Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով 

What Did You Dream Last Night, Parajanov?
Ֆարազ Ֆեշարակի

Ֆիլմը Սերգեյ Փարաջանովի մասին չէ։

Գերմանիայում բնակվող ռեժիսոր Ֆարազ Ֆեշարակին զրուցում է Իրանում մնացած ծնողների հետ։ Հարազատներին կապող կամուրջը վեբտեսախցիկն է ու համակարգչային էկրանը։ Որդին ձայնագրում է տեսազանգերը. տասը տարվա ընթացում հավաքված խոսակցությունների գիգաբայթներ․ սկսած եղանակի մասին պարտադիր հարցուփորձերից մինչև ծայրահեղ անձնական հիշողություններ։ Այս մտերմիկ զրույցները, որ դարձել են առօրյայի մաս առավելագույնս են արտացոլում մարդկանց բնական կյանքը։

Ֆեշարակին լավ իմանալով, ինչպես է պետք գեղեցիկ կինոպատկեր ստանալ*, միևնույն է, չի փորձում սրբագրել ստացված նյութը։ Կամեռան ինքն է ներկադրային լուծումներ առաջարկում․ աղավաղում, գորշ քառակուսիներով պատում էկրանը, ստեղծում արտասովոր զարդանախշեր, չկանխամտածված ստոպ կադրեր։

1950-60ականներին Մեյսլս եղբայրները զարգացնում էին ուղիղ գործողության կինոյի կոնցեպտը։ Վավերագրողի կինոխցիկը նրանք նույնացնում էին «պատի վրայի ճանճի»՝ իրականությունը հնարավորինս աննկատ արձանգրելու միջոցի հետ։ Այսօր այդպիսի «ճանճի» նոր մարմնավորում կարելի է համարել վեբխցիկը։ Տեսազանգի ժամանակ մենք մոռանում ենք դրա գոյության մասին, մինչդեռ այն ֆիքսում է յուրաքանչյուր մանրուք։

Ռեժիսորի արվեստագետ ծնողները վերհիշում են իրենց երիտասարդությունը, պայքարը՝ սկզբում շահի, իսկ 1979-ից հետո խոմեյնիական ռեժիմի դեմ, բանտարկությունը:
Ինչ-որ պահից ընդունում ես, որ հերոսները տարբեր աշխարհներում են ապրում և միայն տեսախցիկն է ունակ կապել իրենց: Այդ պատճառով, դրվագը, որում ծնողները հանկարծ ժամանում են Գերմանիա և հայտնվում էկրանի հակադարձ կողմում՝ որդու հետ մեկ տարածության մեջ՝ ընկալվում է որպես պատրանք:

What Did You Dream Last Night, Parajanov_ 1

Զրույցների միջև դադարները Ֆեշարակին լրացնում է հատուկ հանգավորում ու ռիթմ հաղորդող ինտերտիտրերով՝ կարմիր ֆոնին մեջբերումներով և կրկնվող մեղեդիով։ Բուն ֆիլմը ռեժիսորը բաժանում է երկու անհավասարաչափ մասերի։ Վերջին րոպեներին պիքսելապատ «բնակարանային» տեսահաղորդագրությունը փոխարինվում է մոր և որդու նամակագրությամբ: Ընթերցվող տեքստը համադրվում է Բեռլինի և Սպահանի անցուդարձից տեսարանների հետ: Առաջին մասում միայն նշմարվող պոետիզմն՝ այստեղ դուրս է գալիս նախաբեմ: Ինքը ֆիլմը վերածվում է մարդկային կապվածության, պատկանելիության ու կարոտի վկայության։

*Վառ ապացույց է Ֆեշարակիի օպերատորական աշխատանքը ռեժիսոր Ալեքսանդր Կոբերիձեի՝ վիզուալ առումով չափազանց հարուստ, «Ինչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին» ֆիլմում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started