Խոսում են կանայք

«Սաբայա» կինոթատրոնը, Օրիթ Ֆոուքս Ռոթեմ, 2021

Թել Ավիվցի ռեժիսոր Ռոնան վիդեովավերագրության դասեր է անցկացնում արաբ և հրեա կանանց համար: Մասնակիցներից յուրաքանչյուրը  ստանում է թվային տեսախցիկ և տարբեր հանձնարարություններ` նկարելու իր տունը, հարազատներին, անձնական տարածքը: Ժամանակի ընթացքում Ռոնան այնքան է խորասուզվում ուսանողների կյանքի մեջ, որ որոշում է նրանց վիդեո-պատմություններից ֆիլմ-խճանկար ստեղծել: 

Այն, ինչ տեսնում ենք էկրանին, ասես իրականում տեղի ունեցած դասընթացների ռեենակտմենթը` վերարտադրումը լինի: Տպավորություն է ստեղծվում, թե բոլոր գործող անձինք իրենք իրենց դերերն են կատարում: Զուգահեռներ են առաջանում իրանական դոքուֆիքշնի հետ, (առաջին հերթին` Մոխսեն Մախմալբաֆի «Սալյամ սինեմա» կամեռային կեղծ ֆիլմ-քասթինգի): Սակայն իրականում «Սաբայա կինոթատրոնը» մի փոքր այլ կառուցվածք ունի: Ֆիլմի ռեժիսոր Օրիթ Ֆոուքս Ռոթեմը մինչ նկարահանումները բավականին երկար ժամանակ նման խմբակներ է վարել: Դրանց շրջանակներում տեղի ունեցած զրույցներն էլ, երբեմն ձևափոխված, ընկած են «Սաբայա կինոթատրոնի» հիմքում: Կադրում դերասաններ են, որոնց խոստովանանքները հենվում են և’ հորինվածքի, և’ իրենց կյանքի փորձի վրա. վավերագրությունը ներկարվում է մտացածինի մեջ:

Ֆոուքս Ռոթեմը գրեթե հավասարաչափ ուշադրություն է տրամադրում բոլոր կերպարներին, ինչը մեծ նվաճում է նմանատիպ անսամբլային ֆիլմի համար: Կանայք տարբեր են, երբեմն անգամ հակապատկերային` հուդայականություն կամ իսլամ դավանող, ավանդապաշտ ու ազատամիտ, բայց միևնույն է, կարող են իրենց փորձառություններում հատման կետեր գտնել: Նրանց հանդիպումները բավականին արագ անցնում են տեխնիկական դասընթացների սահմանները: Կանայք խոսում են իրենց կյանքից ու երազանքներից, բացահայտում  միմյանց ներաշխարհը, հիմնում են վստահալից հարաբերություններ. սովորական լսարանը վերածվում է կոլեկտիվ հոգեթերապիայի տարածքի:

Կարծրատիպերը կոտրվում են, ու ինչ-որ մի պահ միամիտ հույս է առաջանում, որ անկեղծությունը, փոխըմբռնումը  և իրար ընդունելու միտումը, կռիվների ու պատերազմների հասցնող կույր ատելությունից ավելի ուժեղ կգտնվեն:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started