2020-ը շատ բարդ տարի էր նաև կինոաշխարհի համար: Համավարակի պայմաններում շատ կինոթատրոններ փակվեցին կամ շարունակեցին գործել խիստ սահմանափակումներով, բազմաթիվ նկարահանումներ ընդհատվեցին։ Մի շարք ֆիլմերի պրեմիերան տեղափոխվեց մյուս տարի։ Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան: Տարվա նշանակալից կինոնկարներին մենք արդեն անդրադարձել ենք մեր փոդքասթում։

Այստեղ էլ արդեն հավաքեցինք մեր կարծիքով լավագույն ֆիլմերի թոփ 20-ը։

20. Պատվավոր հյուրը
Guest of Honour, Atom Egoyan

Վերոնիկան հոր թաղումը կազմակերպելու ընթացքում քահանայի հետ կիսվում է անձնական ու նվիրական հիշողություններով: Տարբեր այդ պատմությունների շնորհիվ հանդիսատեսը մոտիկից է ծանոթանում ֆիլմի գլխավոր հերոս Ջիմի հետ:

Ատոմ Էգոյանը երկար ընդմիջումից հետո վերջապես նկարեց ֆիլմ իր իսկ սցենարի հիման վրա: Նա կրկին հմուտ ձևով միավորում է բազմաթիվ սյուժետային գծերը ու ժամանակային շերտերը: Ամեն ինչ շատ հեշտ ընկնում է իր տեղը, ու անգամ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ֆիլմ-խճանկար ես նայում, այլ ավանդական խրոնոլոգիայով պատմություն: 

19. Խայծ
Bait, Mark Jenkin

Մարտին և Սթիվեն Ուորդ եղբայրների ընտանիքը երկար տարիներ ձկնորսություն է անում Քորնուոլի ափերին: Բայց ժամանակները փոխվում են, ու ձկնորսական արհեստն այլևս փող չի բերում: Մարտինը փորձում է գոյատևել` շարունակելով ընտանեկան գործը ու պահպանելով հնից եկած ավանդույթները, իսկ Սթիվենը ընտրում է հեշտ ճանապարհը` սկսում է աշխատել զբոսաշրջիկների հետ` իր հանգուցյալ հոր նավն օգտագործելով էքսկուրսիաների համար:

Որպես այդպիսին սյուժեն շատ պարզ է ու հասարակ: Նույնիսկ թվում է, որ պատմությունը կարող էր և կարճամետրաժ ֆորմատում տեղավորվել: 

Առաջնայինն այստեղ ֆորմալ կողմն է` այն, թե ինչպես է նկարված ու ներկայացված այդ պատմությունը` 16 միլիմետրանոց ժապավենի վրա ու խոշոր պլաններով: Բայց ամենակարևորն իհարկե գլխապտույտ առաջացնող կտրուկ (կարծես միտումնավոր չմշակված) մոնտաժն է:

18. Սուլողները
The Whistlers, Corneliu Porumboiu

Կոռումպացված ոստիկանը ստիպված է սովորել սուլոցի լեզուն, որի միջոցով միմյանց հետ շփվում են հանցագործները: 

Ռումինական ալիքի գլխավոր ռեժիսորներից մեկի՝ Կոռնելիու Պորումբոյուի ֆիլմը ոչ մի կապ չունի այն բանի հետ, ինչ մենք հասկանում ենք «ռումինական նոր ալիք» ասելիս: Սա աբսուրդիստական կրիմինալ կոմեդիա է, որը միևնույն պահին և՛ օմմաժ է, և՛ պարոդիա միանգամից տասնյակ ֆիլմերի` 40-ականների նուարներից մինչև Ջեյմս Բոնդի ֆրանշիզան: Ու եթե նման ինտոնացիա ու նարատիվ ռեժիսորից կարելի էր սպասել, ապա այն, թե ինչպես է նկարված ֆիլմը, իրական անակնկալ է. ոչ մի շարժվող, դողացող կամերա, ոչ մի գորշ ռեալիզմ, միայն վառ գույներ ու փայլփլուն պատկեր: Արդյունքում, չնայած ոճային այսպիսի կտրուկ շրջադարձի, Պորումբոյուի մոտ փայլուն ֆիլմ ստացվեց:

17. Վայրի սագերի լիճը
The Wild Goose Lake, Yi’nan Diao

Մոտոցիկլետներ գողացող բանդայի ղեկավար Չժոուն պատահաբար սպանում է մի ոստիկանի ու փախուստի դիմում։ Շուտով նա դառնում է փնտրվող համար մեկ հանցագործը և որոշում է այնպես անել, որ իրեն գտնելու համար նախատեսված պարգևավճարը ստանան իր կինն ու երեխան։

Ռեժիսոր Դյաո Ինանը իր ամեն հաջորդ ֆիլմում ավելի ու ավելի մեծ տեղ է տալիս ժանրային կինոյի հետ խաղերին: Շատ բան կա հոնգկոնգյան մարտաֆիլմերից կամ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի նեոնային տրանսցենդենտալ կինոյից: 

Այդուհանդերձ, ընդգծված անիրականությանը զուգահեռ այստեղ երևում է իրական Չինաստանը: Սա ետնախորշերի ծայրահեղ աղքատ բնակիչների, մանր բանդիտների, մարմնավաճառների և այլ մարգինալների պատմություն է:

16. Մանկ 
Mank, David Fincher

Ֆիլմը պատմում է ամերիկյան կինոյի կուլտային նմուշներից մեկի` «Քաղաքացի Քեյնի» սցենարի ստեղծման և 30-ականների Հոլիվուդի մասին: Գործողությունների կենտրոնում սցենարի հեղինակ Հերման Մանկևիչն է:

Ֆիլմի սյուժետային թելը չկորցնելու համար երևի թե պարտադիր է նախապես դիտել «Քաղաքացի Քեյնը»: Բացի այդ, ցանկալի է անդրադառնալ ամերիկացի լեգենդար կինոքննադատ Փոլին Քեյլի՝ 1971-ին լույս տեսած «Raising Kane» էսսե-հետազոտությանը, որում Քեյլը եզրակացության էր գալիս, որ սցենարիստ Հերման Մանկևիչին պետք է համարել «Քաղաքացի Քեյնի» հավասարազոր հեղինակ, ու որ նույնիսկ ավելի շուտ հենց նա է պատասխանատու ֆիլմի ստեղծման համար: Այդ էսսեն և այնտեղ օգտագործվող փաստարկները բավական կասկածելի բնույթ ունեն: Ու ամենաքիչը կիսով չափ իրականությանը չեն համապատասխանում: Բայց դա չխանգարեց Ֆինչերին այդ տեսությունը հիմք դարձնել «Մանկի» համար:

Եվս մի կարևոր բան, որ պետք է իմանալ Մանկևիչի մոտիվները հասկանալու համար, 30-ականներին Ամերիկայում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է, ավելի կոնկրետ՝ 1934 թ-ի Կալիֆորնիայի նահանգապետի ընտրությունները, որոնցում ծանր պարտություն տարավ գրող, սոցիալիստ քաղաքական գործիչ  Էփթոն Սինքլերը: 

Կարելի է ասել, որ Ֆինչերը հենց այդ դրվագն է դարձնում անկյունաքար սյուժեի համար՝ ցույց տալով, թե ինչն է դրդել Մանկևիչին սկսել իր յուրօրինակ պայքարը հոլիվուդյան վերնախավի դեմ ու ստեղծել քաղաքացի Քեյնի կերպարը:

«Մանկ»-ը վիզուալ առումով նկարվել է «Քաղաքացի Քեյն»-ի ոճի մեջ: Այստեղ օգտագործվում են լույսի ու ստվերի հետ խաղերը, տարբեր անցքերի, լուսամուտների միջով ընկնող լույսը, ներքևից վերցված ռակուրսները: Ֆիլմը նման է «Քեյն»-ին նաև նրանով, որ պատմությունը ներկայացվում է ֆլեշբեքների, հիշողությունների միջոցով: Ընդհանուր առմամբ, Ֆինչերին հաջողվել է վերարտադրել 30-ականների Հոլիվուդի մթնոլորտը:

15. Թռչունների կերպարանափոխությունը
The Metamorphosis of Birds, Catarina Vasconcelos

Ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշը ծայրահեղ անձնական այս ֆիլմում ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը: Մանկական հուշերի ու հին նամակագրություններից հատվածների, իրական ու հորինված պատմությունների ֆոնին մենք տեսնում ենք այդ ամենի հետ գրեթե կապ չունեցող տեսաշարք:  Խոսքը ու պատկերը կարծես անկախ են իրարից, բայց եթե հանդիսատեսին հաջողվի այդ կոմպոնենտները միասին ընկալել, ֆիլմի դիտումը կարող է դառնալ աննախադեպ փորձառություն: Միայն թե այս կինոպոեմին հատուկ տրամադրությամբ է պետք մոտենալ: 

«Թռչունների կերպարանափոխությունը» 2020-ի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրն է: 

14. Անտեսանելի մարդը
The Invisible Man, Leigh Whannell

Սեսիլիան փախչում է բռնարար ամուսնուց: Ու չնայած նրան, որ փախուստից քիչ ժամանակ անց ամուսինը մահանում է, կնոջը սկսում է թվալ, որ նա իրեն հետևում է և անընդհատ գտնվում է իր հետ նույն վայրում: 

«Անտեսանելի մարդը» այս տարվա ամենից հետաքրքիր ժանրային ֆիլմերից է, որում Հերբերտ Ուելսի գրքի ու Յունիվերսալի հին ֆիլմերի անտեսանելի մարդու կոնցեպտը հայտնվում է բարձր տեխնոլոգիաների աշխարհում: 

Սասփենսն այստեղ հաղորդվում է ընդամենը դատարկ տարածքների պատկերմամբ: Դա իհարկե տրամաբանական է, երբ հակահերոսն անտեսանելի է: Եվ ընդհանրապես բավականին տարածված հնարք է հորոր ֆիլմերում: Բայց դա էլ է պետք կարողանալ այնպես անել, որ իրոք անհանգստության ու վախի մթնոլորտ փոխանցվի: Այդ դրվագներում հանդիսատեսը սկսում է իր վրա զգալ անտեսանելի հայացքը` դիտարկողից դառնալով դիտարկվող: 

Այդ ամենի հետ մեկտեղ բարձրաձայնվում են ակտուալ սոցիալ-քաղաքական խնդիրները` ընտանեկան բռնության ու կանանց էմանսիպացիայի թեմաները: Ու սա այն դեպքն է, երբ  ավանդական սյուժեն շատ հաջող կերպով է սինթեզվում ակտուալ օրակարգի հետ:

13. Բույնը 
The Nest, Sean Durkin

1980-ականներին Ամերիկայում բնակվող մի անգլիացի բիզնեսմեն որոշում է իր ընտանիքի հետ վերադառնալ Բրիտանիա ու այնտեղ ռիսկային գործարքների մեջ է մտնում: Անգլիա ժամանելուց հետո նրանք բնակություն են հաստատում մի շատ հին ու շքեղ առանձնատանը:

Ռեժիսոր Շոն Դուրկինի դեբյուտային «Մարթա, Մարսի-Մեյ, Մառլեն»-ից  անցավ համարյա տասը տարի, ու միայն հիմա դուրս եկավ նրա երկրորդ ֆիլմը`«Բույնը»: 

Հիմնական շեշտը Դուրկինը դնում է ավանդական ընտանիքի ճգնաժամի թեմայի վրա: Նրան հաջողվում է բացահայտել բոլոր 4 հիմնական կերպարներին, որոնք տեղափոխության պատճառով կարծես կամաց-կամաց սկսում են ցնորվել (արդյունքում անգամ տպավորություն կարող է ստեղծվել, որ սա Կուբրիկի «Փայլատակման» յուրօրինակ ձևափոխված ռիմեյք է): 

Սա այն դեպքն է, երբ բոլոր կոմպոնենտները ամենաբարձր մակարդակի վրա են` սցենարից մինչև դերասանական խաղը: «Բույնը» ավանդական, նույնիսկ մի փոքր հնաոճ ֆիլմ է, ինչը տվյալ դեպքում միայն որպես կոմպլիմենտ է պետք ընկալել: Քանի որ հենց դա էր ամենաճիշտ տարբերակը` այդքան աութենտիկ ռետրոո ստիլիստիկա ստեղծելու:

12. Մի-մի հատ էլ
Another Round, Thomas Vinterberg

4 ընկերներ` բոլորը ավագ դպրոցի ուսուցիչներ, որոշում են իրենց վրա փորձարկել մի փիլիսոփայի տեսություն, ըստ որի մարդիկ ողջ կյանքի ընթացքում զգում են օրգանիզմում ալկոհոլի պակասը, իսկ իրականում երջանիկ լինելու համար պետք է միշտ մի փոքր հարբած լինել: 

Վինտերբերգը ոչ մի օրիգինալ բան մեծ հաշվով չի առաջարկում, բայց օգտագործելով վաղուց հայտնի սցենարական սխեմաներ` հաջողացնում է շատ հաճելի տրագիկոմեդիա ստեղծել` առաջին հերթին Մադս Միքելսենի գլխավորած խարիզմատիկ դերասանական կազմի շնորհիվ: 

Վինտերբերգը ֆիլմում գտնում է իդեալական բալանսը. նա չի անում որևէ դատողություններ. սա ալկոհոլի ու հարբեցողության գովազդ կամ հակագովազդ չէ: «Խմելը վատ բան է… չնայած երբեմն էլ լավ բան»: Մոտավորապես այդպիսի, ինչ-որ տեղ անլուրջ մեսիջ է կրում ֆիլմը:

11. Գայլերի լեգենդը
WolfWalkers , Tomm Moore

Իռլանդիա, 1650թ․։ Քաղաքի շրջակայքում անտառահատում է իրականացվում, ինչի արդյունքում ավելի հաճախակի են դառնում գայլերի հարձակումները։ Անգլիայից ժամանած որսորդը պետք է գտնի ու վերացնի բոլոր կենդանիներին։ Բայց նրա դուստրը, ցանկանալով օգնել, սողոսկում է անտառ, որտեղ և հանդիպում է տարօրինակ մի աղջկա՝ Մեյվին։ 

«Գայլերի լեգենդը» Թոմ Մուրի իռլանդական առասպելների անիմացիոն եռապատման եզրափակիչ և հավանաբար լավագույն մասն է` մարդկանց ու բնության հարաբերությունների ու փոխկապվածության մասին: 

Իհարկե սյուժեն որպես այդպիսին նոր չի, իսկ թեման հղում է դեռ Միաձակիի «Մոնոնոկեին»: Բայց պատկերի և պատմության ներդաշնակության ու կախարդական մթնոլորտի ստեղծման հարցում այս ֆիլմը կարելի է համարել էտալոնային:

10. Սև, սև մարդը
A Dark, Dark Man, Adilhan Erzhanov

Ղազախական մի  գյուղում երեխա է սպանվել: Քննիչն ուզում է հնարավորինս արագ կարճել գործը. չէ՞ որ տեղի ոստիկաններն արդեն գտել են «մեղավորին»: Բայց ամեն ինչ տապալվում է, երբ գործին է խառնվում քաղաքից եկած երիտասարդ մի լրագրողուհի: Այժմ քննիչը պարտավոր կլինի անցկացնել իրական հետաքննություն բոլոր կանոններին համաձայն` առաջին անգամ իր պրակտիկայի ընթացքում: 

Կոռումպացված համակարգում նույնիսկ լավ մարդիկ են հրեշ դառնում, բայց միշտ կա հետ դառնալու հնարավորություն՝ իհարկե մեծ զոհաբերությունների միջոցով:

Ղազախական ժամանակակից անկախ կինոն հավանաբար ամենահետաքրքիր երևույթներից է հետխորհրդային տարածաշրջանում: Ադիլխան Երժանովն էլ այդ ալիքի ամենից պրոդուկտիվ ու հաջողակ ներկայացուցիչն է: Չնայած ճանաչելի ռեժիսորական ձեռագրին` նրա ամեն հաջորդ ֆիլմ զգալիորեն տարբերվում է նախորդից: 

«Սև, սև մարդը» վիզուալ առումով` առաջին հերթին լանդշաֆտների ու գունային գամմայի շնորհիվ, ասոցիացիաներ է ստեղծում արդեն դասական դարձած մռայլ դետեկտիվների հետ` «Սպանության մասին հիշողությունների», «Զոդիակի» կամ «True Detective»-ի: 

9. Միայն կենդանիները
Only the Animals, Dominik Moll

Ալպյան գյուղերից մեկի մոտակայքում ձնաբքի ժամանակ անհայտ կորչում է հարուստ մի կին: Պարզվում է, որ այդ տարօրինակ իրադարձությանը մասնակցություն է ունեցել միանգամից մի քանի մարդ՝ տեղի ֆերմերը ու իր կինը, անփոխադարձ սիրուց տառապող մատուցողուհին ու անգամ հեռավոր Աֆրիկայում ապրող խարդախ մի երիտասարդ։ 

Այս ինչ-որ տեղ տարանտինոյական (կամ մի գուցե ռասեմոնական) խճճված պատմությանը մենք նայում ենք չորս իրար միջև շատ տարօրինակ կերպ փոխկապակցված հերոսների տեսանկյունից: Ֆիլմը չորս գլուխներից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը  հերոսներից մեկի  անունն է կրում: Ու ամեն հաջորդ գլխում մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում սկզբում լիովին անհասկանալի, միստիկական նշույլներով լի այս պատմությունից, և միայն եզրափակիչ հատվածում, որտեղ միաձուլվում են երկու տարբեր աշխարհներ, վերջնականապես հավաքվում է այս փազլը:

8. Առագաստները վեր
Blow the Man Down, Bridget Savage Cole, Danielle Krudy

Գործուղությունները կատարվում են ամերիկյան փոքրիկ ձկնորսական քաղաքում։ Իրենց մոր մահից հետո քույրեր Մերի Բեթը և Պրիսցիլան հայտնաբերում են, որ մեծ պարտքերի մեջ են և կարող են նույնիսկ տունը կորցնել։ Պատահական հանցագործության արդյունքում իրենց փոքրիկ ու անշուք քաղաքը քույրերի համար բոլորովին նոր տեղ է դառնում։   

Այս սակավաբյուջե դրամատիկ թրիլլերի բոլոր հիմնական կերպարները` և՛ հերոսները, և՛ հակահերոսները, կանայք են: Ինչը կրիմինալ ժանրի համար բավականին հազվադեպ, կարելի է ասել բացառիկ երևույթ է: Ու դա կապված չէ կանանց կինոյում ավելի մեծ դեր տալու ժամանակակից տենդենցի հետ: Այստեղ դա բուն պատմության տրամաբանությունից բխող մի իրողություն է:     

Ֆիլմի օրիգինալ անվանումը նավաստիական երգից է գալիս: Մեկ անգամ չի որ հիմնական սյուժեն կարճ դադար է վերցնում, ու այդ ընթացքում մենք լսում ենք այդպիսի ֆոլկլյորային կատարումներ, որոնք շատ հետաքրքիր մթնոլորտ են հաղորդում ֆիլմին. կոշտ ու խիստ ժողովուրդը մի կողմից, սիրտ մղկտացնող երգերը`մյուս:

7. Ֆուչուն լեռների մենաստանը
Dwelling in the Fuchun Mountains, Gu Xiaogang

Ֆիլմը պատմում է 4 եղբայրների փոխհարաբերությունների և իրենց ընտանիքների ծանր կյանքի մասին` տարվա չորս եղանակների ֆոնին: 

Ոչ մի տեղ չշտապող սյուժեն ու բազմաթիվ երկար պլանները յուրօրինակ տեմպ ու ռիթմ են հաղորդում Գու Սյաոգանի ֆիլմին, որում կարծես միաձուլվում են էկզիստենցիալն ու տրանսցենդենտալը: Ֆիլմի գլխավոր մետաֆորը գետն է, որը կյանքի պես շարունակում է իր հունով հոսել անկախ ամեն ինչից: 

«Ֆուչուն լեռների Մենաստանը» մի շարքում է կանգնում Ցզյա Չժանկեի, Հու Բոյի կամ Բի Գանի ֆիլմերի հետ: Չինաստանում կարծես ևս մեկ մեծ հեղինակ է հայտնվել:

6. Ես տանն էի, բայց…
I Was at Home, But…, Angela Schanelec

Աստրիդի 13-ամյա տղան անհետանում է և հանկարծակիորեն վերադառնում 1 շաբաթ անց: Այդ իրադարձությունները ստիպում են Աստրիդին լրիվ նոր հայացքով նայել իրականությանը ու փոխել վերաբերմունքը իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:

Բեռլինյան դպրոցի հիմնադիրներից մեկը՝ Անգելա Շանելեկը, իր այս ֆիլմով դեռ 2019-ի Բեռլինի փառատոնին էր մասնակցել, որտեղ արժանացել էր լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին: Ինչպես իր մյուս բոլոր աշխատանքներում Շանելեկն այստեղ էլ հետազոտում է իրականությունը, փորձում է ֆիքսել կյանքի դանդաղ ընթացքը, հասկանալ` որտեղ է իրականի ու կեղծի սահմանը` թե թատրոնում, թե կյանքում: Եվ արդյո՞ք այն ընհանրապես գոյություն ունի. թատերական ներկայացումը վաղուց դուրս է եկել բեմի սահմաններից ու ներխուժել է իրական կյանք:

5. Անվերջ գիշերը
The Vast of Night, Andrew Patterson

1950-ականների վերջում Նյու Մեքսիկո նահանգի քաղաքներից մեկի համարյա ամբողջ բնակչությունը հավաքվում է տեղի բասկետբոլային թիմի երեկոյան խաղին, մինչ գիշերային հերթափոխի անցած երիտասարդ հեռախոսավարուհի Ֆեյը կապի գծերից մեկում տարօրինակ աղմուկ է նկատում: Նա զանգում է իր ընկերներից մեկին, ով ռադիոհաղորդում է վարում, և նրանք միասին որոշում են բացահայտել այդ աղմուկի աղբյուրը ու այն եթեր են տալիս:

Անկասկած սա տարվա լավագույն դեբյուտներից մեկն է, որտեղ հիանալի ձևով փոխանցվում է 50-ականների ամերիկյան փոքրիկ քաղաքի մթնոլորտը: Անվերջ գիշերը նաև այդ տարիների գիտաֆանտաստիկ ֆիլմերին ու սերիալներին է հղում, առաջին հերթին՝ կուլտային The Twilight Zone-ին: 

Միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստը և նկարահանման ոճը (օրինակ` վիրտուոզ լոնգթեյքերը) առաջին հայացքից տիպիկ նոստալգիկ ֆիլմը դարձնում են իրապես նորարարական: Ակնհայտ է, որ ֆիլմի հեղինակները նոր ասելիք ունեն, այլ ոչ թե միայն օմմաժ են անում հին ու դասական ստեղծագործություններին: 

4. Կինը, որը փախավ
The Woman Who Ran, Hong Sang-soo

Սյուժեի կենտրոնում մի երիտասարդ կին է, որը մեկը մյուսի ետևից այցելում է իր 3 ընկերուհիներին ու նրանց հետ զրուցում անձնական կյանքի և կենցաղի մասին:

Հոն Սան-սուն, որին կարելի է անվանել կինոքննադատների ամենասիրելի կորեացի ռեժիսորը, իրական ֆենոմեն է կինոյի աշխարհում:  Նրա բոլոր ֆիլմերը շատ նման են մեկը մյուսին` թե սյուժեի, թե ոճի առումով: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե առանձին-առանձին ֆիլմեր են, այլ մի ամբողջական սերիալ կամ շարք: Բացի այդ, Հոնի ֆիլմերի տեխնիկական արսենալը  շատ հասարակ է: Նա, օրինակ, շատ է սիրում զում օգտագործել, ինչը ժամանակակից պրոֆեսիոնալ կինոյում ուղղակի նոնսենս է: Բայց սյուժեի առումով ֆիլմերն այդքան էլ պարզ չեն, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Հաճախ դրանք կարծես փոքրիկ հանելուկներ լինեն, ու լուծումը գտնելու համար պետք է տեսածը լուրջ վերլուծել: 

Այստեղ էլ, երբ հերոսուհին իր ընկերուհիներին պատմում է ամուսնու մասին, ամեն անգամ մենք ինչ-որ նոր բան ենք իմանում, ուշադիր լինելու դեպքում էլ կարելի է հասկանալ, որ իրականում  այդ պատմություններն իրար հակասում են: Նույնիսկ պարզ չի` արդյո՞ք գոյություն ունի նրա ամուսինը: Ճիշտն ու սուտը, երազն ու իրականությունը, ամեն ինչ խառնվում է Հոն Սան-սուի աշխարհում:

2020-ին ֆիլմը մասնակցեց Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրին, որի շրջանակներում Հոնը արժանացավ լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին: 

3. Փաստարկ
Tenet, Christopher Nolan

Կիևի օպերային թատրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ԿՀՎ (CIA) գործակալը համագործակցում է  բրիտանական հետախուզության հետ ռուս օլիգարխի դեմ պայքարում։  Գործակալներն օգտագործում են ժամանակի ինվերսիան՝ ստիպելով արդեն տեղի ունեցած իրադարձություններին հետ շարժվել:

Ժամանակի հետ խաղը միշտ էլ եղել է Նոլանի ֆիլմերի կարևոր բաղադրիչ: Օրինակ` դեռ 2000-ին նկարված «Մեմենտոյում» (որը, կարելի է ասել, Նոլանի դեբյուտն է մեծ կինոյում) պատմությունը սկսվում էր վերջից: Դա պայմանավորված էր գլխավոր հերոսի ամնեզիայով. նա միայն հիշում էր իր հետ կատարվածի վերջին 15 րոպեն:  Ու հանդիսատեսը այդպես 15-15 րոպե հետ-հետ էր գնում: Ֆիլմի վերջում, որը նաև սյուժեի խրոնոլոգիայի տեսանկյունից պատմության սկիզբն էր հանդիսանում, փլոթ թվիստ է տեղի ունենում, ու մենք շատ անսպասելի բացահայտում ենք անում:

Նաև  «Սկիզբը», «Ինտերստելլար» կամ նույնիսկ հիպերռեալիստական «Դյունկերկ» ֆիլմերում ժամանակը ոչ կոնստանտ բնույթ ուներ` տարբեր կերպ էր արտահայտվում, կարող էր արագացնել կամ դանդաղեցնել իր ընթացքը:

«Փաստարկում» ժամանակը վերջապես դարձավ ֆիլմի լիիրավ գլխավոր հերոսը: Սյուժետային բոլոր մանրուքները, կերպարների դրդապատճառները և այլ նման բաները շատ պայմանական են ու լրիվ երկրորդական դեր ունեն: Ի տարբերություն «Ինտերստելլարին»` այստեղ կերպարներին նույնիսկ դժվար է ապրումակցել, բայց «Փաստարկի» պարագայում դա ընդհանրապես կարևոր չէ: Ամեն ինչ ծառայում է միայն մեկ գաղափարին` ժամանակի ինվերսիայի բոլոր իմաստներով ֆանտաստիկ կոնցեպտի պատկերմանը:

Ֆիլմից հետո գալիս ես այն մտքին, որ նույնիսկ լավ է բարդ կերպարների ու կրքերի բացակայությունը, քանի որ այդ ամենը կարող էր շեղել բուն գործողություններից ու էլ ավելի բարդացնել առանց այդ էլ բավականին խճճված կառուցվածք ունեցող ֆիլմը:

2. Ունդինա
Undine, Christian Petzold

Ունդինան երիտասարդ գիդ-պատմաբան է, որն աշխատում է Բեռլինի թանգարաններից մեկում և էքսկուրսիաների ժամանակ պատմում է քաղաքի ճարտարապետության մասին: Հերոսուհու անունը գալիս է գրականության մեջ լայն տարածում գտած` անսահման սիրո մասին պատմող մի միֆից: 

Պետցոլդը ռոմանտիզմի դարաշրջանի անկյունաքարային լեգենդի սյուժեն տեղափոխում է ժամանակակից Բեռլին, ինչը բավականին հետաքրքիր օրինաչափության մասին է խոսում ռեժիսորի ֆիլմոգրաֆիայի առումով: Որովհետև Պետցոլդը համարվում է 2000-ականների եվրոպական ամենակարևոր կինոալիքներից մեկի` այսպես կոչված  Բեռլինյան դպրոցի հիմնադիրներից ու գլխավոր գործող անձանցից մեկը: Իսկ Բեռլինյան դպրոցի ֆիլմերը միշտ փորձում էին լինել ռեալիստական` պատկերել ժամանակակից աշխարհը ու խոսել ժամանակակից մարդու խնդիրներից: 

Բայց տարիների ընթացքում հենց Պետցոլդը հեռացավ «դպրոցի» այդ չգրված օրենքներից ու սկսեց ավելի ու ավելի շատ անդրադառնալ անցյալին: Սկզբում նկարեց «Բարբարա» ֆիլմը, որտեղ պատկերեց 80-ականների արևելյան Գերմանիան, հետո` «Փյունիկը», որի գործողությունները տեղի էին ունենում հետպատերազմյան Բեռլինում:  Այնուհետև եղավ «Տրանզիտը», որում ընդհանրապես սինթեզվում է երկրորդ համաշխարհայինն ու ժամանակակիցը. նացիստական օկուպացիան գործում է ժամանակակից աշխարհի դեկորացիաներում:Եվ վերջապես այս ֆիլմը` «Ունդինան», որտեղ կրկին անցյալի (կամ նույնիսկ լեգենդարի, առասպելականի) ու այսօրվա իրականության համադրություն է տեղի ունենում:

Երևի ռեալիստական կինոյի ուղուց այդ շեղումը ճիշտ քայլ էր Պետցոլդի համար, քանի որ հենց վերջին տարիներին է նա ավելի ու ավելի մեծ ճանաչվածություն ձեռք բերել:

1. Առաջին կովը
First Cоw, Kelly Reichardt

1820-ականների Ամերիկայի հյուսիսում բռնկված ոսկե տենդի ժամանակ երկու ընկերներ փորձում են ապրուստ հայթայթել քաղցրավենիքներ վաճառելով: Եվ քանի որ պատրաստման համար անհրաժեշտ է կաթ, նրանք այն գողանում են բրիտանացի մի մեծահարուստից, ում էլ պատկանում է բնակավայրի միակ կովը:

Համակարգի դեմ գնալ նշանակում է դիմել ռիսկի: Տվյալ դեպքում հերոսները վա-բանկ են գնում` ռիսկի տակ դնելով իրենց կյանքերը: 

Մենք տեսնում ենք հույսերով լի հերոսներին, որոնք կատարյալ կերպով լրացնում են մեկը մյուսին, իրար հույս ու հավատ են փոխանցում, տալիս այն, ինչ պակասում է: Այս ամենի շնորհիվ անչափ մեծ համակրանքով ես լցվում նրանց հանդեպ: Ու ընթացքում ավելի ու ավելի ես խորասուզվում ֆիլմի մթնոլորտի մեջ՝ կախարդվելով դրա քաղցր մելանխոլիայից: 

Ֆիլմի գլխավոր երկու հերոսները ոչ վախկոտ են, ոչ էլ կամազուրկ, բայց երևի չափից դուրս փափուկ ու ներողամիտ, ինչի պատճառով նրանք չեն կարող տեղ ունենալ մի երկրում, որի հիմքում ընկած են դաժան կապիտալիզմն ու տոտալ էքսպլուատացիան:

Փոդքասթ՝

2020-ի կինոն․ VOL 1

2020-ի կինոն․ VOL 2

2020-ի ֆիլմերի մեկ այլ ընտրանի

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started