Առկայծող պատկերների աշխարհում

Անատոմիա (Օլա Յանկովսկա, 2021)

Երկարամյա բացակայությունից հետո Միկան վերադառնում է Վարշավա,որպեսզի հոգ տանի ծանր հիվանդ հոր համար: Դեռ տարիներ առաջ տեղի ունեցած պատահարի պատճառով հայրը կորցնում է հիշողությունը, ասես անցյալում հայտնվում. նրա համար դուստրը դեռահաս է, վաղուց մահացածները` կենդանի: Թվում է, թե Օլա Յանկովսկայի «Անատոմիա» ֆիլմը կենտրոնանալու է հոր և դստեր հարաբերությունների վրա: Բայց շոշափվող թեմաների շրջանակը շատ ավելի լայն է: Հայրենի տուն վերադարձն արթնացնում է մանկության ու պատանեկության հիշողությունններ, որոնք սակայն չեն համընկնում փոփոխված իրականության հետ: Քաղաքը լրիվ այլ տեսք ունի, հին ընկերներն ու սիրեկանները վերածվել են անծանոթների: Հերոսուհին չի գտնում իր ինքնությունը:

Դանդաղ տեմպը, քաղաքային մելանխոլիայի մթնոլորտը, երկար ստատիկ պլանները զուգահեռներ են ստեղծում Բեռլինյան դպրոցի ու Թայվանական նոր կինոյի հետ: Ինչպես Էդվարդ Յանգի ֆիլմերում` լուսամուտից բացվող ապակե քաղաքի տեսարանը մեկտեղվում է բնակարանում գտնվող  հերոսուհու արտացոլանքի հետ: Կինը` միևնույն պահին, ներկա է ու բացակա: Սառը մինիմալիստական էսթետիկան լրացվում է զանազան վիզուալ ներդիրներով` վավերագրական ու խաղարկային կադրերով, որոնք ֆիլմի աշխարհը դարձնում են ինտիմ, բարդ ու ճշմարտացի: Յանկովսկան տարբեր ձևաչափեր է կիրառում` սև-սպիտակ խրոնիկայից մինչև հեռախոսի տեսախցիկով նկարված, ժամանակ առ ժամանակ պիքսելների փշրվող թվային պատկեր:

Ստեղծվում են նոր հարթություններ: Ջերմատեսիլ սարքով նկարված կադրերն ասես տեղափոխում են անդրհայելային աշխարհ: Մարդը պատկերվում է որպես տաքության ու էներգիայի թանձրուկ: Էներգիան փոխանցվում տարբեր իրերին, պահպանվում է անկենդան օբյեկտների վրա: Լուսարձակումը տեսանելի է անգամ մարդու հեռանալուց հետո: Բայց այս «անցյալի հետքերն» ուշ թե շուտ կհանգչեն: Այնպես, ինչպես հուշերն են քայքայվում մեր ուղեղում: 

Իրադարձությունն ու զգացմունքը կորցնում են իրենց սկզբնական նշանակությունը հիշելու ու վերհիշելու անվերջանալի գործընթացում: Հիշողությունը փոփոխական է ու անվստահելի: Ոչինչ միանշանակ չէ: Աշխարհի բարդացումը, էությունների բազմապատկումը, մեծ թեմաներին անդրադարձը կոնկրետ պատասխանների չեն հանգեցնում: Բայց օգնում են գիտակցել աշխարհի անըմբռնելիությունն ու անգամ հաշտեցնում այդ գաղափարի հետ:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started