«Խաղաղ մարդիկ»

Intercepted / Գաղտնալսվածներ
Օքսանա Կարպովիչ

Ուկրաինացի ռեժիսոր Օքսանա Կարպովիչի «Գաղտնալսվածներ» վավերագրական ֆիլմը կառուցվում է ի սկզբանե իրարից անկախ տեսողական ու հնչյունային շարքերի միավորման սկզբունքով: Ուկրաինական քաղաքների և գյուղերի ավիրվածությունները, շարունակվող պատերազմի անջնջելի հետքերը մեկտեղվում են ռուս զինվորականների և իրենց մտերիմների գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունների հետ: 

Ասոցիատիվ մակարդակում ձայնն ու պատկերը հաճախ բացարձակապես չեն փոխկապակցվում: Հիմնականում՝ ստատիկ դրվագներում մենք տեսնում են հրետակոծված շինություններ՝ ներսից և դրսից, ամայի փողոցներ, երբեմն՝ մարդկանց, որոնք պատերազմական պայմաններում ինչ որ առօրեական գործողություն են վերարտադրում՝ հրետակոծված շենքի ֆոնին, օդային տագնապի ազդանշանի ներքո գնդակ են խաղում:

Ձայնը պատկերից ուժեղ է. Այն, թե ինչի մասին և ինչպես են խոսում, անգամ պատերազմի սարսափելի բնույթին ծանոթ, դրա վերաբերյալ պատրանքներ չունեցող հանդիսատեսին կարող է շոկի ենթարկել: 

Ոմանք անիծում են պատերազմը, մարդիկ սարսափած են իրենց փորձառությունից:  Որոշները՝ ասես ձեռնադրման արարողություն անցնած՝ ստիպված կամ անգամ հաճույքով ընդունում են իրենց նոր՝ մարդասպանի կերպարանքը: Կանայք, մայրերը, հայրերը արդարացնում են իրենց հարազատ զինվորի ոճրագործությունները. խաղաղ բնակիչների սպանությունը, անմարդկային կտտանքներին մասնակցությունը: Ձայնը հաղթում է պատկերին: Ձայնը դուրս է մղում պատկերը: Տեսողական շարքից շատ բան կորչում է հիշողությունից: Փոխարենը աչքի առջև հայտնվում են տեսարաններ, որոնք և որոնց մասին լսել ես: 

Բայց կա նաև սարսափազդու դրվագ, ուր պատկերն ու ձայնը կազմում են մեկ ամբողջականություն. մահացու ռազմական գործողությանն ուղարկվող զինվորականի վերջին հեռախոսազանգը և մեքենայի դիմապակուց նշմարվող ցոլալապտերի դեղնավուն անկենդան լույսը, որ տանում է դեպի սև դատարկություն: 

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started