Երազների լաբիրինթոս

Անսովոր արահետ / Estranho Caminho
Գուտո Պարենտի

Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերին երիտասարդ կինոռեժիսոր Դավիդը վերադառնում է Բրազիլիա՝ կինոփառատոնի շրջանակներում իր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը ներկայացնելու համար: Բայց փառատոնը չեղարկվում է, հյուրանոցը` փակվում, և փողոցում մնացած տղան ստիպված է ապաստան խնդրել հորից, որը տարիներ առաջ հեռացել էր ընտանիքից: Մի տանիքի ներքո մեկուսացված լինելու օրերին տղան փորձում է վերահաստատել կապը հոր հետ, բայց նա մտերմանալու առանձնակի ցանկություն չունի ու ընդհանուր առմամբ տարօրինակ վարք է ցուցաբերում:

Սկսվելով որպես ծիսական նշանակություն ստացած օբսեսիվ-կոմպուլսիվ ժեստերի ուսումնասիրություն` Գուտո Պարենտեի «Անսովոր արահետը» գլխավոր հերոսին հանդիսատեսի հետ տանում է դեպի անբացատրելի ֆանտասմագորիկ աշխարհ: Համավարակի ժամանակ, երբ սյուրռեալիստական արարողակարգը դառնում է առօրյայի անբաժանելի մասը, բարդ է իրականությունը երազից տարբերել: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի բան իր տեղում չէ: Ռեժիսորը, տարբեր տեխնիկաներ կիրառելով, էլ ավելի է ուժեղացնում այդ էֆեկտը: Ներմուծում է էքսպերիմենտալ կինոյին հատուկ դրվագներ ու կադրեր հերոսի նկարած ֆիլմերից: Խաղում է պատկերի հետ, կազմաքանդում այն, բազմաթիվ լուծանցումներ կիրառում` «երազային անիրականության» մթնոլորտ ստեղծելու համար:

Անվերջանալի մղձավանջի ծուղակից ելքը հարազատների միջև նորից հայտնաբերված կապվածության մեջ է: Տարօրինակ ու սարսափելի իրադարձությունների շրջապտույտն ասես անհրաժեշտ անջրպետ լինի ինքնաճանաչման արահետին:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started