Ֆերմերը քաղաքում

Մենություն / Einvera
Նիննա Պալմասդոտտիր

Քաղաքից հեռու՝ բնության գրկում բնակվող Գուննարը ստիպված է իր տունն ու հողատարածքը վաճառել պետությանը և տեղափոխվել Ռեյկյավիկ:

Մայրաքաղաքում նա ծանոթանում է տասնամյա հարևան տղայի՝ Արիի հետ, ում ծնողները միշտ զբաղված են ու որդուն գրեթե ժամանակ չեն տրամադրում: Երկու այդքան տարբեր միայնակների ընկերությունը հիմք է դառնում «հայր-որդի» կատարելատիպային հարաբերությունների պատմության:

Ռեժիսորի հայացքը հետևում է հերոսների առօրյային. նրանք շախմատ են խաղում, երաժշտություն լսում, հեռուստացույց դիտում: Առկա է նաև քաղաքական համատեքստ: Շարունակական ուրբանիզացիան վերացնում է գյուղական կյանքի մշակույթը, հեռացնում մարդուն իր արմատներից: 

Ռադիոյով ու հեռուստացույցով էլ հաղորդում են, որ միգրանտների և փախստականների ճգնաժամը հասնում է Իսլանդիա. աֆղանցի մի ընտանիքի բռնարտաքսում է սպառնում:

Սցենարի հեղինակ Ռյունար Ռյունարսոնն ու ռեժիսոր Նիննա Պալմասդոտտիրը («Մենությունը» նրա լիամետրաժ դեբյուտն է) չեն զարգացնում անհատի ու պետության՝ Լեվիաթանի պայքարի պատմությունը: Ի սկզբանե խիստ և մռայլ թվացող հերոսը, սպասելիքներին հակառակ, փորձում է իր տեղը գտնել քաղաքում: Աշխարհի հետ կռիվ տալու փոխարեն, ցանկանում է օգտակար լինել՝ պետությունից ստացած փոխհատուցումը նվիրաբերելով փախստականներին:  Սակայն խաղի կանոնները շատ ավելի բարդ են. անկեղծ, պարզամիտ և բարոյական վարմունքը միայն կասկած ու անըմբռնողություն է արթնացնում: 

Ու թեև նոր կյանք կառուցելու ճիգերն ապարդյուն են, իսկ հայրենի տունն այլևս՝ ջրի տակ, հեղինակները որոշակի հույս են թողնում չհասկացված հերոսի համար. գուցե նա և՞ս մեկ քայլ կանի՝ աշխարհին ընդառաջ:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started