10․ Անշարժ նստող փիղը

Ռեժիսոր՝ Հու Բո, 2018
An Elephant Sitting Still, IMDb

Ֆիլմի սյուժեն հիմնված է ռեժիսոր Հու Բոյի «Ոսկե գեղմ» պիեսի վրա։ Այն իրենից ներկայացնում է չորս գլխավոր հերոսների պատմությունների շարունակական զարգացում։

Դեռ Բեռլինալեին՝ միանգամից պրեմյերայից հետո, շատերը շտապեցին ֆիլմն անվանել փառատոնի գլխավոր իրադարձություն։ Համեմատում էին Բելա Տարրի ու Ցզյա Չժանկեի գործերի հետ։ Հունգարացուն հիշում էին մեծ խրոնոմետրաժի ու մոնտաժային մկրատի օգտագործման ծայրահեղ սակավության համար․ մեկ կադրով նկարահանված որոշ տեսարաններ տասնյակ րոպեներ են տևում։ Ցզյա Չժանկեի մասին խոսում էին բովանդակային և գաղափարական զուգահեռների պատճառով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական քաղաքականության անուղղակի, բայց սուր քնննադատություն։ 

Չորս ժամ տևացող ֆիլմը շատերին կարող է վանել։ Բայց ամեն դեպքում վախենալու բան չկա։ «Փիղը» չի դառնում հայեցողական առակ կամ ֆորմալիստական էքսպերիմենտ։ Ընդհակառակը՝ լարվածության մեջ է պահում առաջին րոպեից մինչև վերջինը։

Ֆիլմը 29-ամյա ռեժիսորի համար դարձավ միևնույն պահին առաջինն ու վերջինը։ Վերջնական տարբերակը Հու Բոն այդպես էլ չտեսավ. 2017-ի դեկտեմբերին նա ինքնասպանություն գործեց։ 

9․ Ինտերստելար

Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան, 2014
Interstellar, IMDb

Երաշտը, փոշու փոթորիկները և բույսերի անհետանալը մարդկությանը կանգնեցնում են ոչնչացման եզրին։ Մի խումբ հետազոտողներ ուղևորվում են տիեզերքի հեռավոր անկյունները՝ բնակության համար պիտանի մոլորակներ գտնելու։

Քրիս Նոլանը մեր ժամանակի այն եզակի ռեժիսորներից է, որոնք, աշխատելով մեծ ստուդիաների համակարգում, կարողանում են իրենց անկրկնելի ոճը պահպանել ու զարգացնել։ «Ինտերստելարը» դարձավ Նոլանի ամենից մասշտաբային գործը, բայց միևնույն ժամանակ՝ նաև ամենից անձնականն ու սենտիմենտալը։

8․ Մակաբույծը

Ռեժիսոր՝ Բոն Ջուն-հո, 2019
Parasite, IMDb

Ոսկե արմավենու դափնեկիր ֆիլմը մի կորեական ընտանիքի մասին է, որն ապրում է խոնավ կիսանկուղում, հարևաններից ինտերնետ է գողանում և պատահական մանր աշխատանքներով գումար վաստակում։ Մի օր նրանց որդին աշխատանքի է տեղավորվում. սկսում է հարուստ ընտանիքից մի աղջկա անգլերեն դասավանդել։ Շքեղ առանձնատանն աշխատելիս նրա մոտ քրոջն աշխատանքի տեղավորելու հետաքրքիր միտք է առաջանում։

Ռեժիսոր Ջուն-հո Բոնը խնդրում էր չբացահայտել սյուժեի մանրամասները, ասում էր՝ ինչքան քիչ իմանաք ֆիլմի մասին նայելուց առաջ, այդքան շատ հաճույք կստանաք դիտելու ընթացքում: Ֆիլմը չի գնում այն ճանապարհով, որը հանդիսատեսն է ակնկալում (նույնիսկ փորձառու հանդիսատեսը): Մի քանի րոպեի ընթացքում այստեղ ամեն ինչ կարող է փոխվել․ սոցիալական դրաման վերափոխվում է կոմեդիայի, կոմեդիան՝ լարված թրիլլերի և այդպես շարունակ:

7․ Մեկ անգամ Անատոլիայում

Ռեժիսոր՝ Նուրի Բիլգե Ջեյլան, 2011
Once Upon a Time in Anatolia, IMDb

Անատոլիայի տափաստաններում ոստիկանների խումբը թաքցված դիակ է փնտրում: Հանցագործն ընդունել է սպանության մեջ իր մեղքը, սակայն չի կարողանում հիշել, թե կոնկրետ որտեղ է թաղել մարմինը:

Ճիշտ է՝ Ջեյլանը Ոսկե արմավենու արժանացավ իր հաջորդ կինոնկարի համար («Ձմեռային քուն», 2014), բայց երևի թե հենց «Մեկ անգամ Անատոլիայում» ֆիլմն է նրա լավագույն գործը։ Անտոնիոնիի տեմպով ու Տարկովսկու էսթետիկայով նկարված այս ֆիլմից հետո Ջեյլանը վերջնականապես դասվեց 21-րդ դարի դասականների շարքին։ 

6․ Սիլվեր լեյքի տակ 

Ռեժիսոր՝ Դեյվիդ Ռոբերտ Միտչել
Under the Silver Lake, IMDb

Երիտասարդ Սեմը ծանոթանում է մի աղջկա հետ, որը հաջորդ օրն անհասկանալի ձևով անհետանում է։ Փորձելով գտնել աղջկան՝ Սեմը բավականին արագ հայտնվում է դավադրության տեսությունների աշխարհում։ 

Գործողությունների զարգացմանը զուգահեռ մենք աննկատելիորեն հայտնվում ենք «գիկ»-ի երևակայական աշխարհում։ Եթե սկզբում աբսուրդային տեսարանները մեզ դոզավորված են մատուցվում, ու մենք դեռ կարողանում ենք երազն ու իրականությունը տարբերել (օրինակ՝ պարզ է, որ ֆիլմի սկզբում հաչող աղջկա տեսարանը Սեմի մղձավանջն է), ապա վերջաբանին ավելի մոտ սկսվում է իրական ֆանտասմագորիա։

«Սիլվեր Լեյքը» շատ ամբիցիոզ և խոստումնալից պռոեկտ էր, սակայն այդքան էլ մեծ ուշադրության չարժանացավ ու նաև որոշակի քննադատության ենթարկվեց։ Բայց միևնույնն է՝ կա տպավորություն, որ ժամանակի ընթացքում այն կարող է պոստմոդեռնիստական կլասիկա դառնալ։

5․ Սարերն էլ են տեղից շարժվում

Ռեժիսոր՝ Ցզյա Չժանկե, 2015
Mountains May Depart, IMDb

Գլխավոր հերոսուհի Տաոյի և իր հարազատների կյանքը պատկերվում է 3 տարբեր ժամանակներում՝ 1999, 2014, 2025։

Չինաստանի ռեժիսորների վեցերորդ սերնդի ամենավառ ներկայացուցիչը, չնայած բազմաթիվ կանխագուշակումների, շարունակեց ինքնաարտահայտման նոր ուղիներ փնտրել ու զարգացնել սեփական կինոլեզուն նաև այս տասնամյակում։ 13-ին դուրս եկավ «Մեղքի կնիքը» ֆիլմը՝ նրա առաջին փորձը որոշ ժանրային էլեմենտներ օգտագործելու։ Իսկ 15-ին՝ «Սարերը»՝ երևի թե ռեժիսորի ամենաթերագնահատված ֆիլմը։ Սա իսկական էպիկ պատմություն է, որն ընդգրկում է հերոսների կյանքի տարբեր հատվածներ՝ անցյալը, ներկան ու ապագան։

Այս ֆիլմը կարելի է ընկալել նաև որպես վերջին տասնամյակներում մի ամբողջ երկրի անցած ուղու մետաֆորա։ Ինչպես ֆիլմի սկզբում բիզնեսմենի ու աղքատ աշխատավորի միջև հերոսուհին ընտրություն կատարեց հօգուտ առաջինի, այնպես էլ Չինաստանն իննսունականների վերջից ձգվեց դեպի կապիտալիզմ։

4․ Լավ ժամանակ

Ռեժիսորներ՝ Ջոշուա Սեֆդի, Բեն Սեֆդի, 2017
Good Time, IMDb

Բանկ թալանելու անհաջող փորձից հետո Քոննի Նիկասը փորձում է եղբորը բանտից հանել ։

Սեֆդի եղբայրներն սկսել են մամբլքորով՝ համարյա անբյուջե ուլտրաանկախ կինո նկարելով: Չնայած նրան, որ «Լավ ժամանակը» նրանց ընդամենը չորրորդ ֆիլմն է, արդեն կարելի է ասել, որ հենց Սեֆդիներն են մեր օրերի ամերիկյան անկախ կինոյի գլխավոր գործող անձինք: Լինելով ծայրահեղ ակտուալ և ժամանակակից՝ այս ֆիլմը նաև լի է նոր հոլիվուդի կինոյին հղումներով: Այստեղ միաձուլվում են, օրինակ, մերօրյա նեոնային մանուշակա-վարդագույն էսթետիկան ու 70-ականներին հատուկ քաղաքային սիմֆոնիաների ոճը: 

Գործողությունների հիմնական մասը տեղի է ունենում մեկ գիշերվա ընթացքում: Պատմությունն էլ կառուցվում է աբսուրդային զուգադիպությունների ու պատահականությունների վրա: Ռեժիսորները ժամանակային սահմանափակումների շնորհիվ կարողանում են ծայրահեղ լարվածության մեջ պահել հանդիսատեսին: Այնպես որ՝ սա այն դեպքն է, երբ հեղինակային կինոն կարող է հետաքրքիր լինել հանդիսատեսների բավականին լայն շրջանակի համար: 

3․ Ծովային Մանչեսթեր

Ռեժիսոր՝ Քենեթ Լոներգան, 2016
Manchester by the Sea, IMDb

Միայնակ ապրող մի տղամարդ իմանում է եղբոր մահվան մասին։ Նա պետք է վերադառնա Ծովային Մանչեսթեր՝ քաղաք, որի հետ կապված է իր ողբերգական անցյալը։ 

«Սովորական մարդկանց» կյանքի մասին «մեծ ոճի» կինոյի ամերիկյան ավանդույթը դեռ գոյատևում է հենց Քենեթ Լոներգանի շնորհիվ: Երևի թե հիմա ուղղակի չկա նրան հավասարը՝ դրամատիկ կինո նկարելու կոնտեքստում:

Մանչեսթերում Լոներգանի իդեալական սցենարին ու աութենտիկ ռեժիսուրային գումարվում է Քեյսի Աֆլեքի հրաշալի դերասանական խաղը: Բացի այդ՝ այս ֆիլմում շատ յուրօրինակ ձևով են օգտագործվում մոնտաժային հնարավորությունները: 

2․ Թուրինյան ձի

Ռեժիսորներ՝ Բելա Տարր, Ագնես Հրանիցկի, 2011
The Turin Horse, IMDb

1889թ.-ին Թուրին քաղաքի փողոցներից մեկում տարօրինակ պատահար է տեղի ունենում: Երբ կառապանը մտրակով խփում է իր ծեր ձիուն, որը հրաժարվում է տեղից շարժվել, սայլակին մոտենում է լավ հագնված մի տղամարդ և գրկում է կենդանուն: Նրան դժվարությամբ հեռացնում են ձիուց և տանում տուն. պարզվում է՝ դա ամբողջ աշխարհով հայտնի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն էր: Նրան տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ էլ նա անց է կացնում իր կյանքի վերջին օրերը: 

Իսկ ի՞նչ է լինում ձիու և նրա տիրոջ հետ. հենց դրա մասին էլ պատմում է ֆիլմը:

Ձին կանգնում է, կյանքն էլ է կանգնում։ Ֆիլմը ստանում է ապոկալիպտիկ բնույթ (ընդհանրապես 2011-ի հեղինակային կինոյում ապոկալիպտիկ սյուժեները բավականին մեծ տեղ էին գրավում)․ «աշխարհը, որը ստեղծվել է 6 օրում, 6 օրում նաև կոչնչանա»։ Սիմվոլիկ է, որ Տարրը որոշեց հեռանալ ռեժիսուրայից ու «Թուրինյան ձին» դարձավ նրա վերջին ֆիլմը (ըստ երևույթի)։ 

1․ Մարգարետ

Ռեժիսոր՝ Քենեթ Լոներգան, 2011
Margaret, IMDb

17-ամյա Լիզան ականատես է լինում ավտոբուսային վթարի, որի արդյունքում կին է զոհվում: Փորձելով խոստովանել պատահարում իր մեղքի բաժինը՝ Լիզան զարմանալիորեն բախվում է շրջապատող մարդանց անտարբերությանը ու իրեն հասկանալու անկարողությանը:

«Մարգարետը» կարող էր դառնալ ամերիկյան նոր հեղինակային կինեմատոգրաֆի սիմվոլը, սակայն մնաց ժամանակների մեջտեղում։ Այն նկարահանվել էր դեռևս 2005 թվականին։ Բայց մոնտաժային պրոցեսի, ռեժիսորի ու ստուդիայի միջև ծագած տարաձայնությունների ու դրանց հետևած երկար դատական քաշքշուկների պատճառով այն դուրս եկավ միայն 2011-ին։ Ֆիլմը մեծ փառատոնների համարյա թե չմասնակցեց ու ցուցադրվեց ընդամենը մի քանի կինոթատրոնում։ 

Ֆիլմում չկա Մարգարետ անունով կերպար։ Ֆիլմի անվանումը հղում է բրիտանացի պոետ Ջերալդ Մենլի Հոփկինսի «Գարուն և աշուն»  բանաստեղծության հերոսուհուն։ Հոփկինսը, ինչպես և Լոներգանը, պատկերում է պատանեկան մաքսիմալիզմն ու իդեալիզմը, որն ուշ թե շուտ բախվում է մեծահասակների աշխարհին ու ջարդուփշուր լինում։ 


20-ից 11
30-ից 21
40-ից 31
50-ից 41

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started