Վերջին «Սիրելի Բուլղարիան» (Ալեքսեյ Ֆեդորչենկո, 2021)

Հայրենական մեծ պատերազմի թեժ փուլում՝ 1943 թվականին, երիտասարդ կենսաբանը հայտնվում է Ալմա-Աթայում՝ խնձորի նոր տեսակ բուծելու հանձնարարականով: Այնտեղ նա գտնում է իր սիրելի գրող Սեմյոն Կուրոչկինի օրագրերն ու խորասուզվում նրա հիշողությունների, մտորումների մեջ: Ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոն երկար տասնամյակներ է փայփայել այս նախագծի գաղափարը: «Վերջին «Սիրելի Բուլղարիան» հիմնվում է խորհրդային մեծ գրող Միխայիլ Զոշչենկոյի ինքնակենսագրականի վրա (Սեմյոն Կուրոչկինը նրա բազմաթիվ կեղծանուններից մեկն է):
Ֆիլմը բաղկացած է երկու զուգահեռ զարգացող սյուժեից: Մեկը՝ կենսաբանի, մյուսը՝ գրողի մասին: Թիկունքային Ալմա-Աթան ասես քավարան լինի պատերազմի ու բռնաճնշումների արանքում մնացած մտավորականների համար: Քաղաքը 40-ականներին դարձել էր խորհրդային կինոարտադրության կենտրոն: Այստեղ է ստեղծվել ժամանակի գլխավոր գլուխգործոցը՝ Սերգեյ Էյզենշտեյնի «Իվան Ահեղը», որի նկարահանման հրապարակում, ասես մոգական պորտալի միջոցով, մերթ ընդ մերթ հայտնվում է երիտասարդ մրգաբույծը: Էյզենշտեյնը ֆիլմում պատկերվում է որպես անհանգիստ կարմրահեր ծաղրածու. նրա՝ կադրում հայտնվելու պահին ամեն ինչ վերածվում է կրկեսային ներկայացման:
Հուշերից ու հորինվածքներից կազմված կտավը ստանում է ֆրոյդիստական հոգեվերլուծական դետեկտիվի երանգներ: Գրողի օրագրերի էկրանավորումը լոկ անձնական փորձառության մասին չէ: Սեմյոն Կուրոչկինի ճակատագրի շրջադարձներին զուգահեռ մի ամբողջ երկրի փշածածկ ուղին ենք տեսնում՝ Առաջին աշխարհամարտը, Բոլշևիկյան հեղափոխությունը, Խորհրդային Միության կազմավորման ժամանակաշրջանը: Խճանկարային է ոչ միայն սյուժեի կառուցվածքը, այլև վիզուալ բաղկացուցիչը: Ֆեդորչենկոն ակտիվորեն կիրառում է պոլիէկրանը՝ կադրը մասերի է բաժանում: Նույն իրադարձությունը պատկերվում է տարբեր ռակուրսներից: Տեսարանի ընկալումը ու մեկնաբանումը փոփոխվում է՝ կախված նրանից, թե էկրանի որ հատվածին է սևեռված հանդիսատեսի ուշադրությունը: Յուրաքանչյուրն իր ֆիլմն է դիտում:
Ինչպես միշտ՝ Ֆեդորչենկոն իր ստեղծագործությունը հագեցնում է այլաբանություններով: Այս հեքիաթային-վավերագրական ռետրոդրաման զարմանալիորեն ակտուալ է դառնում այսօրվա իրականության մեջ, երբ պատերազմները կրկին վերածվում են առօրեականության, իսկ պետական ռեպրեսիվ մեխանիզմը՝ մեր ժամանակի օպրիչնինան, նոր շնչով սկսում է իր մահաբեր պարը:
