Պահմտոցի (Վիկտորյա Ֆիորե, 2022)

«Պահմտոցին» շուրջ չորս տարվա նկարահանումների արդյունք է: Ռեժիսոր Վիկտորիա Ֆիորեն հետևում է դպրոցական տարիքի մի տղայի` Էնթոնիի կյանքին: Նա բնակվում է Նեապոլի իսպանական թաղամասում՝ վտանգավոր, քրեածին միջավայրում, ուր պայթյունի ձայնը նույն հաջողությամբ կարող է նշանակել և՛ հրավառություն, և՛ ատրճանակի կրակոց: Փողոցների նեղվածքը, բաց տարածքների բացակայությունը երեխաներին զրկում են անգամ ֆուտբոլ խաղալու բերկրանքից: Մնում է միայն թափառել, լքված շենքերում ժամանակ սպանել, մանր զանցանքներ գործել:
Շրջապատի կործանարար ազդեցությունն իրական կյանքի հետ անհամատեղելի է դարձնում տղայի իղձերն անհոգ, քրեական աշխարհից հեռու ապագայի մասին:
«Ուշ թե շուտ թևերդ կկտրեն, Էնթոնի»,- հանդես գալով որպես նախագուշակ՝ ասում է պատահական անցորդը: Տղան դատապարտված է հանցագործ դառնալ. հորից որդի փոխանցվող արհեստի նման մի բան է:
Փողոցային բարքերը ֆիլմում չեն ռոմանտիզացվում, բայց չկա նաև բարոյախրատական քարոզ: Ֆիորեն հումանիստական կինո է նկարում, ճահճի մեջտեղում գտնում է լուսավորը: Կերպարների հետ զգացմունքային կապ հաստատելով` ստեղծում է անմիջականության մթնոլորտ: Մարդիկ կարծես մոռանան տեսախցիկի ներկայության մասին. խոստովանում են անգամ նրանք, ովքեր որպես կանոն նախընտրում են լռել: Այդ ամենի արդյունքում ստացվում է Նեապոլում կյանքի վավերական պատկեր:
Ռեժիսորը չի գնում դեպի ծայրահեղ ռեալիստականություն և կենցաղագրություն: Կինոխցիկը երբեմն կտրվում է հիմնական պատմությունից, հայացքն ուղղում քամու նվագի ներքո ծածանվող լվածքին կամ պարզապես նայում երկնքին: Տեսարաններից մեկում նույնիսկ տղայի երազն է էկրանավորվում: Էմբիենթ ոճի սաունդթրեքը նպաստում է մոգականի ներկայության անբացատրելի զգացողության ստեղծմանը:
Լայն էկրանի ֆորմատը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ոչ միայն կերպարին, այլև նրան շրջապատող աշխարհը: Տեսնում ենք Նեապոլի համայնապատկերը՝ և՛ աղքատիկ հին տները, խորդուբորդ, ծուռումուռ նրբանցքները, և՛ թերակառույց բարձրահարկների թաղամասը, որն ասես նոր Նեապոլի մասին չիրականացված երազանքների խորհրդանիշ լինի:
