Բացահայտելով նոր աշխարհ

Ապրիլը Ֆրանսիայում / April en France
Դավիդ Բոարետո

Ֆիլմի ռեժիսոր Դավիդ Բոարետոն և իր հնգամյա դուստր Ապրիլը մեկնում են Ֆրանսիա: Նրանք մեկուսանում են փարիզյան բնակարանում: Քովիդի համավարակը աշխարհը կաթվածահար է արել. պլանշետի էկրանից Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնում բժիշկներին ու բոլոր-բոլորին և երկարաձգում սահմանափակումների ռեժիմը: Ձանձրույթից տառապող աղջիկը երազում է վերադառնալ, անգամ աղոթում է Փիթեր Փենին, որ նա գա ու իրեն տանի հետ՝ Բրիտանիա: Շուտով Ապրիլը իսկապես կտեղափոխվի, բայց ոչ թե Լոնդոն, այլ միջնադարյան մի գյուղակ Գասկոնում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: 

Այնտեղ կամաց-կամաց ընտելանալով նոր իրականությանը՝ աղջիկը սկսում է ուսումնասիրել շրջակա միջավայրը. հինավուրց կառույցները, ամայի արահետները, գեղանկարչական բնապատկերները: Նա շփվում է կատուների և աքաղաղների հետ ու անգամ անշունչ առարկաներին մարդկային որակներ հաղորդում: 

Նա նկատում է մեծահասակի հայացքից փախչող մանրուքներ, անորսալի երևույթներ: Պարզամիտ երեխայական դիտարկումները ճշմարտացի են ու դիպուկ:

Ծանոթանալով գյուղի բնակիչների հետ՝ Ապրիլը բազում պատմություններ է լսում իր մեծ պապիկի մասին: Նրա գերեզմանն այցելելուց հետո, աղջիկն անգամ սկսում է զրուցել նախնու հետ՝ ինչ-որ կախարդական կերպով նրա կերպարը կենդանացնելով նաև հանդիսատեսի համար:

Դավիդ Բոարետոյի կինոխցիկը մի կողմից ուսումնասիրում է Ապրիլին, մյուս կողմից հենց մանկական պրիզմայով է փորձում նայել աշխարհին: Մենք տեսնում ենք ոչ միայն երեխայի փոխակերպությունը, նրա հասունացումը, բայց և այն, թե ինչպես է ձևափոխվում միջավայրը իր հետ փոխազդեցության արդյունքում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started