Երկար սպասված «Ոսկե ծիրանը» վերջապես կայացավ, թեկուզ և ավելի ուշ` անսովոր հոկտեմբերին, ու մի քիչ ավելի փոքր ֆորմատով, բայց ֆիլմերի տպավորիչ ընտրանիով: Օրինակ` Կաննի մրցութային ծրագրից միանգամից 6 ֆիլմ ցուցադրվեց «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում: Հենց այդ ֆիլմերին էլ կանդրադառնանք այս հոդվածում:

Փառատոնի երևի թե գլխավոր իրադարձությունը «Մեմորիայի» ցուցադրությունն էր: Պարզվում է` Ապիչատպոն Վիրասեթակունի համար որևէ նշանակություն չունի` որտեղ ու ինչ լեզվով նկարել: Երազներ, հիվանդություն, անցյալ, առասպելականի, ֆանտաստիկի ու իրականի միահյուսում. ռեժիսորին հատուկ այս բոլոր թեմաները կարելի է տեսնել նաև «Մեմորիայում»:
Ինչպես և նախորդ ֆիլմերում, այստեղ էլ տեղ կա անբացատրելիի կամ գերբնականի համար, ու բոլորովին պարտադիր չէ հասկանալ ու մեկնաբանել, թե ինչ է կատարվում էկրանին: Դու, կարծես պատահաբար, դառնում ես մեկ ուրիշի երազի ականատեսը: Բայց միևնույն պահին այդ երազն արդեն դառնում է քոնը. նմանվում ես ֆիլմի հերոսներին, որոնք հավաքում են ուրիշների հիշողությունները:
Շատ լավ տարբերակ է հենց այս ֆիլմից սկսել Վիրասեթակունի հետ ծանոթությունը, ու այնուհետև միայն խորասուզվել թայլանդական միֆերով լի իր ավելի վաղ ստեղծագործությունների մեջ: Թիլդա Սուինթոնը, անգլերեն ու իսպաներ լեզուները արևմտակենտրոն հանդիսատեսի համար կարող են յուրօրինակ կամուրջ դառնալ դեպի Վիրասեթակունի աշխարհը:
Իսկ ահա Ասղար Ֆարհադիի համար շատ ավելի կարևոր է հենց հայրենիքում ստեղծագործելը: Հերթական անգամ վերադառնալով Իրան` նա կարծես մոռանում է համաշխարհային աստղերով եվրոպական կինո նկարելու իր անհաջող փորձը:
Ճիշտ է` «Հերոսն» էլ, միևնույն է, զիջում է ռեժիսորի լավագույն գործերին` «Ամուսնալուծությանը», «Էլիի պատմությանը» կամ «Գեղեցիկ քաղաքին»: Սցենարը կրկին վիրտուոզային կերպով է զարգանում, բայց բոլոր քայլերին արդեն ծանոթ ես ու մոտավոր պատկերացնում ես սյուժեի ամեն հաջորդ շրջապտույտը. տպավորություն է ստեղծվում, որ Ֆարհադին այլևս դժվար թե զարմացնի:
Աղմկահարույց «Բենեդետայում» ռեժիսոր Պաուլ Վերհուվենը հերթական անգամ խաղում է հանդիսատեսի հետ: Միջնադարյան անտուրաժը նա համեմում է կարծես «American Pie»-ից վերցված զուգարանային հումորով ու հատուկ կեղծ բարեպաշտների համար ստեղծված «զայրացուցիչ» էրոտիկ տեսարաններով:
Իրականում սկզբունքորեն ոչ մի նոր բան չհորինելով` ռեժիսորը միևնույն է հասնում է իր նպատակին. ֆիլմը ձեռք է բերում սկանդալային համբավ: Ռուսաստանում, օրինակ, «Բենեդետայի» վարձույթն ուղղակի արգելվեց: Ըստ ցենզորների, որոնք նույնիսկ չեն էլ տեսել ֆիլմը, այն վիրավորում է հավատացյալների զգացմունքները: Մինչդեռ եկեղեցուն ու սեքսին նվիրված արդեն դասական ֆիլմերը` Կավալերովիչի «Մայր Իոհաննան» կամ Ռասելի «Սատանաները» շատ ավելի ռադիկալ են թվում:
Այս տարվա «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը` իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» շարունակում է «Ոսկե արջի» արժանացած «Հոմանիշների» ճանապարհը. ուշադրության կենտրոնում կրկին ներանձնական կոնֆլիկտներն ու իքնանույնականացման խնդիրներն են: Լապիդը նորից չափազանց անհանգիստ, ասես գոռացող կինո է նկարում: Անհարմարության զգացողությունը հասցված է գագաթնակետի: Ռեժիսորի նախորդ ֆիլմերում էլ տեսախցիկը կարող էր չափից դուրս ակտիվ լինել, մոտենալ հերոսներին այնպես, որ հանդիսատեսի մոտ դիսկոմֆորտ առաջանար. նրա «Դաստիարակի» առաջին իսկ տեսարանում կերպարներից մեկը կարծես ակամա դիպչում է կամերային: Բայց այստեղ այն վերջնականապես է հսկողությունից դուրս գալիս, խելագարված` անկանոն պտույտներ անում, երբեմն բաց թողնում տեսադաշտից հիմնական իրադարձությունները` իբրև թե դրանցում այդքան էլ հետաքրքրված չլինելով: Այսպես, յուրացնելով գլխավոր հերոսի բնավորության որոշ գծեր, տեսախցիկը ստանում է որոշակի սուբյեկտիվություն:

Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին այս տարի արժանացավ Ժուլիա Դյուկորնոյի «Տիտանը»: Ինքնին բավականին զարմանալի նախադեպ է: Դեռևս երբեք էքսփլոյթեյշնի այսքան վառ էլեմենտներով լի ֆիլմ այնտեղ չէր հաղթել:
Գլխավոր հերոսուհին մանկական տրավմա ստացած մանյակ-մարդասպան է: Գիշերային ակումբներում թանկարժեք մեքենաների տանիքներին պարելուց հետո նա դաժանաբար սպանում է թե ստալկերներին ու խուլիգաններին, թե նրանց, ումից միայն լավ վերաբերմունք է տեսնում: Իսկ «անհեթեթության» ապոթեոզն է դառնում հերոսուհու` մեքենայի հետ սեքսի տեսարանը:
Բայց սա ոչ Քրոնենբերգի «Ավտովթարն» է, ոչ էլ Կարպենտերի «Քրիստինան». մեքենաները շուտով մղվում են երկրորդ պլան: Կտրուկ մեկնարկից 20-25 րոպե անց գրայնդհաուսային տարրերը հայտնվում են ստվերում` տեղ զիջելով մարդկային հարաբերությունների դրամային: Իսկ կերպարները, որոնց կարծես անհնար էր համակրել, կարեկցանք արթնացնում :
Դյուկորնոյի դեբյուտը ոչ պակաս արյունալի ու հակասական «Ռոուն», գուցե ավելի պարզ էր ու հում, բայց և ավելի անկեղծ: Նոր ֆիլմում նրա տենչանքը` միախառնելու իրար հակասող բազմաթիվ բաղադրիչներ, իհարկե, որոշակի դիսբալանսի է բերում: Բայց գուցե այդպես էլ պետք է: Չէ՞ որ արդյունքում ստացվում է զվարճալի, հետաքրքրաշարժ ու ոճային ֆիլմ:
Ինը տարվա լռությունից հետո Լեոս Կարաքսը վերադարձավ իր նոր լիամետրաժ ֆիլմով: Այդպիսի դադարներն արդեն օրինաչափություն են դարձել: Նախորդը` Pola X-ից Holy Motors, տևել էր շուրջ 13 տարի: Այդ ժամանակ թվում էր, որ Կարաքսը այլևս մեծ ֆիլմ չի նկարի:
Գուցե հենց երկարատև ընդմիջումների ու ռեժիսորի կուլտային ստատուսի շնորհիվ շատերը «Անետը» հասցրին անվանել նոր տեսակի երաժշտական ֆիլմ, որը կվերակենդանացնի «մեռած» ժանրը, ոմանք` ժանրային կարծրատիպերը կոտրող «հակամյուզիքլ»: Երկու կարծիքի հետ էլ դժվար է համաձայնել: Ֆիլմը շատ ավելի ճիշտ կլինի անվանել դասական մյուզիքլ` փոքրիկ նորամուծություններով: Դասականն ամենևին չի նշանակում ստանդարտ, ծամծմված կամ ժամանակավրեպ: Անետի պատմությունը, մնալով ինտիմ և անձնական (որոշ առումով անգամ ինքնակենսագրական), զարգանում է հավերժ ակտուալ երևույթների համատեքստում: Իսկ Sparks-ի երաժշտությունը ու Կարաքսի վիզուալ էսթետիկան կատարյալ համադրություն են ստեղծում:
Կոռնել Մունդրուցոյի «Էվոլյուցիայում» (Կաննի արտամրցութային ծրագրից), մենք հետևում ենք Հոլոքոստը վերապրած ընտանիքի երեք սերունդների ճակատագրին:
Ֆիլմը ներկայացնում է երեք տարբեր էպիզոդներ, յուրաքանչյուրը` մի կադրով նկարված (իրականում մոնտաժային սոսնձում էլ կա, բայց դա աննկատ է արված): Մունդրուցոն շատ է սիրում այդ ոճաձևը. իր ամենահայտնի ֆիլմը` «Կնոջ մասնիկները», սկսվում է մի կադրով նկարված ծննդաբերության 30-րոպեանոց տեսարանով: Այս հնարքը կարելի է տեսնել նաև նրա ավելի վաղ գործերում, օրինակ` «Յոհաննա» ֆիլմ-օպերայում: Մի կադրով նկարված երկար տեսարաններում հատկապես կարևորվում է միզանսցենների բեմադրումն ու դերասանական իմպրովիզացիան. կրճատվում է կինոյի ու թատրոնի միջև ընկած հեռավորությունը:
Հակառակ ոճային ամբողջականությանը` տոնայնությամբ «Էվոլյուցիայի» էպիզոդները տարբերվում են իրարից` անգամ ժանրային պատկանելիության առումով. առաջինը սարսափի էլեմենտներ է պարունակում, երկրորդը` խոսակցական դրամայի, իսկ երրորդը առաջին սիրո էլեգիայի է վերածվում:
«Ոսկե ծիրանին» նվիրված հոդվածներ շուտով էլի կլինեն: Այնպես որ` շարունակելի…
