20. Վեսթերն

Ռեժիսոր՝ Վալեսկա Գրիզենբախ
Western, IMDb

Գերմանացի շինարարները Բուլղարական գյուղում կառուցապատման աշխատանքներ են իրականացնում։ Տեղացիների հետ մշակութային տարբերությունները, լեզվի դժվարությունները, վստահության պակասը մի շարք խնդիրներ են առաջացնում երկու կողմերի միջև։

Ի՞նչ են այս շինարարները Բուլղարիայում մոռացել։ Ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Երկրորդ համաշխարհայինն ու Գերմանիայի նացիստական անցյալը։ Ի՞նչպես է իրեն նույնականացնում ժամանակակից եվրոպացին։ Կարո՞ղ են արդյոք ընկերանալ մարդիկ, որոնք միմյանց ասածից ոչ մի բառ չեն հասկանում։ Ինչպե՞ս են նրանք հաղորդակցվելու:

Այս ֆիլմի անվանումը միայն արևմտյան աշխարհի ներխուժման մասին չի խոսում։ Գրիզենբախը նաև խաղում է դասական վեսթերն ժանրի կանոնների հետ՝ տալով գերմանացի շինարարներին գաղութարարների, իսկ գյուղի մարդկանց` բնիկների դերեր:

19. Տրանզիտ

Ռեժիսոր՝ Քրիստիան Պետցոլդ, 2018
Transit, IMDb

Գեորգը փորձում է փախչել նացիստների կողմից գրավված Ֆրանսիայից՝ օգտագործելով ինքնասպան եղած գրող Վայդելի փաստաթղթերը։ Ստիպված լինելով որոշ ժամանակ սպասել Մարսելի հյուրանոցներից մեկում՝ նա հանդիպում է Վայդելի կնոջը՝ Մարիին։ 

Սինոփսիսը կարդալիս կարելի է մտածել, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհայինի տարիներին։ Սակայն Պետցոլդը  որոշում է երրորդ անգամ անընդմեջ ռետրո ֆիլմ չնկարել («Բարբարա», 2012 և «Ֆենիքս», 2015): Թվում է, թե նա մեզ տեղափոխում է ինչ-որ ալտերնատիվ իրականություն: Տեղը և ժամանակը, անտուրաժն ու դեկորացիաներն այստեղ զուտ պայմանականություն են: Զինվորներին փոխարինում են ոստիկանները, մարդիկ փախչում են Եվրոպայից, այլ ոչ թե հակառակը: Սա այն ֆիլմերից է, որոնք պետք է շատ ուշադիր նայել՝ սյուժեի զարգացումը հասկանալու համար:  

18. Համաչափության դասեր

Ռեժիսոր՝ Էմիր Բայգազին, 2013
Harmony Lessons, IMDb

Բուժզննման ընթացքում 13 տարեկան Ասլանը բոլորի առջև ստորացվում է «դասարանի նայողի» կողմից։ Այդ ինցիդենտը բերում է Ասլանի թաքնված խանգարումների զարգացմանը։

Այս ֆիլմում, որն անդրադառնում է մանկական ագրեսիայի ու դպրոցական բուլինգի խնդիրներին, ռեժիսոր Էմիր Բայգազինը գտնում է կարևոր թեմայի ու հեղինակային էսթետիկայի համաչափությունը։ Չէ՞ որ այս խնդիրների վերաբերյալ ֆիլմ նկարահանելիս չափազանց դժվար է բովանդակությունից դիստանցիա պահել և չստեղծել հերթական «չեռնուխա»: 

Ղազախստանում ֆիլմը սուր քննադատության ենթարկվեց։ Ցուցադրությունները նույնիսկ պատրաստ էին արգելել․ պաշտոնյաները ժխտում են, որ տեղի դպրոցներում կարող են փողոցային բարքերով առաջնորդվող կիսաքրեական խմբավորումներ գործել։

17․ Սա ֆիլմ չէ

Ռեժիսոր՝ Ջաֆար Փանահի, 2011
This Is Not a Film, IMDb

2010 թվականին իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվում էր «ազգային անվտանգության խաթարման և ռեժիմի դեմ քարոզչության» մեջ։ Մեղադրանքի հիմքը ռեժիսորի ֆիլմն էր՝ 2009թ․ նախագահական ընտրություններին հաջորդած անհանգստությունների մասին։ Փանահին դատապարտվեց 6 տարի ազատազրկման և 20 տարով զրկվեց ֆիլմ նկարելու, ճանապարհորդելու և հարցազրույցներ տալու իրավունքից։ Այս ֆիլմում ցուցադրվում է մի օր ռեժիսորի կյանքից, երբ նա տնային կալանքի տակ սպասում է վճռի բողոքարկման արդյունքներին։ Տեսախցիկի առջև նա կարդում է իշխանությունների կողմից մերժված ֆիլմի սցենարը։

16. Որոշ կանայք

Ռեժիսոր՝ Քելլի Ռայքհարդ, 2016
Certain Women, IMDb

Ֆիլմը բացահայտում է երեք անձնական պատմություն: Առաջինում իրավաբան Լորա Ուելսը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել կպչուն հաճախորդից: Երկրորդ պատմությունը մի կնոջ մասին է, որն ընտանիքի համար ուզում է տուն կառուցել: Երրորդ մասում ձիապան Ջեյմին ծանոթանում է երիտասարդ ուսուցչուհի Բեթի հետ:

Ռայքհարդը տրանսցենդենտալ վեսթերնից (Meek’s Cutoff) ու էկո տեռորիստների մասին կեղծ թրիլլերից (Night Moves) հետո վերադարձավ իրեն շատ հարազատ «պատմվածքային» ֆորմատին։ Այս ֆիլմը սովորական կանանց մասին է՝ իրենց ռեալ խնդիրներով ու հոգսերով։  

15. Հրդեհիչը 

Ռեժիսոր՝ Չան-դոն Լի, 2018
Burning, IMDb

Ոչնչով առանձնապես չզբաղվող Լի Ջոն Սուն պատահաբար հանդիպում է իր մանկության ընկերուհի Խե-Միին, որը պատրաստվում է Աֆրիկա մեկնել և խնդրում է Լիին որոշ ժամանակ խնամել իր կատվին։ Ճամփորդությունից նա վերադառնում է ֆինանսապես կայացած Բենի հետ, որը շուտով պատմում է իր գաղտնի ու տարօրինակ հոբբիի մասին։ 

Հրդեհիչը հիմնված է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի պատմվածքներից մեկի վրա: Բայց այն բավական հեռու է սկզբաղբյուրից թե՛ սյուժեի առումով, թե՛ գաղափարապես։

Այս ֆիլմը ոչ մի առումով չի կարելի անվանել ավանդական դետեկտիվ (ընդհակառակը` այստեղ նկատվում են անտոնիոնիական անտիդետեկտիվի հետ անալոգիաները): Լիին ավելի շատ հետաքրքրում են այլ հարցեր՝ մարդու էությունն ու դասակարգային հարաբերությունները։ 

14. Խավարից հետո՝ լույս

Ռեժիսոր՝ Կառլոս Ռեյգադաս, 2012
Post Tenebras Lux, IMDb

Ֆիլմը պատկերում է քաղաքային եռուզեռը թողած, Մեքսիկայի ֆերմաներից մեկում ապրող զույգի կյանքը:

«Խավարից հետո՝ լույս» ֆիլմում ամեն կարճ դրվագն ապրում է իր սեփական, ամեն ինչից անջատ մի աշխարհում, ալտերնատիվ մի իրականության մեջ։ Մարդը կարող է մահանալ մեկ էպիզոդում, իսկ մյուսում լինել ողջ և առողջ։ Ամեն ինչ հանդիսատեսի հետ ինտելեկտուալ խաղի մաս է՝ վիզուալ էքսպերիմենտները, խրոնոլոգիայի բացակայությունն ու նույնիսկ ֆանտաստիկ կամ սարսափ ֆիլմերին հատուկ տարրերը:

13. Տաբու

Ռեժիսոր՝ Միգել Գոմիշ, 2012
Tabu, IMDb

Ֆիլմը բաղկացած է երկու մասից։ Առաջինում, որն անվանվում է «Կորսված դրախտ», պատկերվում է մեր ժամանակների Լիսաբոնը։ Մենք հետևում ենք մի մեծ տարիքով կնոջ ու նրա սպասուհու կարծես գորշ ու միատեսակ նիստուկացին։ 

Երկրորդում («Դրախտ») տեղափոխվում ենք 60-ականների Աֆրիկա՝ պորտուգալական գաղութատիրության ժամանակաշրջան։ Մենք իմանում ենք ծեր կնոջ երիտասարդ տարիների սիրո պատմությունը, որը շատ զգացմունքային կերպով է էկրանավորված։ Կարելի է ասել հիպերզգացմունքային՝ համր կինոյի էսթետիկային համաձայն։ 

Միգել Գոմիշը ռեժիսուրա է եկել կինոքննադատությունից, այնպես որ՝ զարմանալի չի տեսնել տարբեր էպոխաների կինոյին նրա սինեֆիլական հղումները։ Նա իր բոլոր ֆիլմերում որոշակի փորձարկումների է դիմում։ «Տաբուն», երևի թե, բոլորից հաջողվածն է։ 

12. Կաիլյան թախիծ

Ռեժիսոր՝ Բի Գան, 2015
Kaili Blues, IMDb

Նախկին հանցագործ Չենը մոր խնդրանքով ուղևվորվում է Դանմայ գյուղը, որտեղ հանդիպում է մարդկանց՝ իր անցյալից և ապագայից: Այս գյուղում ժամանակն այլ կերպ է հոսում։

Սյուժեի զարգացումները բավական բարդ է ըմբռնել: Ֆիլմի տրամաբանությունը չի ենթարկվում մեր աշխարհի կանոններին: Մենք հայտնվում ենք երազի ու իրականության սահմանագծին. մեկ վայրում կարող են իրար հանդիպել անցյալը, ներկան ու ապագան։ Այնպես որ` ֆիլմը հասկանալու համար հանդիսատեսը պետք է մի կողմ դնի հայտնի կոորդինատների համակարգը:

Բի Գանն արդեն իսկ ճանաչված է իր ֆորմալիզմի համար՝ չնայած նրան, որ դեռ ընդամենը երկու ֆիլմ է ստեղծել: Թե՛ այստեղ, թե՛ «Երկար օրը դառնում է գիշեր» ֆիլմում կա մոտ ժամ տևող մեկ կադրով նկարված տեսարան:

11. Թոնի Էրդման

Ռեժիսոր՝ Մարեն Ադե, 2016
Toni Erdmann, IMDb

Կատակասեր Ուինֆրեդը որոշում է կարգավորել հարաբերություններն իր աղջկա հետ, որը խոշոր ընկերությունում աշխատում է որպես բիզնես խորհրդատու։ Նրա ուշադրությունը գրավելու համար Ուինֆրեդն էքսցենտրիկ բիզնեսմեն է ձևանում՝ Թոնի Էրդման անունով։

«Թոնի Էրդմանը» 21-րդ դարի էմոցիոնալ կինոնկարներից մեկն է: Դա համարյա անհնար է պատկերացնել ֆիլմի առաջին մասում, որտեղ մեզ մանրամասնորեն ցույց են տալիս գլխավոր հերոսուհու անգույն կյանքը կորպորատիվ աշխարհում: Թվում է՝ շեշտը դրվելու է սառը կապիտալիստական աշխարհի պատկերման վրա, բայց ընթացքում ֆիլմը տրանսֆորմացվում է հարազատ մարդկանց ջերմ հարաբերությունների մասին զգացմունքային, անկեղծ պատմության:

10-ից 1

30-ից 21
40-ից 31
50-ից 41

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started