDb
Նախկին ուսուցչուհին դատապարտվել է 30 տարի ազատազրկման: Կանանց գաղութում նա համեստ կյանք է վարում, մյուս կանանց օգնում է կարդալ և գրել սովորել: Երբ բացահայտվում է իրական հանցագործը, Օրասիան ազատ է արձակվում և գնում է իր ընտանիքը փնտրելու: Նորից աշխարհ մտնելով՝ նա միայն համոզվում է դրա փչացվածության մեջ. Ֆիլիպիններում տիրում է կոռուպցիան և բանդիտիզմը:
Սա այդքան էլ բնորոշ ֆիլմ չէ Լավ Դիասի համար․ տևում է ընդամենը 4 ժամ։ Իհարկե շատերին դա կարող է երկար թվալ, բայց Դիասն աշխարհի ամենաերկար ֆիլմերը նկարողներից է: Օրինակ՝ «Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիայի» տևողություն 9 ժամ է: «Կինը» տարբերվում է ոչ միայն խրոնոմետրաժի, այլ նաև պատմության կառույցի ու սյուժեի զարգացման տեմպի առումով:
Ինչ-որ տեղ Դիասը փորձել է մոտեցնել ֆիլմը փառատոնային ստանդարտի, ինչի շնորհիվ էլ կարողացել է մասնակցել Վենետիկի հիմնական ծրագրին ու հաղթել գլխավոր մրցանակը:
38. Ցուրտ եղանակ

Ռեժիսոր՝ Աարոն Կաց, 2010
Cold Weather, IMDb
Չստացված կրիմինալիստ Դագը թողնում է ուսումը, վերադառնում հայրենի քաղաք Փորթլենդ և աշխատանքի տեղավորվում սառույցի գործարանում: Իմանալով նախկին ընկերուհու անհետացման մասին` Դագը սկսում է սեփական հետաքննությունը:
Աարոն Կացը ամերիկյան «մամբլքորի» վառ ներկայացուցիչներից է: Այդ շարժման ֆիլմերին բնորոշ են ցածր բյուջեն, ոչ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությունը, բնական դիալոգներն ու իմպրովիզացիան: «Ցուրտ եղանակում» այդ ամենին գումարվում է դետեկտիվային սյուժեն: Արդյունքում Կացին հաջողվում է փոքր ֆիլմում իրական թրիլլերային մթնոլորտ ստեղծել՝ այն, ինչը հոլիվիդում երբեմն հարյուրավոր միլիոններով էլ չեն կարողանում ստանալ:
37. Արգելված սենյակը

Ռեժիսոր՝ Գայ Մեդին, 2015
The Forbidden Room, IMDb
Գայ Մեդինի այս ֆիլմի սյուժեի մասին երևի թե անհնար է կարճ սինոփսիս գրել։
Սա տասնյակ ֆանտասմագորիկ պատմությունների խճանկար է, որտեղ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ անցում մի սյուժեից մյուսին։ Մեդինի բոլոր ֆիլմերն էլ խիստ էքսպերիմենտալ բնույթ ունեն, ոճն էլ վաղուց ճանաչելի է դարձել։ Աբսուրդային հեքիաթի կամ ֆանտաստիկայի տարրերով բովանդակություն ու համր կինոյի վիզուալ էսթետիկա․ խելագար միքս է։
36. Գորտի ուղին

Ռեժիսոր՝ Ջեյսոն Բենքեր, 2012
Toad Road, IMDb
Թմրանյութերի ազդեցության տակ գտնվող Սառան սկսում է անընդհատ խոսել Գորտի ուղու մասին։ Լեգենդը պատմում է, որ Փենսիլվանիա նահանգում գտնվող այդ ճանապարհը տանում է ուղիղ դեպի դժոխք։ Անցնելով այդ ուղու 7 դարպասներից յուրաքանչյուրը՝ մարդն աստիճանաբար կորցնում է ինքն իրեն։
Պարզ չէ՝ դժոխք տանող ճանապարհի մասի՞ն է ֆիլմը, թե՞ խոսքը ծանր թմրանյութերին է վերաբերում, որոնք այնպես են ազդում ուղեղի վրա, որ իրականության հետ կապը կորցնում ես։ «Գորտի ուղին» ավելի շատ աուդիովիզուալ էքսպիրիենս է. ռեժիսոր Ջեյսոն Բենքերն այստեղ իր համար ծայրահեղ անձնական թեմային է անդրադառնում:
35. Տեղեր, դեմքեր

Ռեժիսորներ՝ Անյես Վարդա, Ջեյ Ար, 2017
Faces, Places, IMDb
Ֆիլմը պատմում է Անյես Վարդայի և սթրիթարտ ստեղծող լուսանկարիչ Ջեյ Արի՝ Ֆրանսիայով ճամփորդության մասին։ Երկու տարբեր սերունդներ ներկայացնող այս մարդկանց միջև ընկերությունը լավագույնս պատկերում է Վարդայի լայն մտահորիզոնն ու նրա` ժամանակին միշտ համահունչ քայլելու ունակությունը («նոր ալիքի տատիկը» նույնիսկ Ինստագրամում էր ակտիվ):
Սկզբում «Դեմքերը» շատ պարզ ու բարի են թվում, սակայն իրականում լի են նաև սուր և սոցիալ-քաղաքական առումով կարևոր էպիզոդներով։ Իսկ ֆիլմի վերջնամասը դարձավ ժամանակակից կինոյի ամենից հուզիչ դրվագներից մեկը:
34. Հիմա՝ ճիշտ, հետո՝ սխալ

Ռեժիսոր՝ Հոն Սան-սու, 2015
Right Now, Wrong Then, IMDb
Ամուսնացած ռեժիսորը սխալմամբ մեկ օր առաջ է ժամանում Սուվոն քաղաք և մինչ նկարահանումների սկիզբը ծանոթանում է երիտասարդ նկարչուհու հետ։ Նրանք գնում են արվեստանոց, խմում աղջկա ընկերների հետ։ Միասին ժամանակ անց կացնելուն զուգահեռ զարգանում են նաև նրանց զգացմունքները միմյանց նկատմամբ։
Սա շատ յուրահատուկ էքսպերիմենտ է։ Ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնք առաջին հայացքից իրարից համարյա ոչնչով չեն էլ տարբերվում։ Փոքրիկ նյուանսները, թեթևակի փոփոխված գործողություններն ու իրադարձությունները բերում են երկու տարբեր արդյունքի։
Կորեացի ռեժիսոր Հոն Սան-սուն տեխնիկական առումով պարզագույն, երբեմն պրիմիտիվ թվացող ֆիլմեր նկարահանելով հանդերձ հանդիսանում է մեր օրերի գլխավոր կինոփառատոնների մշտական հյուրը։ Նա կարողացել է մշակել իր սեփական ոճը, որը դժվար է ինչ որ բանի նմանեցնել։ Ոմանք նրան անվանում են կորեական Վուդի Ալեն, քանի որ Հոնի ֆիլմերն էլ մեկը մյուսի նման են ու մեծամասամբ հենց իր մասին են։ Ճիշտ է՝ կորեացին, ի տարբերություն Ալենի, դեռևս չի երևացել իր ֆիլմերում։
33. Օձի գրկում

Ռեժիսոր՝ Սիրո Գեռա, 2015
Embrace of the Serpent, IMDb
Ֆիլմը ներկայացնում է ամազոնյան շաման Կարամակատեի և նախնիների գիտելիքները գտնելու համար հյուսիս-արևելյան Ամազոնիա մեկնած երկու գիտնականների առաջին շփման, հանդիպման, մերձեցման, դավաճանության և մինչև մահ ձգված ընկերության պատմությունը:
Սիռո Գեռայի այս գործը զուտ գեղարվեստական ֆիլմ չէ, այլ ամազոնյան ապրելակերպի ուսումնասիրմանը նվիրված մի ամբողջ հետազոտություն։ Անխուսափելի կլինեն համեմատությունները Վեռներ Հերցոգի «Ագիրեի» հետ։ Գեռայի ֆիլմն էլ երկու մշակույթների բախման և որոնումների մասին է։
32. Սեքսուալ Դուրգա

Ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան, 2017
Sexy Durga, IMDb
Հնդկաստանի հյուսիսից գաղթած Դուրգան և կերալացի Քաբիրը կեսգիշերին փախուստի են դիմում: Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք փորձում են հասնել կայարան, որպեսզի հեռու տանող գնացք նստեն: Զենք տեղափոխող երկու մանր գանգստեր իրենց օգնությունն են առաջարկում զույգին: Դուրգայի ուղևորությանը զուգահեռ մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում: Կերալայի մի գյուղում հավատացլալները զբաղված են Դուրգա աստվածուհուն նվիրված ծիսական արարողությամբ։
«Հնդկական կինո» արտահայտությունը երկու տարբեր ասոցիացիա կարող է առաջացնել։ Առաջինն իհարկե բոլիվուդյան երաժշտական ժանրային ֆիլմերն են, իսկ երկրորդն ավելի փորձառու հանդիսատեսին ծանոթ հեղինակային կինոն է (Սաթյաջիտ Ռայ, Դիպա Մեհթա, Միրա Նաիր)։ Մինչդեռ «Դուրգան» ամբողջովին նոր փորձառություն է երկու կատեգորիայի հանդիսատեսների համար էլ։ Այս կլանող «հակասարսափ» ֆիլմը շատ հասարակ և օրիգինալ ձևով պատկերում է մի փակ ցիկլ, որտեղ հերոսներն ամեն անգամ կարծես թե վերադառնում են նույն տեղը։ Դաժան ծիսակատարության դոկումենտալ կադրերն էլ շատ համահունչ են սյուժեի հետ։ Ինչպես հենց ռեժիսորն է նշում, սեփական մարմինը երկաթյա ձողերով ծակելով, բռնության ես ենթարկում ինքդ քեզ, հետևաբար ուրիշին ցավ պատճառելն էլ ավելի հեշտ է դառնում։
31. Վիկտորիա

Ռեժիսոր՝ Սեբաստիան Շիպեր, 2015
Victoria, IMDb
Առավոտյան ժամը 4-ին Վիկտորիան դուրս է գալիս ակումբից և ծանոթանում չորս երիտասարդների հետ, որոնց չէին թողնում ներս մտնել։ Նրանք առաջարկում են աղջկան զբոսնել իրենց հետ՝ խոստանալով ցույց տալ իրական Բեռլինը։
«Վիկտորիան» նկարված է մեկ դուբլով։ Դա պարզապես անհավանական է թվում՝ հաշվի առնելով այս ստեղծագործության մասշտաբը․ նկարահանումներին մասնակցում էին շուրջ 150 ստատիստներ։ Վիկտորիայի հետ իրական ժամանակի ռեժիմում մենք անցնում ենք Բեռլինի տարբեր հատվածներով։ Սյուժեի զարգացմանը զուգահեռ ֆիլմը տրանսֆորմացվում է իրական թրիլլերի։ Սցենարն այստեղ բավականին պարզունակ է, բայց դրա կոնցեպտուալ իրականացումն ուղղակի կատարյալ է։
Կարելի է ասել, որ «Վիկտորիան» գերմանական մեկ այլ կուլտային ժանրային ֆիլմի անտիպոդն է։ Խոսքը «Վազիր, Լոլա, վազիր» ֆիլմի մասին է, որտեղ օգտագործվում էր գերարագ էքսպերիմենտալ մոնտաժային տեխնիկա։ «Լոլան» ամեն վայրկյան հիշեցնում էր՝ սա ընդամենը ֆիլմ է։ Իսկ «Վիկտորիայի» դեպքում հանդիսատեսը դառնում է ուրիշների կյանքի ականատես, մոռանում, որ ֆիլմ է դիտում։
