Տոտալ պատերազմի աշխարհում

Ներխուժում / The Invasion
Սերգեյ Լոզնիցա

«Ներխուժումը» նախագծվել էր, որպես պատերազմի ժամանակ՝ Ուկրաինայի տարբեր հատվածներում՝ շփման գծում, օկուպացիայի ենթարկված բնակավայրերում, մայրաքաղաք Կիեվում, սովորական մարդկանց առօրյան հետազոտող կարճ ֆիլմերի հավաքածու, որը էպիզոդ առ էպիզոդ պիտի հրապարակվեր Arte ալիքում: Ընթացքում առաջ եկավ լիամետրաժ ֆիլմի գաղափարը: Սերգեյ Լոզնիցան նկարում է հետազոտական կինո՝ առանց հետկադրային ձայնի ու խոսացող գլխների, տարատեսակ մանիպուլյացիաների և արհեստական կոնտեքստավորման: Պատկերներն իրենք են խոսում: 

Կիսափլուզված բարձրահարկ շենքի բնակարաններն ասես մերկացել են. ներսակողմը հայտնվել է բոլորի աչքի առջև. ահա դարակը, սառնարանը, գազօջախը: Անհետացած բնակարանի մուտքի դուռն այլևս բացվում է դեպի անդունդ: Ոչ ոք սակայն չի պատրաստվում հանձնվել: Պայթյունից ձևավորված դատարկության կողքին՝ շենքի փրկված հատվածում՝ պատշգամբում կանգնած տղամարդն ինչ որ բան է նորոգում: Մեկ այլ դրվագում համառ գյուղացի կինը իրար վրա է շարում իր փլուզված առանձնատան աղյուսները: Ռազմական գործողությունների գոտում գտնվող խանութները շարունակում են աշխատել, ցուցանակները՝ հաճախորդներին ներս հրավիրել: 

Լոզնիցային այդքան բնորոշ ռադիկալ դիտունակությունը վառ արտահայտվում է նաև այստեղ: Տեսարաններից մեկում գյուղացիների կենցաղային զրույցն ընդհատվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա պայթող արկի ձայնից: Կամեռան մնում է անշարժ, չի թեքվում դեպի պայթյունի տեսարանը և շարունակում է զննել գյուղացիներին: 

Մարդկանց կյանքը վերածվել է հուղարկավորության արարողությունների անվերջանալի շրջապտույտի: Հոգեհանգստին հնչող հրաժեշտի խոսքերը նմանվում են էպոսային պոեմների՝ անկոտրուն ժողովրդի գոտեմարտի ու խիզախ հերոսների անձնազոհությունների մասին: Ամեն ինչ ենթարկված է պատերազմի տրամաբանությանը՝ ոչ միայն թաղումը, այլև հարսանիքն ու նոր կյանքի սկիզբը: Տարրական դպրոցում նկարչության ուսուցչուհին ստիպված է ագիտացիոն գործունեությամբ զբաղվել. երեխաներն այսուհետ նկարում են հարազատ ուկրաինական տանկեր և թշնամական ռուսական նավեր: Հանկարծ՝ օդային տագնապի ազդանշան: Դասերը շարունակվում են ապաստարանում:

Մեկ այլ ապաստարան են իջել գրախանութի աշխատակիցները: Այնտեղ՝ նկուղում նրանց կողքին են խանութի դարակներից հանված ռուսերեն գրքերը, որոնք շատ շուտով կտեղափոխվեն վերջնական նշանակման վայր: Պուշկինն ու Օստրովսկին, Ստրուգացկիներն ու Ակունինը, անգամ Ստեֆան Ցվեյգը՝ բոլորը ենթակա են ոչնչացման: 

Մեծ քաղաքի կենտրոնական փողոցները լի են մարդկանցով: Բայց ինչ որ բան այն չէ: Շենքերի պատերը ծածկված են հազարավոր ընկածների լուսանկարներով, ժողովուրդը շրջում է գրավված տանկերի կողքով: Սովորական եռուզեռի փոխարեն՝ քար լռություն:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started