Կին. լռության օրենքը (Ֆրանչեսկո Կոստաբիլե, 2022)

Իտալական կինոն շարունակում է հետազոտել քրեական աշխարհը: Ռեժիսոր Ֆրանչեսկո Կոստաբիլեի խաղարկային դեբյուտը` «Կին. լռության օրենքը» նվիրված է նդրանգետայի բոլոր զոհերին և բոլոր ըմբոստ կանանց: Ռոզայի ընտանիքն ապրում է խուլ բնակավայրում, ուր ամեն ինչ վերահսկում է նդրանգետան` կալաբրիական կազմակերպված հանցավոր խմբավորումը: Մաֆիայի օրենքներն անառարկելի են: Երիտասարդ հերոսուհուն հետապնդում է անցյալի ուրվականը` մոր մահվան հետ կապված սարսափելի ընտանեկան գաղտնիքը: Նա փորձում է դուրս գալ արատավոր շրջանից, սկսում է իր պայքարը սեփական ընտանիքի ու ողջ դաժան համակարգի դեմ:
Գաղտնապահության մասին վկայում է արդեն գործողության վայրը` մեկուսացված փոքրիկ քաղաքը, որը թաքնվում է Իտալիայի ամենաաղքատ մարզի անտառոտ բլուրներում: Ժամանակն այստեղ կարծես կանգնել է: Միանգամից չես էլ ասի, որ 21-րդ դարն է: Տեխնիկական առաջընթացն ուշացումով է հասնում. ինտերնետի, բջջային կապի ու անգամ հեռուստատեսության գոյության մասին ակնարկ անգամ չկա:
Նույնը վերբերում է մարդկանց վարքագծի մոդելներին. գործում են անցյալի ավանդույթներն ու բարքերը, հայրիշխանական հիերարխիան ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Հարկադրման, ստորացման, ահաբեկման աշխարհում տղամարդիկ մարդասպաններ են, կանայք` անտրտունջ ծառաներ: Կինը որոշակի կարգավիճակ է ստանում միայն համակարգի նպատակները սպասարկելու` նոր սերնդի մեջ «լռության կոդեքսը» սերմանելու համար: Սուտը և լուռ համաձայնությունը բռնության շարունակականության պարտադիր պայմաններն են:Ֆիլմը հիմնվում է Լիրիո Աբատեի իրական դեպքեր նկարագրող «Ըմբոստ կանայք» գրքի վրա: Սա ոչ տիպիկ էկրանավորում է: Բուն սյուժեն, շրջադարձները, երկխոսությունները երկրորդ պլան են մղվում: Կոստաբիլեն ավելի մեծ ուշադրություն է տրամադրում աուդիովիզուալ բաղադրիչներին, որոնց միջոցով փորձում է փոխանցե կերպարի հոգեվիճակը և համընդհանուր վախի մթնոլորտը: Օպերատորական հնարքները, լույսի ու գույնի խաղը, տագնապալի սաունդթրեքը ստեղծում են խորհրդավոր չարագույժ միջավայր: Երազների, մղձավանջների ու տեսիլքների դրվագները տանում են դեպի սարսափ-կինո (կարելի է նկատել անգամ թեթև ակնարկ գերբնականին): Տեսախցիկի ոսպնյակի վրա ընկնող ցոլքերը, երբեմն մշուշոտ, անստույգ, ֆոկուսից դուրս պատկերը միտված են ուժեղացնելու հանդիսատեսի ներկայության զգացողությունը:
