30. Ֆլորիդա նախագիծը

Ռեժիսոր՝ Շոն Բեյքեր, 2016
The Florida Project IMDb
Վեցամյա Մունին ու իր երիտասարդ մայրը ապրում են էժան մոթելում, որը տեղակայված է «Disney World»-ից ոչ շատ հեռու։
Ուշադրության կենտրոնում երեխաներն են։ Մենք տեսնում ենք նրանց խաղերը, չարաճճի արարքները, հետևում ենք նրանց փոքրիկ արկածներին։ Մինչդեռ այդ ամենի ֆոնին տեղի են ունենում իրապես դրամատիկ իրադարձություններ։ Վառ ու զվարթ գույներով լի այս ֆիլմը խոսում է տխուր, երբեմն սարսափելի բաների մասին։ Բեյքերն առաջին անգամ չի այս մեթոդն օգտագործում. նուjնը նա անում էր, օրինակ, «Մանդարինում»։
29. Տխմար

Ռեժիսոր՝ Ջոել Պոտրիկուս, 2014
Buzzard, IMDb
Վարկային կազմակերպությունում աշխատանքի, վիդեոխաղերի և ծանր մետալի արանքում Մարթին հաջողացնում է ժամանակ գտնել տարբեր մանր խարդախություններ իրականացնելու համար։ Դրանք նրան իհարկե չեն կարող հարստացնել, բայց Մարթիին դուր է գալիս կորպորատիվ աշխարհի դեմ ապսատմբելը և մարդկանց խաբելը։ Շուտով, սակայն, նա ստիպված է լինում փախուստի դիմել և թաքնվել ընկերոջ նկուղում։
90-ականներում ապրող այս օֆիսային պլանկտոնի ու խելառ գիկի մեջ ռեժիսորը տեսնում է Տաքսու վարորդի ռեինկարնացիան։ Մեծ հաշվով՝ Ջոել Պոտրիկուսի բոլոր ֆիլմերն էլ խելառների, աուտսայդերների ու անհաջողակների մասին են։ Ու բոլորում էլ իրադարձությունները 90-ականներին են տեղի ունենում։
28. Աստված գիտի ինչ

Ռեժիսորներ՝ Ջոշուա Սեֆդի, Բեն Սեֆդի, 2014
Heaven Knows What, IMDb
Պատմություն մի երիտասարդ աղջկա մասին, որը Նյու-Յորքի փողոցներում ձեռք է բերում երկու կախվածություն՝ բոյֆրենդին ու հերոինը։
Ամենահետաքրքիրն այն է, որ ֆիլմը հիմնված է գլխավոր դերակատար Արիել Հոլմսի իրական կյանքի վրա։ Նա գրել էր ինքնակենսագրական, որն այդպես էլ լույս չտեսավ։ Փոխարենը՝ այն հետաքրքրեց Սեֆդի եղբայրներին, որոնք էլ էկրանավորեցին Նյու-Յորքյան ընդհատակում ապրող մարգինալների մասին այս պատմությունը։
27. Առաջին ռեֆորմատականը

Ռեժիսոր՝ Փոլ Շրյոդեր, 2017
First Reformed, IMDb
Պաստոր Թոլլերը որդուն Իրաքում կորցնելու ցավը փորձում է մեղմել եկեղեցու և ալկոհոլի միջոցով։ Եկեղեցու հետևորդներից մեկը նրան խնդրում է խոսել իր բնապահպան-ակտիվիստ ամուսնու հետ։ Վերջինիս ինքնասպանությունից հետո Թոլլերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իրենց միջև եղած խոսակցությունը և սկսում է համացանցում տեղեկատվություն փնտրել շրջակա միջավայրի աղտոտման մասին։
Այս ֆիլմն էլ կարելի է «Տաքսու վարորդին» մի մեծ օմմաժ համարել։ Ստացվում է՝ Փոլ Շրյոդերը ինքն իրեն է հղում կատարում. հենց նա է «Տաքսու վարորդի» սցենարիստը։ Միայն թե ավելացնում է բրեսոնյան/բերգմանյան նոթեր․ «Թրեվիս Բիքլը» դառնում է հավատը կորցնող եկեղեցական։
26. Ոչ ոքի դուստր Հե-վոնը

Ռեժիսոր՝ Հոն Սան-սու, 2013
Nobody’s Daughter Haewon, IMDb
Ֆիլմն օրագրի ֆորմատով պատկերում է երիտասարդ Հե-վոնի կյանքից մի քանի օր։
Այս ֆիլմի զգալի մասը պատկերում է գլխավոր հերոսուհու երազները։ Բայց դրանք այնքան մոտ են իրական կյանքին (կամ իրական կյանքն է նման երազի), որ ուղղակի անհնար է մեկը մյուսից տարբերել։ Ծանոթ սյուժեների օգտագործմամբ նոր նարատիվ ստեղծելու հերթական ստացված փորձ՝ Հոն Սան-Սուի կատարմամբ։
25. Սայմոն-մարդասպան

Ռեժիսոր՝ Անտոնիո Կամպոս, 2012
Simon Killer, IMDb
Նախկին ընկերուհու հետ բաժանվելուց հետո Սայմոնն ԱՄՆ-ից տեղափոխվում է Փարիզ:
Անտոնիո Կամպոսի գլխավոր արժանիքն իր ֆիլմերում տագնապալի մթնոլորտ ու բարդ կերպարներ ստեղծելու կարողությունն է: Սայմոնն առաջին հայացքից սովորական երիտասարդ է, որի հետ հեշտությամբ կարող ես քեզ ասոցացնել։ Բայց ընթացքում մենք տեսնում ենք կերպարի տրանսֆորմացիաները (կամ, ավելի ճիշտ, նրա թաքնված ցանկություններն են սկսում բացահայտվել): Կամպոսը կարծես ուզում է ասել, որ բոլորի մեջ ապրում է «ներքին մարդասպանը»:
Երևի հենց բազմաշերտ կերպարներն են պատճառը, որ այս ռեժիսորի ֆիլմերում դերասանները հաճախ իրենց լավագույն խաղն են ցույց տալիս (օրինակ՝ Ռեբեքա Հոլը «Քրիստին» ֆիլմում):
Ի դեպ «Սայմոն-մարդասպան» ֆիլմի երկու գլախավոր դերակատարները դարձան հայտնի ռեժիսորներ: Քորբեթը արդեն երկու ֆիլմ է հասցրել ստեղծել («Առաջնորդի մանկությունը» և «Vox Lux»), ու թվում է՝ որոշ բաներ վերցրել է հենց Կամպոսի ոճից: Իսկ Մատի Դիոպը նկարել է 2019 թվականի ամենալավ ֆիլմերից մեկը ՝ «Ատլանտիկը»:
24. Շրջակա ձայներ

Ռեժիսոր՝ Կլեբեր Մենդոսա Ֆիլյո, 2012
Neghbouring Sounds, IMDb
«Շրջակա ձայները» բաղկացած են նորակառույց թաղամասի բնակիչների մասին մի քանի պատմությունից։ Դրանք կարծես չունենան սկիզբ կամ ավարտ. ռեժիսորը շատ բան թողնում է էկրանից դուրս։ Ուշադրությունը մարդկանց վարքագծի, նրանց վախերի ու ցանկությունների վրա է։
Նախկին կինոքննադատ Կլեբեր Մենդոսա Ֆիլյոն վերակենդանացնում է բրազիլական կինոն։ Ընդամենը երեք ֆիլմ է նկարել, բայց բոլորն էլ փառատոնային մեծ հաջողությունների են հասել (վերջին երկուսը մասնակցեցին Կաննի գլխավոր մրցույթին)։
23. Մաշկի տակ

Ռեժիսոր՝ Ջոնաթան Գլեյզեր, 2013
Under the Skin, IMDb
Սքարլեթ Յոհանսոնի արտաքինով երիտասարդ մի կին ամեն երեկո մեքենայով անցնում է Գլազգո-Էդինբուրգ երթուղով։ Ժամանակ առ ժամանակ մեքենան նստում են ավտոստոպով ճամփորդող տղամարդիկ։
Գլեյզերը տակն ու վրա է անում բոլոր պատերնները։ Վտանգը սպառնում է ոչ թե ճամփորդող աղջկան, այլ տղամարդկանց, որոնք նստում են նրա մեքենան։
Իսկ աղջկա մաշկի տակ թաքնվում է այլմոլորակային էակ։ «Մարմիններ առևանգողների» թեման այսպես ոչ ոք չէր մատուցել։ Ֆիլմը ստեղծում է ծանր, ընկճող մթնոլորտ։ Դրանում շատ մեծ ներդրում ունի Միկա Լիվայի երաժշտությունը՝ տասնամյակի լավագույն սաունդթրեքերից մեկը։
22. Ձմեռային արձակուրդ

Ռեժիսոր՝ Լի Հունցի, 2010
Winter Vacation, IMDb
Իրադարձությունները տեղի են ունենում (ավելի ճիշտ կլինի ասել՝ տեղի չեն ունենում) Չինաստանի հյուսիսում գտնվող մի գյուղաքաղաքում։ Ուշադրության կենտրոնում մի քանի դպրոցականներ են։ Ձմեռային արձակուրդի վերջին օրն է, ու առանձնապես անելու բան չկա։
Էսթետիկապես կարելի է հիշել Ռոյ Անդերսոնին կամ Էլիա Սուլեյմանին՝ ծայրահեղ դանդաղեցված ռիթմ, անշարժ կամերա ու աբսուրդի հասնող իրոնիա։ Ձանձրույթն այստեղ տոտալ բնույթ է կրում։ Ռեժիսորը պատկերում է այն Չինաստանը, որը թաքնվում է այսպես կոչված տնտեսական ինդուստրիալ հրաշքի ետևում։ Փոքրիկ քաղաքում ժամանակը կարծես թե կանգ է առել, ու ամեն ինչը կորցրել է որևէ իմաստ։
21. Փառքի գերեզմանատուն

Ռեժիսոր՝ Ապիչատպոն Վիրասեթակուն, 2015
Cemetery of Splendour, IMDb
Մի խումբ զինվորներ վարակվում են տարօրինակ քնային հիվանդությամբ: Նրանց տեղափոխում են լքված դպրոցի շենքում տեղակայված ժամանակավոր հիվանդանոց, որտեղ բուժքույր Ջենիրան սկսում է խնամել Իտին՝ զինվորներից մեկին, որին երբեք ոչ ոք չի այցելում: Մի օր Ջենիրան գտնում է Իտի անձնական օրագիրը՝ խորհրդավոր նամակներով ու պատկերներով լի:
Երբ Ապիչատպոն Վիրասեթակունը «Քեռի Բունմին, որը հիշում է իր նախորդ կյանքերը» ֆիլմի համար արժանացավ Ոսկե արմավենու, թվում էր, որ նոր թրենդ կստեղծվի, ու մեծ փառատոնները կսկսեն ավելի շատ տեղ տալ «դանդաղ կինոյին»։ Սակայն ստացվեց հակառակը. հաջորդ տարիներին նույն Կաննի փառատոնում հաղթում էին մասշտաբային կամ սուր սոցիալ-քաղաքական ուղղություն ունեցող ֆիլմերը։ Իսկ Վիրասեթակունի «Գերեզմանատունը»՝ նրա լավագույն ֆիլմերից մեկը, 2015-ին նույնիսկ հինական ծրագրում տեղ չգտավ։
