Ամայի հողերի մենությունը

«Շրջմոլիկը», Սիմաո Կայատե, 2022

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում երկու հազար տասականների սկզբին` ֆինանսական ճգնաժամի տարիներին: Տասներեք տարեկան Անդրեն ապրում է Պորտուգալիայի Ալենժու շրջանում: Հասակակիցների հետ շփվելու փոխարեն` օգնում է հորը ջրհորներ փորելու գործում: Մի օր հայրն անհետանում է, տղային միայնակ թողնելով: Փորձելով գտնել նրան Անդրեն, ստիպված դիմում է Սանդրային` գրեթե անծանոթ հարևանուհուն: Թվում է, թե ֆիլմը վերածվելու է որոնողական ռոուդ մուվիի` Ուլթեր Սալեսի «Կենտրոնական կայարանի» մոտիվներով: Բայց Սիմաո Կայատեի «Շրջմոլիկը» այդ ճանապարհով չի գնում. ոչ մի մոգական ռեալիզմ, միայն տխուր, տաղտկալի իրականություն:

Մի պահ տղայի սյուժետային գիծն անգամ դադար է առնում, որպեսզի ֆիլմը սևեռվի կնոջ վրա: Քայլ առ քայլ մենք բացահայտում ենք նրա պատմությունը: Անպատասխանատու վարքի պատճառով նա զրկվում է իր աղջկա նկատմամբ խնամակալության իրավունքից, կորցնում աշխատանքը: Հասարակությունը` օգնության ձեռք մեկնելու փոխարեն, միայն դատապարտում, հրապարակային զրպարտանքի է ենթարկում. մայրերը սխալվելու իրավունք չունեն: Եվ հանկարծ պարզվում է, որ տղայի և կնոջ միջև որոշակի ընդհանրություն կա. երկու մոլորված ոգի` որդի, որին լքում է հայրը, և մայր, որը զրկվում է դստերից: Գուցե այս երկուսը հենց միմյանց կարիքն ունեին:

«Քառակուսի» պատկերը և բազմաթիվ խոշոր պլանները միտված են ընդգծելու  կերպարների ժեստերի ու դեմքերի արտահայտչականությունը: Այսպես ֆիլմում կենտրոնական տեղ են զբաղեցնում դերասանական կատարումները:Սիմաո Կայատեն ինքն էլ դերասանական անցյալ ունի.  էկրանին դեռևս մանուկ հասակում հայտնվելուց ի վեր նա  աշխատել է բազմաթիվ անվանի հեղինակների հետ: Ինչը հավանաբար օգնում է արդեն իր դերասանների հետ աշխատելու, համոզիչ կերպարներ կերտելու գործում: 

Ռեժիսորը ֆիլմը նվիրում է իր մանկության վայրերին: Տպավորիչ ու գեղեցիկ, բայց խստաշունչ տեղանք, որտեղ անգամ խմելու և ոռոգման ջրին հասանելիության խնդիր կա: Իր դատարկ, ամայի բնապատկերներով Ալենտեժուն դառնում է ֆիլմի երրորդ գլխավոր հերոս` լքված ինչպես Անդրեն և Սանդրան:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started