Ճամփորդի կարիքները / A Traveler’s Needs
Արծաթե արջ. ժյուրիի գրան պրի
Կորեայում հայտնված ֆրանսուհին շփվում է տեղացիների հետ բոլորի համար օտար` անգլերեն լեզվով: Հաղորդակցության, տարբեր լեզուների ու թարգմանության խնդիրն է առաջ գալիս: Զրույցները կրկնվում են, զուգադիպությունները հետապնդում են կերպարներին, զավեշտալի երազը նույնանում է առօրեական կենցաղագրությանը: Բոլոր այս բնորոշումները հատուկ են Հոնի ողջ ֆիլմոգրաֆիայի համար: «Ճամփորդի կարիքների» առանձնահատկությունը բացարձակ եթերայնությունն է (Հոնի կինոյի համատեքստում ավանդական դարձած սոջուի փոխարեն այստեղ խմում են շատ ավելի թեթև մակոլի), որը ստեղծում է Յուպերի տարօրինակ, անգամ մի քիչ խելառ կերպարը: Ֆրանսերենի ինքնակոչ ուսուցչուհի՝ նա հայտնագործում է լեզվի դասավանդման նոր մեթոդ, պետք է ընդամենը բանաստեղծության ձևով ներկայացնել սեփական զգացմունքները և անգիր անել ստացված տեքստը։

Ժպիտ է առաջացնում նրա միմիկան, խոսելու ձևը և անգամ հատուկ քայլվածքը: Սա մեծ հաջողություն է Յուպերի համար, որն արթ կինոյի հանդիսատեսի մտքում արդեն երկար տարիներ ասոցացվում է սառը անտարբերության դիմակի ետևում բազմաթիվ բարդույթներ թաքցնող կնոջ կերպարի հետ (Դաշնակահարուհին, Նա): Ֆիլմն իր և Հոնի արդեն երրորդ համատեղ աշխատանքն է (և, իհարկե, ակնհայտ են որոշ զուգահեռներ նախորդ երկուսում Յուպերի դերերի հետ), բայց այս անգամ հաջողվում է ստեղծել լրիվ նոր, լիակատար կյանքով, զգացմունքները դեպի դուրս ապրող, ուրիշների և սեփական աշխարհը հետազոտող «ճամփորդ» կերպար:
Կայսրություն / L’Empire
Արծաթե արջ. ժյուրիի մրցանակ
Ժյուրիի մրցանակին արժանացած Բրյունո Դյումոնի Կայսրություն վախճանաբանական սայֆայը միախառնում է կինեմատոգրաֆիստական հակոտնյաներին. արթ կինոն ու հոլիվուդյան բլոքբասթերները, էթնոգրաֆիկ վավերագրությունն ու փոփ մշակույթը: Ֆիլմը երկու այլ կայսրությունների մեշափ-պարոդիա է: Այն մեկտեղում է Աստղային պատերազմների պատասխան հարված հասցնող Կայսրությունը և Դեյվիդ Լինչի ՆԵՐՔԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ: Չարի ու բարու տիեզերական կռվի կիզակետում Ֆրանսիայի հյուսիսային առափնյա շրջանն է, դրա բնակիչները և նրանց սրտերը։ Հայտնի դերասանները էկրանային տարածությունը կիսում են ոչ պրոֆեսիոնալների՝ տեղացի ձկնորսների և ֆերմերների հետ:

Տիեզերքն ակոսող նավերն իրենց ձևով կրկնօրինակում են գոտիկայի և բարոկկոյի ճարտարապետական գլուխգործոցներ՝ Սեն-Շապել եկեղեցին և Կազերտայի դղյակը: Այդ երկու վիթխարի օբյեկտների ներսակողմը լինչյան սև ու սպիտակ վիգվամների սկզբունքով է գոյանում. բնակեցված է կենցաղային շնչավոր առարկաներով ու առեղծվածային էակներով, խոսքն էլ, ինչպես վիգվամում հնչում է հակառակ՝ վերջից սկիզբ։ Սակայն առնվազն զավեշտալի ու հետաքրքական թվացող փորձի արդյունքը առաջարկվող անդյուրաշարժ էպիկակական ձևաչափի պատճառով չափից դուրս ծանրակշիռ է։
Դիվային լոգանք / The Devil’s Bath
Արծաթե արջ բացառիկ գեղարվեստական նվաճումների համար
Բժիշկը հիվանդի ծոծրակին երկու անցք է անում ու մաշկի տակով թել անցկացնում. մոլուցքի բռնկման պահին հիվանդը պիտի երկու ծայրից բռնի այդ թելը և սկսի մի կողմից մյուսը քաշել: Այսպես 18-րդ դարում բուժում են մելամաղձը:

1750-ականների Վերին Ավստրիան կատարյալ սեթինգ է արթ-հորորի համար: Մռայլ անտառներն ու ժայռերը գուժում են վրա հասնող ողբերգությունը: Շինականները դեռևս միջնադարյան օրենքներով են ապրում: Կյանքը դաժան է ու տաժանելի, դժբախտ ու անտանելի: Ոչ հույս, ոչ լույս: Բայց կրոնը զրկում է անգամ ինքնակամ ելքի հնարավորությունից. դրախտի դռները կփակվեն առհավերժ: Ինքնասպանության հասցված կնոջ համար դրախտի ուղեգիր ձեռք բերելու լավագույն միջոցն է սպանել անմեղ երեխային՝ հոգին միևնույն է դրախտ է ուղևորվելու, հետո խոստովանել իր մեղքը, քավություն ստանալ և մահապատժի ենթարկվել:
The Devil’s Bath-ը լրացնում է վերջին տարիներին տարածում ստացած դանդաղ զարգացող ոճային սարսափ ֆիլմերի շարքերը: Գուցե «Արևադարձի» կամ «Վհուկի» որոշ երկրպագուներն այս պատմա-էթնոգրաֆիկ հորորը երկրորդային համարեն, բայց ոչ ոք չի կարող ժխտել ֆիլմի տեխնիկական կատարելությունն ու դրա պատվին մրցանակի արդարությունը:
Պեպե / Pepe
Արծաթե արջ լավագույն ռեժիսուրայի համար
Երկար տարիներ առաջ Պաբլո Էսկոբարի քմահաճույքով հեռավոր Աֆրիկայից Կոլումբիա փոխադրվեց գետաձիերի մի խումբ: Արդեն երկուհազարականներին առաջին գետաձիերի զավակ Պեպեն փախչում է արգելոցից ու հայտարարվում օրենքից դուրս: Այդպես Պեպեն դառնում է Ամերիկայում սպանված առաջին ու վերջին գետաձին:

Ռեժիսոր Նելսոն Կարլո դե Լոս Սանթոս Արիասը բավականին պարզ պատմությունը վերածում է դժվարընթեռնելի կոլաժի. կիրառում է տեսողական տարբեր ձևաչափեր, արխիվային կադրեր ու ձայնագրություններ, խաղարկային դրվագներ: Այն ասես ներկայացվի գետաձիու տեսանկյունից, և իրոք՝ Պեպեի ետկադրային ձայնն ուղեկցում է ողջ պատմությունը:
Այս տեխնիկայի կիրառումը, որը տեսնում ենք նաև փառատոնի գլխավոր մրցանակին արժանացած «Դահոմեայում»՝ անխոսին խոսելու ունակությամբ օժտումը՝ լինի դա գետաձի թե արձան, վկայում է մեծ ֆորմատի կինոյում էսսեիստականության տարածման, ինչպես նաև փառատոնի՝ էքսպերիմենտալ կինոյով հետաքրքրվածության մասին:
Ֆիլմեր, որ նախկինում կհայտնվեին զուգահեռ, ավանգարդային forum (կամ անգամ forum expended) ծրագրում, այսօր դառնում են հիմնական մրցանակների դափնեկիրներ: Այլ հարց է նման տենդենցի շարունակականությունը: 2024-ի Բերլինալեն վերջինն էր փառատոնի սինեֆիլ գեղարվեստական ղեկավար Կարլո Շատրիանի համար: Հաջորդ տարվանից հավանաբար փոխվելու է մրցույթը կազմող հանձնախումբը, և գուցե որոշ այլ փառատոնների օրինակով առաջնային տեղ կտրվի ոչ թե նորարարականությանը, այլ հրավիրվող աստղերի համբավին ու դրանից գոյանող աղմուկին:
