Բռնի տեղահանության օրագիր

No Other Land / Այլ հող չկա
Բազել Ադրա, Համդան Բալլալ, Յուվալ Աբրահամ, Ռախել Շոռ

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տասնինը գյուղակներից կազմված Մոսաֆեր Յաթա համայնքում բնակվելը հավասարազոր է շուրջօրյա գոյատևման և անվերջանալի մարտահրավերների ընդունման: Իսրայելի կառավարությունը ռազմաբազա կառուցելու պատրվակով ստիպում է պաղեստինցիներին հեռանալ իրենց տներից: Չարակամ օտարական դատարաններում բողոքների քննությունը, փողոցային ակտիվիզմն ու հավաքները միայն հետաձգում են գյուղացիների վերջնական պարտությունը:  

Նույնիսկ դպրոցի շինությունն է խնդիրների հանդիպում: Ամեն անգամ իսրայելցիները ջարդում են «ոչ լեգիտիմ» կառույցը: Հատկանշական է, որ գյուղացիների գլխավոր «հաղթանակը» կապված է Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի` տասնհինգ րոպե տևած այցի հետ: Բլեերին հասնում է լուրը պաղեստինյան գյուղում դպրոցի կառուցման մասին, և նա որոշում է այցելել այն, որից հետո դպրոցը հանգիստ են թողնում (իհարկե՝ ժամանակավորապես): Իշխանությունը հաշվի է նստում միայն այլ` ավելի հզոր իշխանության հետ:

Վիդեոբլոգի տրամաբանությամբ կառուցված ֆիլմով հեղինակները հաղորդում են հայացքը ներսից: Սա առաջին դեպքը չէ, երբ նման ձևաչափի միջոցով անդրադարձ է արվում իսրայելական օկուպացիայի թեմային: Առավել փոխկապակցված ու հաջողված «Հինգ ջարդված տեսախցիկներում» էլ ռեժիսոր Էմադ Բուրնաթը վավերագրում էր պաղեստինցի գյուղացիների` հայրենիքում մնալու համար պայքարն օկուպանտ նորաբնակների դեմ: Անվանումը հղում էր հեղինակի հինգ տեսախցիկների պատմությանը՝ յուրաքանչյուրը ջարդվում է հերթական բախման ժամանակ: NO OTHER LAND-ում չկա նմանատիպ կոնցեպտուալ լուծում: Բայց երբ օրագրային ձևաչափում ականատես ես դառնում համակարգային դաժանության և պետական մեքենայի ճիրաններում հայտնված մարդկանց ամրակամության՝ գեղարվեստական արժեքները անցնում են երկրորդ պլան:

Իսրայելական բանակը և զինված նորաբնակները դանդաղորեն ավիրում են գյուղը` ահաբեկման մեջ պահելով ժողովրդին: Անպատիժ գնդակահարում են խաղաղ բնակիչներին: Լրագրողները գալիս են և գնում, ողբերգական տեսանյութերը դիտվում են ու մոռացվում: Մեծ է հավանականությունը, որ նույնը կլինի նաև այս ֆիլմի հետ:

Պայքարը միշտ չէ որ արդյունքներ է բերում, հերոսների վաղվա օրը ոչ մի լավ բան չի խոստանում: 

Բեռլինի կինոփառատոնի փակման արարողության ժամանակ լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակի հանձնումը վերածվեց քաղաքական ակտի և տևեց տասնյակ րոպեներ: Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր դիրքորոշումը ֆիլմի ու Պաղեստինում իրադարձությունների վերաբերյալ։ Հետո խոսեցին ֆիլմի ռեժիսորներից երկուսը՝ գլխավոր հերոս պաղեստինցի Բազել Ադրան և իսրայելցի Յուվալ Աբրահամը (նա նույնպես հայտնվում է ֆիլմում, աջակցում է կեղեքվածներին` արժանանալով դավաճանի և  ՀԱՄԱՍ-ին սպասարկող ազգի թշնամու պիտակի): 

Իհարկե, մրցանակաբաշխության չափանիշներով երկար այս դրվագը ծայրահեղ քննադատության արժանացավ իսրայելամետ մամուլում: Փառատոնը պիտակավորվեց հակասեմիթական, հրեաատյաց և այլն: Իսկ պաշտոնյա անձինք (մասնավորապես՝ Գերմանիայի մշակույթի նախարարը) ստիպված էին զավեշտալի արդարացումներ գտնել ռեժիսորների ճառերին ծափահարելու համար:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started