Աբասթումանի առեղծվածի մասին

«Կախարդական լեռ», Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ, 2023

Վրաստանում աշխատող ռեժիսորների տանդեմի` Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռ» ֆիլմը պոետիկ և քաղաքական կինոյի տպավորիչ նմուշ է: Սա ծայրահեղ անձնական պատմություն է` կապված ռեժիսորներից մեկի տրավմատիկ փորձառության հետ: Տարիներ առաջ Մարիամ Չաչիայի մոտ տուբերկուլոզ էին ախտորոշել. մեծ հավանականություն կար, որ նրան կտեղափոխեն Աբասթումանի` Վրաստանի հեռավոր սարերում մեկուսացված հիվանդանոց: Մարիամը, բարեբախտաբար, առանց դրա էլ ապաքինվեց, բայց հիվանդանոցի ուրվականը սկսեց հետապնդել նրան մղձավանջներում: Տարիներ անց նա իր մեջ ուժ է գտնում և համառեժիսոր Նիք Վոյթի հետ մեկնում Աբասթումանի, որպեսզի հաղթահարի իր վախերը:

«Երբ Նիքին պատմեցի նրա մասին, որ տուբերկուլոզ եմ ունեցել, և թե ինչպես է դա ազդել իմ կյանքի վրա, նա ուղղակի ապշել էր, որ ստիպված էի թաքցնել հիվանդությունս, և որ դա մինչ օրս տաբու թեմա է Վրաստանում,- անկեղծանում է Չաչիան: — Մենք հասկացանք, որ պետք է այս փորձառությունից ֆիլմ ստեղծենք ու միգուցե ուրիշներին քաջալերենք դրա մասին խոսելու: Ֆիլմի գաղափարն ի սկզբանե եղել է ստիգման խնդրականացնելը և այս գաղտնիության շղարշը պատռելը»:

Էկրանին հայտնվելու առաջին իսկ րոպեներից (անգամ եթե չգիտես վայրի հետագա ճակատագրի մասին) Աբասթումանին ուրվական-շենքի կամ հասարակությունից մեկուսացված մարդկանց համար քավարանի տպավորություն է թողնում: Մյուս կողմից՝ հիվանդանոցային մթնոլորտը` ռուսախոս բժիշկները, ճռռացող հատակն ու դռները, շատ լավ ծանոթ է բոլորին. հետխորհրդային երկրներում համընդհանուր գիտակցության մաս է: «Նման հաստատությունում, որտեղ պացիենտների մեծ մասը նախկին դատապարտյալներ են, գործում է բանտային հիերարխիայի համակարգ, ընդհուպ մինչև «հիվանդանոցի նայող», ինչը բնականաբար անվտանգ միջավայր չի ստեղծում ո՛չ բուժաշխատողների, ո՛չ էլ այլ պացիենտների համար»: Չնայած բոլոր այս խոչընդոտներին` ռեժիսորներին հաջողվում է վաստակել մարդկանց վստահությունը և ցույց տալ նրանց կյանքի բնականոն ընթացքը: «Շատ բարդ է դիտարկող վավերագրական ֆիլմ ստեղծելը, քանի որ դու փաստացի խնդրում ես հերոսներիդ մերկանալ` ոչ ֆիզիկապես, մեկ այլ իմաստով, — բացատրում է Վոյթը: — Եվ դա անելու թերևս ամենալավ տարբերակը ռեժիսորի կինոխցիկի առջև հայտնվելն ու իր խնդիրների մասին խոսելն է, ինչը և արեց Մարիամը»: 

Սյուժեն անհավանական զարգացում  է ստանում: Հանկարծ ինքնահոգեթերապիայի փորձը վերածվում է կոլեկտիվ հիշողության մասին ֆիլմի, իսկ հետո` սուր քաղաքական երանգներ ստանում. անձնականն իրապես քաղաքական է: «Այս նախագիծը շատ երկար ճանապարհ է անցել` 5 տարվա նկարահանումներ և 4 տարվա մոնտաժ, և այդ ընթացքում փոխվել է ամեն ինչ` թե՛ պատմությունը, թե՛ մթնոլորտը, թե՛ մարդիկ, — մանրամասնում է Վոյթը: — Ժամանակի ընթացքում նոր նարատիվներ սկսեցին բացահայտվել. շենքը վերածվեց Վրաստանի վերջին հարյուր տարվա պատմության խորհրդանշի` հիմնված Ռոմանովների, ձևափոխված Խորհրդային Միության ժամանակ և այսօր մեր օրերում օլիգարխների կողմից յուրացված»: Բոլորն այնքան ջանք են գործադրել, որպեսզի այս տարածքն իրենցը դարձնեն` «համառորեն» վերացնելով պատմական ժառանգությունը, անցյալից մնացած հիշողությունը: Ասես Աբասթումանիի կախարդական հմայքը կուրացնում է իշխանություն ունեցողներին:

«Երբ սկսեցինք նկարահանումները, ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել այն, ինչ պատահեց հիվանդանոցի հետ վերջում, — ցավով արձանագրում են ռեժիսորները: — Տարբեր խոսակցություններ էին պտտվում` հիմնականում նրա մասին, որ հիվանդանոցը վաճառվել է և հյուրանոցի է վերածվելու: Բայց այն, ինչ արեցին այդ անչափ գեղեցիկ պատմամշակութային կոթողի հետ, մեծ ցնցում էր բոլորի համար»:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started